Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան․ Բալասանյանը Հայաստանի ժողովրդին է մեղադրում ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու մեջ․ «168 ժամ»

Սեպտեմբեր 02,2019 21:33

«168 ժամ» – Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով շատ վտանգավոր է համարում ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար: Արցախյան ընտրությունները կդիտարկեն երկու  հ/կ-ներ` «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (տրամադրվել է 17 մլն 480 հազար դրամ)։

«Դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Վիտալի Բալասանյանը:

Շարունակելով խնդրի քաղաքական ասպեկտը և անդրադառնալով այն կազմակերպություններին, որոնց տրամադրվել է գումարը` Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար, նա նշել է.  «Այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են: Դա դրսից ներդրված ծրագիր է: ՀՀ-ն` ի դեմս վարչապետի, որպեսզի այդ գումարներն այլ խողովակներով չներմուծվեն Արցախ, կառավարության միջոցով է դա անում: Կգա օրը, և կտեսնեք, որ այդ երկու կազմակերպությունները ներմուծվում են Արցախ: Այո, ժամանակին ես չեմ խոսել` հարգելով ՀՀ պետականությունը, հիմա ասում եմ` ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը, և՛ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են: Կոչ դատարանների դեմ. սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է եղել, որը առաջադրել են Ռոբերտ Քոչարյանին, այլ դա անմիջական սահմանադրական կարգի տապալում է եղել: Կգա ժամանակը, և բոլորը պատասխան կտան: ՀՀ պետականությունը հիմա կասկածի տակ է, ինչը փորձում են տեղափոխել Արցախի Հանրապետություն, բայց դա թույլ չի տրվելու, քանի որ յուրաքանչյուր անհատ Արցախում իր վրա տարել է պետականություն կերտելու ծանրությունը»:

Թեմայի առնչությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից: Մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ու ձևակերպումները, ըստ որոնց՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ արցախյան ընտրությունները երկու հասարակական կազմակերպությունների կողմից դիտարկելն «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»,  թե՝ «Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են» և «ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը, և՛ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական», Վլադիմիր Կարապետյանը գրավոր պատասխանեց.

«Նախ հայաստանյան կազմակերպությունների կողմից արցախյան ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու գաղափարը համաձայնեցված է Արցախի իշխանությունների հետ: Ցանկացած ժողովրդավարական պետություն ինքն է շահագրգիռ, որ իր մոտ տեղի ունեցող ընտրություններին հնարավորինս շատ դիտորդներ մասնակցեն, որովհետև դա մեծացնում է ոչ միայն ընտրությունների վստահելիությունը, այլև տվյալ երկրի միջազգային հեղինակությունը, և հույս ունենք, որ Արցախում կայանալիք ՏԻՄ և համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի իշխանությունները կհրավիրեն միջազգային դիտորդների:

Բացի դա, ՀՀ վարչապետը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովրդի առաջ պարտավորվել է լինել նրանց ազատ կամարտահայտման երաշխավորը, ինչը ցնծությամբ է ընդունվել հավաքի բազմահազար մասնակիցների կողմից: Եվ վերը նշված որոշումն այդ պարտավորության կատարմանն ուղղված քայլերից է:

Ինչ վերաբերում է նրան, որ Վիտալի Բալասանյանը վարչապետ Փաշինյանին մեղադրում է իշխանությունը բռնազավթելու մեջ, դա ըստ էության նշանակում է, որ Բալասանյանը Հայաստանի ժողովրդին է մեղադրում ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու մեջ, որովհետև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Իսկ ժողովրդին իշխանություն բռնազավթելու մեջ կարող է մեղադրել միայն կեղծիքների, սպանությունների, կոռուպցիայի միջոցով իշխանությունը նախկինում բռնազավթած և ներկայումս իր դատին սպասող մարգինալ խմբակի կողմից ոգեշնչված անձը»:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Վ․Բալասանյանի հոդվածը փաստում է, նախևառաջ, մեկ բան, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով։ Մի կողմ դնելով Վ․Բալասանյանի մարտական անցյալը, հոդվածում հնչեցված մտքերը վայել չեն քաղաքական գործչին թե իրենց ձևով, թե բովանդակությամբ։ Նման մտավարժանքների համար չեն դատում, սակայն մեր ազգային շահերի տեսանկյունից, հոդվածում հնչեցված փաստարկները, մեր երկրի առաջ ծառացած խնդիրների տեսանկյունից, պարզապես քաղաքական հանցագործություն է։ Որպես պարզ քաղաքացի ունեմ իմ տեսակետը մեր երկրի քաղաքական “բարքերի” վերաբերյալ։ Սա, որպես թեստ։ Եթե նախկին համակարգի ներքո անձը կայացել է, բոլոր առումներով, որպես քաղաքական գործիչ, ուրեմն նրա բարոյականությունը շատ մեծ կասկածի տակ է։ Հետաքրքիրն այն է, որ գոյամարտի տարիներին ի հայտ եկան յուրահատուկ ուղեղի տեր, ազնիվ նվիրյալներ, որոնք լինելով ազգի մարտնչող մտավորականներ, կարող էին ըստ արժանվույնս ներկայացնել մեր երկիրը և կանգնել նրա վերածննդի ակունքներում ևս՝ Մոնթե, Արթուր Մկրտչյան, Ազգալդյան, Բալայան։ Նրանք բոլորը զոհվեցին չբացահայտված պայմաններում։ Իսկ հիմա համեմատեք մեր նախագահների հետ, բացառությամբ Տեր-Պետրոսյանի, երկրորդ նախագահը նույնիսկ տառաճանաչ էլ չէր, հայերենը սկսեց սովորել լինելով արդեն Նախագահ, Սերժ Սարգսյանը, հույս ունեմ, տառերը ճանաչում էր։ Ինչպես ասում են՝ հեղափոխությունները իրականացնում են ֆանատները, իսկ պտուղները վայելում տականքները։ Փառք Աստուծո, որ գոնե այսքան տարի անց, հիշեցին և հետմահու հռչակեցին հերոս Ազգալդյանին և Բալայանին ։ Ժողովուրդը, առանց նրանց գնահատականի ճանաչում է իր հերոսներին։ Սերնդե-սերունդ, բերնե-բերան այդ մարդկանց անունները կփոխանցվեն։ Իսկ սրանց, կմնան իրենց գողոնը և մարդկանց պարսավանքը։ Վ․Բալասանյան, հեռացեք, քանի խայտառակ չեք եղել վերջնականապես։ Քաղաքականությունը, երևի, քաղցր բան է, սակայն խնայեք Ձեր մարտական անցյալը։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30