Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Բալայան. «Այսօր ծախսվող գումարը համահունչ է այդ բոլոր ծախսերի հետ, որոնք նախկինում կատարվել են». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 03,2019 12:33

Արդեն մի քանի ամիս է՝ Պաշտպանության նախարարության զորամասերում գործում է սննդի մատակարարման նոր կարգ։ Սրանով սննդի մատակարարումը նախարարությունից աստիճանաբար անցնում է մասնավորին։ Ծրագիրն իրականացվում է ե՛ւ ՀՀ ՊՆ, ե՛ւ Արցախի ՊԲ զորամասերում։ Նշենք նաեւ, որ ծառայությանը իրականացվում է 6 տարբեր ընկերությունների կողմից։

Թեմայի վերաբերյալ երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ուրախ եմ տեղեկացնել, որ ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի։ Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների։ Գործընթացը շարունակվելու է հետեւողականորեն եւ մինչեւ վերջ»։

Նշենք, որ մոտ 1 ամիս առաջ էլ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետին լուսանկար էր ուղարկել։ Լուսանկարում զինվորները շնորհակալություն էին հայտնել ափսեի վրա «Մերսի» բառը գրելով։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ սննդի մատակարարման նոր կարգի ներդրման համար էական ավելացումներ՝ գումարային առումով, չեն եղել։

– Պարոն Բալայան, վարչապետը գրել էր, որ ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասել է 15-ի։ Ե՞րբ կհաջողվի համակարգն ամբողջությամբ ներդնել բոլոր զորամասերում։

– Մինչեւ 2020 թվականի վերջն է նախատեսված ավարտել։

– Մասնավոր ընկերությունների միջոցով սննդի կազմակերպումն իրականացնելը գնային առումով ավելի թա՞նկ է, քան երբ այն ՊՆ-ն էր իրականացնում։

– Չեմ կարող ասել, որ ավելի թանկ է, որովհետեւ կային ծախսեր, որոնք հաշվարկվում էին, կային ծախսեր, որոնք հնարավոր չէր ճշգրիտ հաշվարկել, օրինակ՝ ամորտիզացիոն ծախսերը եւ այլն։ Սնունդը պատրաստող աշխատակազմին պահելու վրա նույնպես մենք մեծ գումար էինք ծախսում, տրանսպորտային ծախսեր էինք իրականացնում եւ այլն։ Դրանք ընդհանուր զորամասի ծախսերի մեջ էր մտնում։ Հիմա կարող եմ ասել, որ այսօր ծախսվող գումարը համահունչ է այդ բոլոր ծախսերի հետ, որոնք նախկինում կատարվել են։ Էական ավելացումներ, որպես այդպիսին, տեղի չեն ունեցել։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30