Լրահոս
Օրվա լրահոսը

Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադիր. Ասում էին՝ ինչի՞դ է պետք այդ կենտրոնը, անգամ ասել են՝ փակիր կենտրոնդ, ո՞վ է ասել, որ բոլորը լավ կրթություն պետք է ստանան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 03,2019 11:13

Հարցազրույց Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադիր, նկարիչ Մարիամ Մուղդուսյանի հետ

– Մարիամ, 5 տարի է արդեն, որ Մուղդուսյան արվեստի կենտրոնը գործում է, եւ 5 տարի շարունակ կենտրոնի համար հույժ կարեւոր ու դեռ անլուծելի խնդիր է մնում տարածքի հարցը, որի պատճառով մի քանի անգամ, այդ թվում՝ հիմա, կանգնել եք փակվելու վտանգի առաջ։ Այս ընթացքում ո՞ւմ եք դիմել եւ ի՞նչ պատասխաններ եք ստացել։

– 5 տարի է՝ կենտրոնն իրականացնում է կարեւոր մի առաքելություն, որն ընկած է ընդհանրապես ցանկացած ժողովրդավար երկրի հիմքում. ստեղծել հավասար կրթության հնարավորություն բոլորի համար։ Այդ ընթացքում տարածքը մեզ համար եղել է ծայրահեղ կարեւորության խնդիր։ Կենտրոնի հիմնադրման առաջին 2 տարում մտածում էի, որ պետք է նախ աշխատել, հասկանալ. որպես անհատ՝ կարո՞ղ եմ ստանձնել պատասխանատվության այս բեռը եւ հանրային գործունեություն իրականացնել։ 2 տարի անց ես արդեն համոզված էի իմ որոշման մեջ եւ սկսեցի օգնություն խնդրել առաջին հերթին պետական մարմիններից։ Ընդ որում՝ օգնության ակնկալիքը չի եղել միայն նյութական, ասում էինք՝ ձեր ներկայությունը, մասնակցությունը, խրախուսանքը նույնպես կարեւոր են՝ ցույց տալու համար պետություն եւ քաղաքացիական հասարակություն համագործակցությունը։

Անցած տարիների ընթացքում մենք մշտապես դիմել ենք՝ մեզ 1, առավելագույնը 2 տարով անհատույց 2 սենյակ տրամադրելու հարցով։ Դիմել ենք թե՛ հանրապետականների, թե՛ արդեն նոր իշխանությունների օրոք։ Վարձակալել տարածք, որ 210-250 հազարի սահմանում է, եւ այդպես պահել 5 տարի՝ միջին քաղաքացու համար դա ծայրահեղ ծանր բեռ է։

Նախկին իշխանություններից ստացել եմ շատ կտրուկ, մերժողական պատասխաններ, երբ ասում էին՝ ինչի՞դ է պետք այդ կենտրոնը, անգամ ասել են՝ փակիր կենտրոնդ, ո՞վ է ասել, որ բոլորը լավ կրթություն պետք է ստանան։ Բայց մեր կենտրոնը զբաղվածության կամ խնամքի կենտրոն չէ, այլ հարթակ, որտեղից հետո պատանին կարող է ընդունվել միանգամից արվեստի բուհ, մենք ունենք օրինակներ, ուսանողներ, ովքեր այսօր սովորում են բուհում՝ կենտրոնում ստացած կրթության շնորհիվ։ Ունենք նաեւ օրինակներ, երբ երեխան բուհ չի ընդունվել, բայց իր ձեռք բերած հմտությունների շնորհիվ կարողացել է նաեւ աշխատանք գտնել, ձեռներեցության քայլեր անել, 2-3 կին արդեն իրենց սեփական փոքրիկ բիզնեսն են հիմնել, որը լուծել է իրենց զբաղվածության հարցը։

Ամենակարեւորը, որ կարողացել ենք անել ու անում ենք, դա ներառական միջավայրի ներդրումն է, որտեղ ներառականությունը ոչ թե բառ է կամ դրամաշնորհային գաղափար, այլ իրապես աշխատող, գործող մի մեթոդ է, որտեղ մենք բացառում ենք որեւէ տեսակի խտրականություն։ Իրականում այն, ինչ մենք անում ենք, պետք է անի պետությունը, այո, կան գեղարվեստի դպրոցներ, որտեղ նույնպես անվճար է կրթությունը, բայց երբ մենք խոսում ենք իրապես աղքատ ընտանիքների մասին, այստեղ խոսք է գնում նաեւ երեխաների ճանապարհածախսի մասին, ընդհուպ մինչեւ հագուստ, այսինքն՝ անվճար կրթությունը կարող է լինել միայն սառցաբեկորի 1/8-ը։ Ես եւ մեր թիմը, ինչքան թույլ են տվել մեր հնարավորությունները, արել ենք մաքսիմումը՝ 200-ից ավելի երեխայի տվել ենք անվճար կրթություն, որը վատ ցուցանիշ չէ։ Նախկին իշխանություններից մերժումների թիվը կորցրել եմ՝ 20-ից ավելի պաշտոնական եւ ոչ պաշտոնական մերժումներ։ Ավելի տխուր փորձ, քան նախկին քաղաքապետարանի հետ ունեցած մեր շփումն էր, դեռ չունենք։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30