Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11
ԳԼՈՒԽ 12
Խաղալիք ատրճանակ
Իհարկե, եղան սիրո, ցնծության և տարակուսանքի արցունքներ, եղան հարցեր, որոնք կիսատ թողեցին անկողին մտնող ամուսինները՝ տրվելով միմյանց փաղաքշելու հաճույքին։ Երբ Ալեքսանդրը տուն հասավ, Միքայելն արդեն քնած էր իր սենյակում։ Ուսապարկից խաղալիք ատրճանակ հանելով՝ կապիտան Գոմեսը դրեց իր նվերը պստլիկ հողաթափի մեջ, զննեց երեխային ի միջի այլոց, պարտք կատարող մարդու պես, ու ասաց.
Կարդացեք նաև
– Մեծացել է։
– Այո… Չորս ու կես տարվա կյանք անցավ,- պատասխանեց Թերեզան՝ ինքն իրեն մի կերպ հավաքելով։ Աչքը չէր կտրում ատրճանակից, բայց և լռում էր առայժմ։
«Հետագայում կխոսեմ,- մտածում էր Թերեզան,- կասեմ Ալեքսանդրին իմ տեսակետն ու կպահանջեմ, որ չարության գործիք հիշեցնող խաղալիքներ չբերի այլևս։ Կարծում եմ, ամուսինս կհասկանա, որ ճիշտ դաստիարակության պահանջը երեխայի շահերից է բխում»։
Ալեքսանդրը հանել էր հագուստներն ու գուլպաները կնոջ աչքից հեռու, վերմակի տակ էր մտել մեկուսի, ննջասենյակի լույսը նախապես մարելով։
«Գաղտնիք չեմ կարող ունենալ իհարկե,- մտածում էր Ալեքսանդրը,- Թերեզան ի վերջո կտեսնի ոտնաթաթերս, բայց կուզենայի, շա՜տ կուզենայի, որ կյանքիս այս էջը չբացվեր երբեք։ Վաղը հարցեր կտա, արցունք կթափի ու ես չգիտեմ, թե էլ ինչեր կանի։ Դե լավ, իրականությունից չես փախչի։ Երանի ուղեղիս վրա անջատիչ լիներ. կսեղմեի կոճակն ու վերջ, էլ ոչ մի միտք։ Հոգնել եմ, իսկապես շատ եմ հոգնել։ Մարդու առանձնահատուկ հալածանքը սկսվում է մտքերից»։
Չնայած որ բնությունը մարդու ձեռքով մասնատված ու խեղճ է մեծ քաղաքներում, միևնույն է, լուսաբացը միշտ էլ դայլայլուն թռչունների երգով է ուղեկցվում։ Թևավորներն ապրում են մարդկանց հետ՝ բնավորվելով բազմահարկ շենքերի քարե իրականության մեջ, աղբամաններին մերձ այն տարածքներում, ուր փշրանք կարելի է հայթայթել։
Զարթոնքի խորհուրդն այսօր իմաստավորվեց մանկասենյակից փախստական ճիչերով, որոնք Միքայելի բուռն ցնծությունն էին վկայում։ Երեխան հայտնաբերել էր խաղալիք ատրճանակն ու երջանկության համբույրն էր ճանաչել։
– Մայրիկ, սա ի՞նչ է,- Թերեզայի փեշից քաշելով և անակնկալ իր ուրախությանը չհավատալով՝ հարցնում էր Միքայելն ու մի սենյակից մյուսն էր վազում՝ շարունակ փորձելով դրմբոց արձակող առարկան։
– Կամա՛ց։- Թերեզան սաստում էր նրան ակնհայտ տհաճությամբ, սակայն երեխան անկառավարելի ոգևորությամբ էր տոգորված։- Քեզ ասում եմ՝ կամաց, չես հասկանո՞ւմ։ Հայրդ տուն է վերադարձել ու հիմա քնած է հարևան ննջասենյակում։
Այս միտքն ի վերջո հասավ Միքայելի գիտակցությանը։ Երեխան կերպարանափոխվեց մի ակնթարթում։ Սենյակի անկյունը քաշվելով՝ դեռ ծանրութեթև էր անում մոր խոսքը, ապա՝ հարցրեց շշուկով.
