Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սերիալներում առկա բռնության կանխարգելման ուղղությամբ. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Սեպտեմբեր 03,2019 10:03

 Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բազմիցս անդրադարձել է մեդիադաշտում առկա գենդերային խտրականությանն ու բռնությանը։ Ու թեև վերջին շրջանում կանանց նկատմամբ բռնության խնդիրը դարձել է հանրային դաշտում ամենաքննարկվողներից մեկը, այնուամենայնիվ ԶԼՄ-ներում շարունակվում են հայտնվել ակնհայտ խտրական և բռնության տեսարաններով լեցուն գովազդներ, սերիալներ և լուսանկարներ։

Հերթական օրինակը օրերս համացանցը ողողած «Արմենիա» հեռուստաալիքի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի լուսանկարն էր, որտեղ տղամարդը փորձում էր մկրատով կտրել կնոջ քիթը: Թեև բարձրացրած աղմուկից հետո հեռուստաընկերությունը ջնջել է տեսանյութը յութուբյան իր ալիքից, սակայն այդքանով խնդիրը լուծված համարել չի կարելի։ Բազմաթիվ սերիալներ շարունակում են վերարտադրել վտանգավոր կարծրատիպեր և բռնություն՝ այդպիսով հանրությանը հրամցնելով վարքային մոդելներ։

Առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստում են, որ մեդիայում և հատկապես սերիալներում արտացոլած կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունը անմիջականորեն ազդում են հանրային կյանքում բռնության օջախների բռնկման և դրանց քանակի, ինչպես նաև դաժանության աստիճանի վրա: Մասնավորապես, եվրոպական այն երկրներում, որտեղ վերահսկողություն կա մեդիայում արտացոլված բռնության տեսարանների վրա, նվազել է հասարակության շրջանում տեղի ունեցող բռնությունների քանակը: Եվ հակառակը՝ սերիալներում բռնության տեսարանների ավելացմանը զուգահեռ, ավելացել են նաև իրական բռնության դեպքերը: Դա մենք տեսնում ենք նաև հայաստանյան իրականության մեջ, երբ կնասպանության դեպքերը ավելանում են։

Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փաստաթղթերի կարևորագույն մասն է: «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է անկախության առաջին տարիներին՝ 1993 թվականին, լրջագույն ուշադրություն է դարձնում մեդիադաշտի վրա, ընդգծելով, որ այն մեծ ազդեցություն ունի հանրային գիտակցության վրա, և պետությունը պարտավոր է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել մեդիայում կարծրատիպերի և կանանց նկատմամբ բռնության արտացոլումները վերացնելու ուղղությամբ։

Եթե անդրադառնանք «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքին, ապա գենդերային անուղղակի խտրականության դրսևորման ձևերից է գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով։ Եվ նույն օրենքի 8-րդ հոդվածում հստակ սահմանված են գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, ըստ որի գենդերային հավասարության խախտմանն ուղղված տեղեկատվությունից, քարոզչությունից հասարակության պաշտպանությունը պետության պարտավորությունն է։

Ավելին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով ևս հստակ արգելում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող հաղորդումներ հեռարձակելու նպատակով։

Հաշվի առնելով վերոնշյալ խնդրի կարևորությունն ու ազդեցությունը հանրության գիտակցության վրա՝ պահանջում ենք․

– ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովից, որի անմիջական գործառույթն է նաև ռադիոյի և հեռուստատեսության տիրույթը, քննարկել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սերիալներում առկա բռնության կանխարգելման և ոլորտում անհրաժեշտ կարգավորումներ իրականացնելու ուղղությամբ,

– Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ իրականացնել հեռուստածրագրերի և հեռուստասերիալների մոնիթորինգ, որն իրականացնելու համար հանձնաժողովն ունի կոնկրետ բաժին, և հանրային հաշվետվություն ներկայացնել սերիալներում առկա գենդերային բռնության և դրա վերացմանն ուղղված գործուն քայլերի վերաբերյալ։

 

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30