Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր սեպտեմբերի երեքը. «Եվրասիական վթարից» վեց տարի անց

Սեպտեմբեր 03,2019 22:00

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության եւ ձեռք բերված պայմանավորվածությունների համար», ահա այս խոսքերով 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ավարտեց իր ելույթը Մոսկվայում հրատապ եւ հանկարծակի այցով գտնվող Սերժ Սարգսյանը, երբ արդեն անուղղելին տեղի էր ունեցել. Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրից, որը երեք եւ կես տարի բանակցվել էր եւ պատրաստ էր նախաստորագրման, եւ հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ անդամակցելու Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը։

Իսկ տեղի էր ունեցել այն, որ Հայաստանին պարտադրվել էր անդամակցություն մի այդպես էլ չձեւավորված, իմաստի, նպատակների եւ հեռանկարների առումով խնդրահարույց, կենտրոնաձիգ կազմակերպությունում՝ այսպես կոչված Եվրասիական, այսպես կոչված տնտեսական, այսպես կոչված միությունում։ Հայաստանը բերման էր ենթարկվել, Հայաստանը թրաֆիքինգի էր ենթարկվել այդ միության մեջ։ Ոչ ո՜չ, ոչ ոք Սերժ Սարգսյանի թեւերից չէր բռնել եւ քնաբեր չէր ներարկել, ամիսներով Մոսկվայում «բուժվելու նպատակով» պատանդ չէր պահել, ինչպես վարվեցին Չեխոսլովակիայի կոմկուսի ղեկավար Ալեքսանդր Դուբչեկի հետ 1968-ին՝ այդ երկիր տանկերով ներխուժելուց առաջ, այլ պարզապես եւ «ընդամենը» Սերժ Սարգսյանին «արվեց մի առաջարկություն, որից հրաժարվելն անհնարին էր»։ Այդ իմաստով, իրոք, Սերժ Սարգսյանը պետք է շնորհակալ լիներ թե՛ «ջերմ ընդունելության», թե՛ «ձեռք բերված պայմանավորվածությունների» համար, անտեղի չէր լինի նաեւ «ողջ-առողջ տուն հասնելու» համար շնորհակալություն հայտնելը։ Իհարկե, դա նաեւ այն նույն առաջարկությունը չէր, որն անում էր Մարիո Պյուզոյի հայտնի ստեղծագործության հակահերոսը, ճշգրտելով, որ «այս թղթի տակ կլինի կա՛մ քո ստորագրությունը, կա՛մ քո ուղեղը», բայց, ըստ էության, առաջարկությունը նույն բնույթի էր. կա՛մ այստեղ կլինի քո ստորագրությունը, կա՛մ դուք խնդիր կունենաք Արցախում, էներգետիկայի ոլորտում, ձեր արտագնա աշխատողների հետ, դուք կունենաք հեղափոխություն երկրի ներսում՝ ձեզ համար անկանխատեսելի եւ հաստատապես անցանկալի հետեւանքներով, եւ ատրճանակ էլ չէին պահել Հայաստանը ներկայացնողի քունքին, այլ «այդ պահի դրությամբ ձեւավորվել էին հանգամանքներ», որոնք հայկական կողմի դիրքորոշումը դարձնում էին թերեւս կանխորոշված։

Ինչո՞ւ է կարեւոր այսօր կրկին խոսել այդ «հանգամանքների» մասին, որոնց պատանդը դարձավ Հայաստանը եւ որոնք հանգեցրին այդ «եվրասիական վթարին»։

Անդրադարձի գլխավոր պատճառն, իհարկե, այն է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, որքան էլ շրջադարձային է մեր երկրի պատմության մեջ, այնուամենայնիվ, վեց տարի առաջ տեղի ունեցածի կողմերից մյուսը մնում է նույնը՝ իր էությամբ, իր որակներով, իր շարժառիթներով, աշխարհին իր «ինքնատիպ» հայացքով եւ, ամենակարեւորը՝ իր քաղաքական ռազմավարությամբ, որի շրջանակներում հաստատապես հայկական թավշյա հեղափոխությունը չէր տեղավորվում, չի տեղավորվում եւ չի տեղավորվելու։ Իշխանության եկածներն ամենեւին էլ նրանք չեն, ումով ռուսները սպառնում էին Սերժ Սարգսյանին, որոնք հավաքվել էին հրապարակում եւ ձեռքի մեկ շարժումով գնացին իրենց տներով, երբ Հովիկ Աբրահամյանը կարգվեց վարչապետ։ Եւ վեց տարի անց պատժամիջոցներից կքած Ռուսաստանն էլ վեց տարի առաջվա ինքնավստահությունը չունի։

