Սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածու Գրիգորի Սահակյանն ուրախ է, որ ՀՀ կառավարության գումար է տրամադրել երկու հասարակական կազմակերպություններին` Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար, թեեւ ՀՀ կառավարության այդ որոշումը միանշանակ չի ընկալվել: Գրիգորի Սահակյանը հարցի քաղաքական շերտերի մեջ չի ցանկանում մտնել, ընտրական գործընթացներին էլ առաջին անգամ է մասնակցում, շատ նրբություններ այդքան էլ լավ չի պատկերացնում, բայց կարծում է, որ այդ դիտորդական առաքելության աշխատանքի արդյունքում բոլոր կասկածանքներին վերջ կդրվի:
Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է հինգ թեկնածու: Չորսը՝ Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը եւ Գրիգորի Սահակյանը, ինքնառաջադրվել են, Արայիկ Ավանեսյանին առաջադրել է «Ինքնություն և միասնություն» նորաստեղծ կուսակցությունը:
Ինքնաառաջադրված թեկնածու Գրիգորի Սահակյանը զինվորական է, գնդապետ: 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին Ասկերանի ուղղությամբ իրականացված մարտական գործողությունների ժամանակ նա աչքի է ընկել զինվորականի վարքագծով, ապա արժանացել է Մարտական խաչ 1-ին աստիճանի մեդալի: Թե ի՞նչն է պրոֆեսիոնալ զինվորականին ստիպել քաղաքականությամբ զբաղվել`ժամանակը ցույց կտա: Գրիգորի Սահակյանն առայժմ փակագծերը չի բացում: Միայն ասում է, որ իր անցումը զինվորականությունից քաղաքականություն կտրուկ չէ. Անցած տարիների ընթացքում ի պաշտոնե շատ լավ կապեր է ստեղծել հանրային տարբեր շրջանակների հետ: Չի նախապատրաստվել, ուղղակի այդպես է ստացվել, իսկ հիմա որոշել է կարողություններն այլ ասպարեզում փորձել: Հարցին`արդյոք իր նման լուրջ զինվորականները բանակում ավելի շատ անելիք չունեն, քան քաղաքականությունում, Գրիգորի Սահակյանը պատասխանեց`միգուցե, բայց հիմա այդպես է որոշել. «Ես բոլորից շատ եմ սիրում բանակը: Ես զինվորական եմ եւ կմնամ»:
Այս ընտրություններն ինչ-որ առումով թերեւս 2020-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախերգանքն են եւ ուշագրավ է, թե ո՞ր ուժերն են բացահայտ կամ ծածուկ սատարում թեկնածուներին: Ստեփանակերտի ընտրություններում Գրիգորի Սահակյանին սատարելու մասին հայտարարել են ՀՅԴ-ն եւ «Սասնա ծռերը»: Երկու ուժերի սատարումն էլ միանշանակ չի ընկալվում, նաեւ`տարակուսանքների տեղիք կարող է տալ: Թեկնածուն պարզաբանում է`ՀՅԴ-ականներն իրեն հրավիրել են` քննարկումներ են եղել, ինքն էլ նախապայման է դրել` համագործակցությունը բացառապես քաղաքային խնդիրների եւ քաղաքապետի ընտրությունների շրջանակում է լինելու: ՀՅԴ-ի հետ իր քաղաքական ապագան Գրիգորի Սահակյանը չի կապում: Իսկ «Սասնա ծռերի» մասով` մամուլից է իմացել, որ իրեն սատարելու հայտարարություն են տարածել: Իր օգնականն է տեղեկացրել: Հետո զանգահարել եւ հարցրել է` ինչո՞ւ: Պատասխանել են. «Մենք ձեզ ճանաչում ենք»: «Սասնա ծռերի» երևանյան գրասենյակի ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանին, Մխիթար Ավետիսյանին մարտի դաշտից է ծանոթ, այլ ընդհանուր մտերիմ մարդիկ էլ կան, որոնց հետ զուտ մարդկային եւ մտերիմ հարաբերություններ ունեն ե ինքը չի բացառում, որ այդ հանգամանքն էլ է նպաստել սատարման որոշման վրա: «Այդտեղ քաղաքական կոնտեքստ չկա»,- վստահեցնում է Գրիգորի Սահակյանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Ստեփանակերտյան կուլիսներում խոսակցություններ կան, որ իշխող ուժն էլ է ոչ բացահայտ սատարում Գրիգորի Սահակյանին: Նա նշանակություն չի տալիս կուլիսային խոսակցություններին: Կարծում է` կան էլի ուժեր, որոնք «սրտի խորքում» սատարում են իրեն, բայց գուցե հենց իրեն չխանգարելու համար չեն հայտարարում: Մի բան հաստատ գիտի` ինքն այն մարդը չէ, որի կողքին կանգնելով`քաղաքական ուժերի ներկայացուցիչները կամաչեն: Հետագա համագործակցության առնչությամբ էլ ասում է, որ պատրաստ է բոլոր ուժերի հետ համագործակցության`ի շահ քաղաքի զարգացման:
Մայրաքաղաքի միակ խնդիրը Գրիգորի Սահակյանը բնավ էլ ֆինանսական սուղ ռեսուրսների մեջ չի դիտարկում, այդ դրանց ճիշտ կառավարման: Կան նաեւ ոչ ծախսատար հարցեր, որոնք լուծված չեն ու որոնցով ածանցվում են բազում այլ խնդիրներ: Օրինակ, քաղաքի գլխավոր հատակագծի բացակայությունը: Մեծ խնդիր է նաեւ ընդհանուր կոյուղատար համակարգի բացակայությունը: «Եթե վախենաս, ոտքդ առաջ չպիտի դնես: Վախենալը ո՞րն է, պետք է գնաս եւ անես»,- ասաց Գրիգորի Սահակյանը` նաեւ հավելելով, որ առաջիկա քաղաքական զարգացումներն ամեն դեպքում, դանդաղեցնելու են քաղաքային խնդիրների լուծումը:
Ուշագրավ մի դիտարկում. բոլոր հինգ թեկնածուների ծրագրերում քաղաքի ամբողջական զարգացման ծրագիրը բացակայում է, հատվածական դրույթներ են: «Իրականում, բոլորն էլ ունեն քաղաքի զարգացման իրենց տեսլականները, պարզապես դրանք ամբողջապես ներկայացված չէն»,- վստահ է Գրիգորի Սահակյանը: Ինքն օրինակ ձեռնպահ է մնացել դա անել, քանի որ լավ գիտակցում է`քաղաքի հետագա զարգացման գործընթացներն ուղղակիորեն կապված են հետագա քաղաքական գործընթացների հետ`ովքեր կլինեն իշխանության եւ ինչպե՞ս կկարողանաս ծրագրերդ իրականացնել:
Չընտրվելու դեպքում, համենայնդեպս այս պահին, Գրիգորի Սահակյանն իրեն տեսնում է քաղաքական դաշտում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