«Սանիթեք» ընկերության տնօրենի հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա»,-այսպես արձագանքեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն Aravot.am-ի հարցման ի պատասխան: Նա հիշեցրեց` մի քանի օր առաջ էլ նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել ընկերությունը:
Այսօր «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը բաց նամակ է ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին, որտեղ մի շարք մեղադրանքներ է ներկայացնում: «Այսօրվանից սկսած, սակայն, ակնհայտ է նաև, որ Ձեր հայտարարությունների մյուս մասը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկա պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը ընդհանուր առմամբ երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 ՀՀ դրամ գումար՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները: Հատկանշական է, որ նշված գումարի մի մասն է միայն պայմանագրի համաձայն Ձեր կողմից համառորեն կիրառվող տուգանքները (որոնք վիճարկվում է մեր կողմից դատական կարգով), իսկ մյուս մասի վճարումը չի կատարվել առանց որևէ պատճառաբանությամբ և պայմանագրի խախտումներով։ Այս ամենի արդյունքում Երևան քաղաքի աղբահանության ու սանիտարական մաքրման օպերատորների գործունեությունը այլեւս վերջնականորեն վտանգված է, ինչպիսի պայմաններում ընկերության պայմանագրային ապահովումներն ու ռեզերվները չեն կարող բավականացնել գործունեության իրականացման համար, ուստի սույնով ծանուցում ենք առ այն, որ մեր ընկերությունների կողմից ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է Երեւանի քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ»,-ասված է նամակում:
Հիշեցնենք, օգոստոսի 28-ին «Սանիթեքը» կրկին հայտարարություն էր տարածել, որով պնդում էր՝ աղբահանությունն ավելի կվատթարանա, որի հիմնական պատճառն, ըստ ընկերության, ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահված ավելի քան 300 միլիոն դրամն է:
Aravot.am-ի հետ զրույցում Կարապետյանն ընկերության այսօրվա նամակին այսպես արձագանքեց.«Քաղաքապետարանն ընթացքում ընկերությանը տուգանել է բացառապես պայմանագրի համաձայն՝ չկատարած կամ թերի կատարած աշխատանքի համար։ «Սանիթեք» ընկերության վերջին ամիսների, մեղմ ասած, թերի աշխատանքի ապացույցները ամեն քայլափոխի են՝ Երեւանի փողոցներում ու բակերում»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