Այո, մենք փոխում ենք մեր ներքին քաղաքականությունը, դիվերսիֆիկացնում մեր արտաքին քաղաքականությունը, քանզի դա՛ է պահանջում մեր ազգային շահը, բայց ո՞վ է ասել, որ Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության հայկական ուղղությունը չի դիվերսիֆիկացնում, չի ադապտացնում նոր իրողություններին, ավելին, ադապտացնելով՝ չի պահպանում ռազմավարական նպատակները։ Այդ դո՛ւք չեք «Ռուսաստանի իսկական բարեկամները», այլ՝ Քոչարյանը. Պուտինն ուղիղ տեքստով է ասում։ Այնտեղի համար դուք մնում եք եւ մնալու եք «անհասկանալի սորոսական ջահելներ», որոնց իշխանությունը «ժամանակավոր է», մինչեւ կգան «լուրջ տղաները» եւ կզբաղվեն «լուրջ գործերով»։ Ուղղակի հետեւեք, թե ինչի մասին են խոսում, ինչ նառատիվներ են փորձում սինխրոնիզացված շրջանառության մեջ դնել ադրբեջանական, ռուսական եւ տեղական «մտահոգ» ԶԼՄ-ները եւ նրանց հիմնական «հյուրերը»։

Իսկ հիմա ամենավտանգավորն ինքնախաբեությունն է, գոնե մեր իսկ գնահատականներում, մենք կկորցնենք ինքներս մեզ, մեր կողմնորոշիչները: Քաղաքական իրատեսությունը սկսվում է իրերի իրատեսական գնահատականից, կամ ախտորոշումից, ինչը սկզբունքորեն բացառում է ինքնախաբեությունը։ Այսօր Հայաստանի իշխանության ցանկացած քայլ, որն ուղղված է երկրի ինքնիշխանության ամրապնդմանը, Հայաստանի ինքնուրույնության բարձրացմանը՝ բախվում է կատաղի դիմադրության, վերածվում հիբրիդային պատերազմի մի նոր ռազմաճակատի, դառնում, ասենք, ՌԴ դեսպանի «մտահոգության» առարկա, չհաշված ներսի հրապարակային հիստերիկ վակխանալիան եւ ֆեյք-նյուզերի հեղեղը։

«Ինչո՞ւ ենք մենք այդքան կարեւորություն տալիս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Որովհետեւ մենք միշտ համարել ենք Ռուսաստանին մի ուժ, որ եվրոպական արժեքները ներդրել է մեր տարածաշրջանում։ Այս փաստը շատ կարեւոր է։ Մենք որեւէ հետամնաց երկրի միջամտությունը չենք հայցել, այլ Ռուսաստանինը: Մենք հրավիրել ենք Ռուսաստանին, որովհետեւ այն եղել է եվրոպական ամենից զարգացած երկրներից մեկը։ Ի՞նչ է արել Պետրոս Մեծը։ Ինչո՞ւ էր նա երիտասարդներին ուղարկում Եվրոպա կրթություն ստանալու։ Ինչո՞ւ էր նա որդեգրել եվրոպական արժեքները։ Ինչո՞ւ նա երիտասարդներ չուղարկեց այլ տեղեր։ Ի՞նչ են նշանակում եվրոպական արժեքները եւ ռուսական արժեքները։ Այսօրվա Ռուսաստանը Պետրոս Մեծի Ռուսաստանն է, նրա արժեքների կրողն է՝ այո՞, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որեւէ հակասություն չկա Ռուսաստանի եւ արեւմտյան արժեքների մեջ…», – հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Nouvelle d՚Armenie-ին տված կիրակնօրյա հարցազրույցում։

Սա, եթե դիտարկենք որպես քաղաքական կոմպլիմենտ ժամանակակից Ռուսաստանին, ապա նորմալ է, եւ Հայաստանի վարչապետն այդ իմաստով միակը չէ, որ նման չվաստակած կոմպլիմենտներ է անում պուտինյան Ռուսաստանին, երբ դա տեղավորվում է ինչ-ինչ ընթացիկ քաղաքական հաշվարկների մեջ։ Նույն բանն անում են շատ ու շատ այլ երկրների ղեկավարներ եւ դիվանագետներ։ Սակայն, ողբերգություն կլինի, եթե սա մենք ընդունենք որպես բացարձակ ճշմարտություն եւ ռազմավարական հաշվարկների կառուցման հիմք։ Երկար պատմություն կստացվի այս ամենի հակափաստարկները շարադրելը, սակայն, այնուամենայնիվ, երկու հանգամանք անհրաժեշտ է նշել։

