Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալին հակադրվելու քաղաքական նպատակի համար միայն Արցախի շուրջ չմտածված բան ասելը հեչ պարտադիր չէ․ Սամվել Ֆարմանյան

Սեպտեմբեր 02,2019 19:39

Հետաքրքիր, բայց և շատ խոսուն զուգադիպություն է. հայկական տոնացույցում Գիտելիքի և Արցախի անկախության օրերը հաջորդում են միմյանց։ Սեպտեմբերի 1-ին` երեկ, արձանագրում էինք, որ գիտելիքն է այն ամենահուսալի հենարանը, այն չհնացող զենքը, ինչն անհատներին ու ժողովուրդներին բերում է հաջողություն ու բարեկեցություն, ճանապարհ բացում դեպի զարգացում ու հաղթանակներ։ Այսօր արդեն՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության տոնին, բոլորս շնորհավորում ենք միմյանց նույն գիտակցությամբ ու նույն զգացմունքներով՝ Արցախով է գծված մեր ազգային արժանապատվության նոր սահմանը, մեր հազարավոր նահատակների արյան գնով Արցախն այսօր անկախ է, Արցախն այսօր հայկական է և վերահաստատում ենք մեր հավաքական վճռականությունը, որ ամեն ինչ անելու ենք, որ այն միշտ լինի ազատ ու անկախ, միշտ լինի անվտանգ, միշտ մնա հայկական, ու որ մենք մեր հաղթանակն այլևս երբեք ուրիշին չենք զիջելու։

Տոնացույցի նման դասավորությունը, երևի, անցյալից մեզ փոխանցված ամենահնչեղ խորհուրդն է՝ գիտելիքն է, որ հաղթանակի համար ճանապարհ է հարթում. սեպտեմբերի 1-ն է, որ սեպտեմբերի 2-ը հնարավոր է դարձնում։ Ու հակառակը՝ շրջանցում կամ ստվերում ես սեպտեմբերի 1-ը, սեպտեմբերի 2-ն ինքնաբերաբար դառնում է անհնար, դառնում է մշուշոտ։ Այս թեզը հիմնավորելու օրինակներ մեր պատմությունի՞ց։ Որքա՜ն կուզեք։ Միայն թե պետք է համարձակություն ունենանք մեր իսկ անցյալին նայելու բաց աչքերով ու սթափ հայացքով, նայելու հաստատուն վճռականությամբ, որ անցյալի ճշմարիտ իմացությունն ու ռացիոնալ, սթափ գնահատումը միայն մարդկային ազնվության ու գիտական անաչառության հարց չէ. այն նախևառաջ ներկայի, ապագայի ընտրության հարցում ճիշտ որոշումներ ու ընտրություն կատարելու հուսալի կողմնացույց է։ Պատմությունից դասեր չառնելը չէ միայն, որ ժողովուրդներին ստիպում է կրկնել, վերապրել նույն սխալները, երբեմն էլ ճակատագրական։ Պատմության ոչ սթափ, ոչ ռացիոնալ ընկալումն ու էմոցիանալ արժեվորումն էլ իր հերթին է ժողովուրդներին հաճախ նույնքան աղետալի արդյունքների առաջ կանգնեցնում։

Մեր ունեցած ու գալիք բոլոր հաղթանակների ու ձեռքբերումների արմատը փնտրե՛ք գիտելիքի, իմացության ու պրոֆեսիոնալիզմի մեջ։ Ձախողումների ու բացթողումների աղբյուրն էլ դրա բացակայության մեջ փնտրե՛ք։

Իսկապես։ Բա պատմության հրի ու սրի միջով անցնես, որպես ժողովուրդ գաս հասնես 21-րդ դար, քո Հայրենիքի թեկուզև մի փոքր հատվածում քո համահավաք գոյությունը պահած, քո անկախ պետականությունն ունենաս ու քո իսկ պատմությունից դասեր չառնե՞ս, քո իսկ պատմությունը սթափ չգնահատե՞ս։ Բա մեզ նման լուսե ժողովրդին ղեկավարելու, նրա առաջին ներկայացուցիչը լինելու պատմության բացառիկ քմահաճությունը շահես ու նրա զարկերակը կորցնե՞ս, չհասկանա՞ս, թե ինչն է անցողիկ ու ինչն է մնայուն։ Չհասկանա՞ս, որ անցյալին հակադրվելու քաղաքական նպատակի համար միայն Արցախի շուրջ չմտածված բան ասելը հեչ պարտադիր չէ։

Չեմ շարախնդում։ Չեմ ուրախանում։ Դա իմը չէ։ Հակառակը՝ հոգիս ալեկոծվում է, երբ տեսնում եմ այն «բառադիությունը», այն անխնամությունը, այն փնթիությունն ու իներցիայով շարունակվող ու խորացող այն անգրագիտությունը, որով մեր պետական կյանքն է այսօր վարվում, ու մարդ չգիտի, թե ինչպես կանգնեցնի էս կործանարար ընթացքը։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա անհավասարակշիռ գրառումը «Արցախի՝ Սովետական Ադրբեջանից անկախանալու» մասին ընդամենը մեկ հնչեղ կաթիլ էր, որ ինձ ստիպեց այս գրառումն անել։

Պատմությունը մեզ էլ ո՞նց հուշի՝ չկա՝ չի լինի սեպտեմբերի 2-ը, եթե չկա ու չլինի սեպտեմբերի 1-ը:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10218681283320329

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30