Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանիներին խոշտանգելու համար`1-3 տարի ազատազրկում. Նաիրա Զոհրաբյանի նախագիծն ընդունվեց

Սեպտեմբեր 03,2019 14:10

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկին` « ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»:

Փոփոխությունները վերաբերվում են կենդանիների խոշտանգումների դեպքում քրեական պատասխանատվությանը:

«Գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքով ընդամենը տուգանք է նախատեսված քաղաքացիների նկատմամբ նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև 100-ապատիկի չափով, ինչը բավարար չէ պոտենցիալ և գործող սադիստներին կանգնեցնելու համար: Նաև, որպես լրագրող, ուսումնասիրել եմ՝ արդյոք գործող ծիծաղելի տուգանքը պոտենցիալ կամ գործող սադիստներին կանխում է»,- նախագիծը ներկայացնելով ասաց Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ անընդունելի են սոցիալական ցանցերում օրեցօր հայտնվող տեսանյութերը, որոնք պատմում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:

Ուստի ԲՀԿ-ն առաջարկում է՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, սահմանել տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով 1-3 ամիս կամ ազատազրկմամբ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Կառավարությունն ավելի խստացնող տարբերակ է առաջարկել: «Կառավարության առաջաւկով նույն արարքի համար պատիժ է սահմանվում, եթե արարքը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից անչափահասի ներկայությամբ, հանրային ցուցադրմամբ, այդ թվում՝ համացանցի միջոցով: Այս դեպքում կենդանիների նկատմամբ նման վերաբերմունքը պատժվում է տուգանքով 300-500- ապատիկի չափով կամ ազատազրկմամբ 1-3 տարի ժամկետով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Իմ քայլը» ներկայացնող պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց`քանի՞ տարեկանից սկսած է նման վարքագծի համար պատիժ նախատեսվում: ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պատասխանեց` 16 տարին լրացած անձանց համար. «Կարծում եմ, որ հիմնականում մինչև 16 տարեկան երեխաներն են այդ հանցագործության սուբյեկտ լինելու: Դրանից բարձր տարիքի երեխաները չեմ կարծում, որ բռնեն կատու մաշկեն»: Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց գործընկերոջ հետ. «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ փորձել եմ մոնիթորինգ անել այս ամիսների ընթացքում: Կարող եմ այնքան ահասարսուռ դեպքեր պատմել. մոտ 1 ամիս առաջ 65 տարեկան, չեմ կարող դրան տարեց մարդ անվանել, մի անասուն, սովորական անասուն քացիներով սատկացնում էր փոքրիկ շանը: Սուբյեկտը չեն լինելու անչափահասները: Սուբյեկտը լինելու են բոլոր նրանք, ովքեր դաժան վերաբերմունք կդրսևորեն»:

Սերգեյ Ատոմյանին նաեւ հետաքրքրում էր` ինչպե՞ս պետք է տարանջատել խոշտանգումը. եթե իր հարևանը անասունին տանում է արածացնելու և ճիպոտով հարվածում է, արդյոք դա էլ է պետք է դիտվի որպես խոշտանգում: Գևորգ Պետրոսյանը արձագանքեց. «Եկեք անասունի համար նման հետևություններ չանենք: Նա հո անասունին չենք ասելու` խնդրում եմ համեցի արածելու, բայց այստեղ նպատակն է կարևոր, որ ոչ թե ճիպոտում է խփելու համար, այլ՝ կեր տալու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30