Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան ընտրությունների առանձնահատկությունները

Սեպտեմբեր 03,2019 10:00

Եկող կիրակի օրը Արցախում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Հայաստանից այդ ընտրություններին հետեւելու է դիտորդների մեծաքանակ խումբ, որը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից: Այդ փաստը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել. քննադատության հիմնական թեզն այն է, որ Փաշինյանն Արցախ է ուղարկում «սորոսական» մի բրիգադ, որպեսզի ազդի ընտրությունների ելքի վրա: («Սորոսական» բառի իմաստն ինձ համար այդպես էլ մութ մնաց: Հավանաբար, դա մոտավորապես նույնն է, ինչին Ռուսաստանում անվանում են «հուդամասոններ»):

Նախ փաստենք, որ 1991 թվականից սկսած Արցախում կայացած տեղական եւ համապետական ընտրություններին հետեւել են բազմաթիվ դիտորդական առաքելություններ, եւ կարծես թե ԼՂՀ որեւէ իշխանություն, որեւէ քաղաքական կամ հասարակական գործիչ դրանից դժգոհություն չի հայտնել: Բացի այդ, արցախյան ընտրություններն ունեն որոշակի առանձնահատկություններ: Երբեւէ տեսե՞լ եք, որ Արցախում ընտրատեղամասերի կողքը պտտվեն մարդիկ, որոնց Հայաստանում ընդունված էր անվանել «իշխանության տասովշիկներ»՝ քրեական հեղինակություններ, գործարարներ, որոնք ուղղորդվում էին իշխանության շտաբներից: Այդ մարդիկ կաշառում էին, սպառնում էին, «կարուսելներ» էին սարքում, լցոնում էին, ուղղորդում եւ ուղեկցում էին կեղծ «կույրերին»: Որքան գիտեմ, Արցախում նման երեւույթներ չեն նկատվել: Հիմնական պատճառն այն է, որ երկիրը փոքր է, մարդիկ իրար ճանաչում են, եւ ոչ մեկի «երեսը չի բռնի» նման տգեղ ձեւով իրեն պահել:

Իհարկե, եթե խոսքը 2020 թվականի նախագահական եւ ԱԺ ընտրությունների մասին է, ապա ակնհայտ է՝ Հայաստանի կառավարությունն ուզում է, որ Արցախի իշխանությունը «չվերարտադրվի»: Բայց առայժմ պարզ չէ, թե ով է, օրինակ, այնտեղ հաջորդ նախագահի թեկնածուն, որին կսատարի Բակո Սահակյանը: Հստակ չէ նաեւ, թե ում են ուզում տեսնել այդ պաշտոնում Հայաստանի իշխանությունները: Այստեղ կարելի է շարժվել բացառման սկզբունքով՝ ՀՀ իշխանության թեկնածուները չեն Վիտալի Բալասանյանն ու, թերեւս, Սամվել Բաբայանը՝ գեներալները չափից դուրս ինքնուրույն են եւ անկանխատեսելի:

Սակայն այս ամենը, կրկնեմ, վերաբերում է հաջորդ տարի կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին. ՏԻՄ ընտրությունները, որպես կանոն, քաղաքականացված չեն ոչ Արցախում, ոչ Հայաստանում, ոչ էլ որեւէ այլ երկրում: Այնպես որ, այնքան էլ պարզ չէ, թե ինչ վնաս կարող են հասցնել «սորոսականները» արցախյան ՏԻՄ ընտրություններին: Գուցե խնդիրն այն է, որ Հայաստանում 2018 թվականից առաջ եղել են դեպքեր, երբ լրագրողները եւ հ/կ-ականները դուրս էին եկել իրենք իրավասությունների շրջանակներից եւ դրսեւորվել էին որպես ընտրությունների կողմ՝ ընդդիմադիր ակտիվիստներ: Եղել են կեղծ «լրագրողներ» եւ կեղծ «դիտորդներ»: Հուսանք, Արցախում նման բան չի լինելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30