Նախ, այսօրվա Ռուսաստանը, եթե կապ ունի իր անցյալի հետ, ապա դա հաստատապես Պետրոս Մեծի Ռուսաստանը չէ, այլ ավելի շատ Նիկոլայ Առաջինի, որին կոչում էին Եվրոպայի ժանդարմ, իսկ դեկաբրիստների զանգվածային էկզեկուցիայից հետո եւ հաստատված ռեպրեսիվ կարգերի պատճառով նաեւ՝ Նիկոլայ Պալկին։ Պուտինը որեւէ պարագայում այն ղեկավարը չէ, որը կարող է թեկուզ հեռավոր զուգահեռներ ունենալ Պետրոս Առաջինի հետ, որքան էլ  դա հաճելի կամ ցանկալի կլիներ պարոն Պուտինի համար։ Որովհետեւ նա ոչ թե բացում, այլ փակում է ոչ միայն բաց պատուհանները դեպի Եվրոպա, այլ նույնիսկ անցքերը եւ ճեղքերը, նաեւ հավակնում է դրանք փակելու՝ իր պատկերացրած «ռուսսկի միռ»-ի տիրույթում գտնվող բոլոր երկրների համար։ Եւ հետո, այն ինչ արեց Պետրոս արքան, դա կապ չուներ եվրոպական արժեքների հետ, այլ նա լուծում էր երկրի արդիականացման խնդիրը։ Նույնն անում էր Օսմանյան կայսրությունը, եւ դա եւս կապ չուներ եվրոպական արժեքների հետ։

Եւ երկրորդը, Եվրոպայում շատ բան է տեղի ունեցել, եւ այդ ամենը չէ, որ որեւէ կապ է ունեցել եվրոպական արժեքների հետ, եթե դրա տակ հասկանում ենք Ռեֆորմացիայից սերված լիբերալիզմը եւ ազատության իդեալները, ավելին, շատ բաներ Եվրոպայում մարտահրավեր էին եւ էկզիստենցիալ սպառնալիք Եվրոպային եւ եվրոպական արժեքներին, եւ ի շարս դրանց՝ 80 տարի առաջ սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Իսկ 2013թ սեպտեմբերին Երեւանում այսօրվա Ռուսաստանի մշակույթի նախարար Մեդինսկին անկեղծանում եւ ասում է, ոչ ավել, ոչ պակաս, որ «Եվրոպական արժեքների հասկացությունը՝ եվրաատլանտյան պրոպագանդայի ինտելեկտուալների գրգռված մտքի արգասիքն է, դրանք գոյություն չունեն»։ Իհարկե, եվրոպական արժեքներն իրենց տեղում են, պարոն Մեդինսկին էլ շարունակում է մնալ իր երկրի մշակույթի նախարարի տեղում, եւ այդ երկու կատեգորիաները չեն կարող գոյակցել նույն հարթության վրա։ Իսկ ինչ վերաբերվում է հետամնաց լինելուն կամ չլինելուն… ապա դուրս եկեք Մոսկվայից կամ Պետերբուրգից 5060 կիլոմետր եւ կստանաք բոլոր հարցերի բոլոր պատասխանները։

Մնացյալը թողնենք պատմաբաններին, եւ դառնալով մեր իրողություններին, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ շաբաթն ուրբաթից կարող է շուտ գալ, եւ իրադարձությունները կարող են մեզ ստիպել կարճաժամկետ հեռանկարում դրամատիկ որոշումներ ընդունել՝ հարափոփոխ աշխարհում մեր տեղն ամրապնդելու, մեր պետական շահը պաշտպանելու, մեր գոյաբանական խնդիրը լուծելու համար, եւ, պարզ ասած, դա չի ենթադրում նույն ճանապարհը պուտինյան Ռուսաստանի հետ։ Արդյոք պատրա՞ստ ենք մենք նման զարգացումների։ Մեղմ ասած, թվում է, որ ոչ այնքան։ Իսկ պատրաստվել պետք է հենց այսօր։ Վեց տարի առաջ տեղի ունեցած «վթարը» հենց դրա մասին էր։

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը, Մոսկվա, 03․09․2013

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30