«Քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնող օրինագծով առաջին անգամ այս պայքարը գործնական հիմքերի վրա է դրվում և ցուցաբերվում քաղաքական կամք՝ քրեական ենթամշակույթի դեմ զրո հանդուրժողականություն դրսևորելու համար»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը, անդրադառնալով կառավարության կողմից քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնող օրինագծի ընդունմանը` այսպիսի կարծիք հայտնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանը:
Նա նկատեց՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ձևաչափն ընտրել քրեականացումը բավարար պայման չէ, որ կարողանանք ասել` հաջողել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարում. «Այս նախագիծն անհրաժեշտ է ունենալ, որ կարողանանք պայքարն արդյունավետ մղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների դեմ»:
Արփի Սարգսյանը տեղեկացրեց՝ նախագծով քրեականացվում են չորս արարքներ՝ քրեական աստիճանակարգավորության բարձրացման կարգավիճակ տալն ու պահպանելը, ստանալը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներ ստեղծելու և ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին մասնակցելու կամ ներգրավելու համար և քրեական ենթամշակույթ կրող մասնակցին դիմելը:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը կասկածներ ունի նախագծի կիրառելիության հետ կապված. «Այն, որ անհրաժեշտություն կար, միանշանակ էր. մեր հանրությունն իրականում այնքան էր սերտաճել քրեական ենթամշակույթի հետ, որ շատ անգամ չէին էլ տարանջատում, մեր կյանքի բնականոն իրավիճակներից մեկն էր: Նախորդ հանցավոր ռեժիմները օգտագործում էին ինչպես արդարադատության, իրավական, քննչական մարմինների համակցությունը, այնպես էլ քրեակատարողական հիմնարկները օգտագործում էին իրենց նպատակներին հասնելու համար, այդպես էլ օգտագործում էին քրեական էլեմենտները նույն նպատակներին և վերարտադրության համար: Դրա վառ օրինակը ընտրություններն էին: Շատ հարցեր ավելի շատ քրեական էլեմենտների կողմից էին լուծվում, քան ադմինիստրացիայի: Այն, որ այսօրվա իշխանությունը շաղկապված չէ քրեական տարրերի հետ, որ ցանկություն ունի պայքարել դրանց դեմ, դրական է, բայց ինչքանո՞վ է իրատեսական, դա եկեք շատ մեծ կասկածի տակ դնեմ: Չկա հետազոտություն, ուսումնասիրություն: Կարևոր է, թե ով է այս օրենքն աշխատացնելու»:
Կարդացեք նաև
Նինա Կարապետյանը հիշեց մի քանի օր առաջվա դեպքերը, երբ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում քրեական տարրերը որոշել էին, որ կարող են ոստիկան վիրավորել, բայց դեռ ոչ ոք պատասխանատվություն չի կրել. «Ինձ մոտ ներքին համոզում կա, որ պարտավորություններ ունեն, դրա համար չեն կարողանում դիմադրել այդ քրեական տարրերին: Նա ասաց՝ եղել է ականատես, որ դատավորը մեկ սեղանի շուրջ նստած է քրեական էլեմենտի հետ: Այս առիթով նշեց. «Ինչ-որ շեմ պիտի լինի, որից հետո դատավորը չպետք է թույլ տա իրեն քրեական հեղինակության հետ մեկ սեղանի շուրջ նստել, անգամ եթե իր մանկության ընկերն է: Այնպես որ ես այս օրինագծի կիրառումն իրատեսական չեմ համարում, քանի դեռ չենք ավարտել դատաիրավական փոփոխությունները, խոստացված լյուստրացիան, վեթինգը, չենք պարզել՝ ով ում հետ ինչ կապեր ունի»:
ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանն էլ մտահոգություն հայտնեց՝ մարդիկ ցանկություն չունեն աշխատելու համակարգում՝ աշխատավարձի, սոցիալական երաշխիքների, աշխատանքային պայմանների և անվտանգության պատճառով. «Այս խնդիրը լուծելու համար կարևոր է կադրերի համալրման գործուն մեխանիզմի ստեղծումը: Արարքի քրեականացումը կարևոր է, բայց բազմապրոֆիլ այլ լծակներ են պետք: Առանց քրեական ծառայողների սոցիալական երաշխիքների՝ աշխատանքային պայմանների, աշխատավարձի վերանայման անիրատեսական է: Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ քրեակատարողական հիմնարկում մեկ հարկում կարող է պահվել մինչև հիսուն ազատազրկված անձ, որտեղ ծառայություն է իրականացնում քրեակատարողական մեկ ծառայող: Ուստի ակնկալել, որ նա կկարողանա ապահովել անձանց պատշաճ վարքագիծ, անհնար է: Քրեական ենթամշակույթը ծաղկում է, քանի որ կան դրա համար նպաստավոր պայմաններ: Եթե քրեական ենթամշակույթ կրող անձինք ավելի հեշտ են լուծում ազատությունից զրկված անձի խնդիրները, հավանականությունը, որ անձինք կդիմեն նրան ավելի մեծ է, քանի որ օրինական ճանապարհը շատ դեպքերում գրեթե անհասանելի է: Հետևաբար պետք է ուժեղացվի քրեակատարողական ծառայությունը, լուրջ վերանայման կարիք ունի քրեակատարողական ծառայող և ազատությունից զրկված անձինք թվային հարաբերակցությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի