Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխայիս աղբարկղում դրեցի՝ մտածելով, որ մեկը կգա, կվերցնի»․ սպանության մեջ կասկածվող մայրն ասել է ոստիկաններին

Սեպտեմբեր 02,2019 18:21

Գյումրու Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում հայտնաբերված մեկ տարեկան աղջիկ երեխայի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 20-ամյա մայրը։

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել էր Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը, նա իր ցուցմունքում պատճառաբանել էր, թե նշված արարքը կատարել է սոցիալապես վատ վիճակում գտնվելով, չկարողանալով կերակրել երեխային։

Ի դեպ, նա երեխային ուշ երեկոյան նետել էր իր վարձով տան մոտակայքում գտնվող աղբարկղի մեջ, երբ հաջորդ օրն աղբատար մեքենաներն աղբը հավաքելով՝ տարել, լցրել են քաղաքային աղբանոց, որը գտնվում է Բուլվարային թաղամասում, այդտեղ են տեսել, որ երեխայի դի կա։

Մեզ հայտնի դարձավ, որ մայրը իրեն բերման ենթարկած ոստիկաններին ասել է․ «Ես չէի ուզում սպանել երեխայիս, դրեցի աղբարկղում՝ մտածելով, որ մարդիկ կգային, կտանեին, միջոց չունեի պահելու»։ Իրավապահների հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով կապեցիր, բերանը շորով փաթաթեցիր ու դրեցիր աղբարկղում, այն էլ այդքան ուշ ժամի, չէիր կարո՞ղ ցերեկով ինչ-որ մեկի տան դիմաց կամ թեկուզ մոտակա Ճերմակ հիվանդանոցի դիմաց դնել, որ տեսնեին, գային, վերցնեին, պատասխանել է, որ պահի տակ չի հասկացել՝ ինչ է արել։

Հարցաքննության կեսից էլ սկսել է ողբալ, թե «ո՞ւր է երեխաս, էս ի՞նչ է կատարվել, ես ո՞նց պիտի ապրեմ առանց աղջկաս»։

Նշանակված է դատահոգեբանական փորձաքննություն, որը և կպարզի՝ ինչ հոգեվիճակում է եղել։

Լիլիթ Գորգինյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի մորը ճանաչում է անչափահաս տարիքից․ նա երկկողմանի ծնողազուրկ էր, տատիկն է եղել է նրա խնամակալը։ Օգոստոսի 15-ին նա եկել է մարզպետարան ու հայտնել երեխային մանկատուն հանձնելու ցանկության մասին, որպես պատճառ նշել է իր սոցիալապես անապահով լինելը։

«Ասաց՝ ի վիճակի չեմ երեխային պահելու, չունեմ աշխատանք, չունեմ մասնագիտություն, չունեմ տուն, ոչնինչ չունեմ, չեմ կարող երեխայիս պահել։ Ասացի՝ մենք կօգնենք քեզ ու հարցրեցի՝ եթե սոցիալական կարիքներդ հոգանք, կպահե՞ս երեխային, ասաց՝ այո։ Ասացի երկու օր ժամանակ տուր, սոցիալական կարիքները կհոգանք։ Ասաց՝ լավ ու դուրս եկավ, երկրորդ օրը նորից զանգեց, թե գամ ձեր մոտ։ Ես իմ հեռախոսահամարը թողել էի, որ ինչ խնդիր ունենար, զանգեր։

Հաջորդ օրը եկավ ու ասաց՝ գիտեք, ուրիշ խնդիրներ էլ կան, մենակ սոցիալականը չէ, հարցրեցինք՝ ի՞նչ խնդիր, ասաց՝ երեխայի հոր խնդիրներ կան։ Ես էլ ասացի, կզրուցենք երեխայի հոր հետ, ինչ-որ կախված է մեզանից, կանենք։ Կապ հաստատեցինք հարազատների՝ տատիկի, ամուսնու հետ ու պարզվեց, որ ոչ մի սոցիալական խնդիր չունի։

Տունայց չենք կատարել, ընթացակարգ գոյություն ունի, քաղաքացին պիտի դիմում գրի, որ կարողանանք տունայց կատարել: Երբ ասացինք՝ դիմում գրի մանկատուն հանձնելու մասին, ասաց՝ չեմ գրի, ես առանց Գայուշիկիս չեմ կարող ապրել, գրկեց, սիրեց երեխային, արտասվեց, լիցքաթափվեց։ Փաթաթվեց երեխային, համբուրեց: Երկու անգամ էլ մեզ մոտ երեխայի հետ է եկել՝ նրան կենգուրուի պարկի մեջ դրած։ Երեխան էլ խնամված, կոկիկ, տակդիրով։ Իր պահվածքն էլ նորմալ էր, հարցերին ադեկվատ պատասխանում էր, ոչ մի ռիսկային բան չենք տեսել, որ ազդակ լիներ: Ինքը երեխային այնպես գրկեց, սիրեց ու այնպես փաթաթվեցին իրար, հուզական կապն էլ կար, որ մտածեիր՝ անտարբեր է»։

Լիլիթ Գորգինյանը կապ է հաստատել երեխայի հոր հետ՝տեղեկացնելով նրան, որ երեխայի մայրը եկել է մարզպետարան՝ մանկատուն տանելու հարցով, երկու ծնողի հրաժարականի դեպքում միայն կարող են մանկատուն տանել, հայրն ասել է, որ ինքը քաղաքում չէ, կվերադառնա, կգա մարզպետարան։

«Ուրբաթ օր էր, որ զրուցեցինք հոր հետ, շաբաթ օրը ոչ աշխատանքային էր, հեռախոսազրույց ունեցանք երեխայի մոր հետ, ասինք, որ սպասում ենք երեխայի հորը։ Կիրակի մայրը զանգեց, թե երեխայի հայրը եկել է, մենք արդեն բոլոր հարցերը պարզաբանել ենք, ինքը երեխայի բոլոր կարիքները կհոգա, մենք խնդիր չունենք, շնորհակալություն ձեր աշխատանքի համար, մենք էլ պետական դռները չենք գա։ Դրանից հետո էլի հեռախոսազրույց ենք ունեցել, հարցրեցի՝ նորմա՞լ է ամեն ինչ, ասաց ՝ամեն ինչ շատ լավ է, ձայնն էլ կենսուրախ էր։ Ընտանիքում էլ բռնություն չի եղել, ուղղակի իրար չեն հասկացել։ Ես խոսել եմ տատիկի հետ, տատիկը շատ էր գովում սկեսրանցը, ասում էր՝ շնորհքով մարդիկ են։

Երբ երկրորդ անգամ եկավ, մենք ոստիկաններին կանչեցինք, եթե երեխայից հրաժարվի, հանձման-ընդունման արձանագրություն պիտի գրենք, ոստիկանությունից եկան, բայց ինքը չհրաժարվեց երեխայից, դիմում չտվեց մանկատուն տեղավորելու մասին։ Ինքը նյարդային չէր երևում, երեխան էլ աշխույժ, ակտիվ էր», -ասաց Լիլիթ Գորգինյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Գյումրու քաղաքային աղբանոցի լուսանկարը՝ shantnews.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30