– Ով է քնա՞ծ։
– Վերջապես հասկացար։ Հա՛յրդ, Ալեքսանդր Գոմեսը։
Մանկահասակ երեխաները հաճախ իրադարձություններ են վերլուծում քթի տակ քթփթալով, յուրովի ըմբռնելով իրականության այն չափաբաժինը, որն առանձնահատուկ է կարևորվում նրանց սահմանափակ մտածողությամբ։ Հոր գոյությունը միշտ էլ եղել էր հեռավոր երազների անիրական շարունակություն։ Հոր կերպարը ձևավորվել էր պատառ-պատառ հասանելի պատմություններով, որոնք Թերեզա Գոմեսի հուշերից էին սկզբնավորվել։ Տանը մենակ մնացող երեխաները միշտ էլ օգտվում են ծնողի բացակայության հանգամանքից։ Նրանք խուզարկում են ծակուծուկերը՝ հայտնաբերելով քաղցրավենիք ու ամեն տեսակ առարկաներ, որոնք պերճախոս վկայություններ ունեն։ Կյանք մտնող մանուկները մեծ աշխարհի գաղտնիքներն են բացահայտում՝ գաղտուկ ուսումնասիրելով մոր սպիտակեղենը, հին լուսանկարներ, հայրիկի դարակում պահվող՝ տղամարդու համար առանձնահատուկ կարևորություն ունեցող իրեր… Միքայելը քաջ գիտեր, թե ինչ կա Ալեքսանդր Գոմեսի զգեստապահարանում։ Փայլուն աստղերով համազգեստը, երկարաճիթ կոշիկներն ու լանջագոտին ձևավորել էին յուրօրինակ պատկերացումներ՝ փոքրիշատե կազմավորելով բացակա տղամարդու կերպարը։ Հայրիկը կռվել գիտեր։ Նա քաջ էր և ուժեղ։ Նա չէր վախեցել չար մարդկանցից ու կռիվ էր գնացել, որպեսզի պաշտպանի իր ընտանիքը։ Բոլոր այս մտքերի և մտորումների մեջ, իհարկե, առկա էր նաև ֆանտազիան, որն ընդմիշտ ներկա է կյանքն անուրջներով ընկալող երեխաների մտապատկերներում։ Արդեն չորս ու կես տարի մոր կամքն ու քմահաճույքը հանդուրժող երեխան բնազդաբար ցանկանում էր մեկ այլ՝ առնացի ներկայություն։ Նա իհարկե չգիտեր, թե խառնիխուռն մտքերն ու բնազդները ինչեր կարող են հուշել միաժամանակ, և թե ինչ փոթորիկներ կարող են արթնացնել մանկահասակ երեխայի ներաշխարհում։ Միքայելն ընդամենը ցանկանում էր պաշտպան, ընկեր ու հովանավոր։ Ո՞վ էր ննջասենյակում քնած մարդը։ Նա իր հետ բերել էր փոքրիկ մի երջանկություն, իսկ այդ երջանկությունը դրմբոց արձակող ատրճանակ էր։
Այնինչ Ալեքսանդր Գոմեսը առանձնապես չէր հետաքրքրվում ընտանիքի կյանքով։ Վիսկիի շիշը սեղանին էր մշտապես։ Նա սկսում էր օրը մի քանի բաժակ կոնծելով, դուրս էր գալիս տնից, երբ Թերեզան ու Միքայելը դեռ անկողնում էին։ Զզվում էր կնոջ աղոթքներից, կատարյալ արհամարհանքով էր ընդունում նրա բարոյախրատական զրույցները, որոնք կրոնական ճշմարտություններ էին կարևորում։ Ամուսիններն ընդհարվում էին հաճախ, լեզվակռիվը համբերությունից հանում էր կապիտան Գոմեսին, և նա ի վերջո ձեռք բարձրացրեց կնոջ վրա։ Հետո՝ զղջում էր մեկուսի, խղճի արձագանքն ընդունելով, բայց և երբեք չէր մատնում կրծքի տակ գլուխ բարձրացնող հույզերն ու ապրումները։
Դա պատահեց ամիսներ անց, երբ ամառն իր մահկանացուն էր կնքում քաղաքի զբոսայգիներում։ Արդեն օրեր շարունակ Միքայելը հեկեկում ու ողբում էր, որովհետև Թերեզան խլել էր նրա ատրճանակն ու կոտրել էր՝ ոտնատակ տրորելով։
– Լսի՛ր, ի՞նչ ես ուզում երեխայից։ Չե՞ս հասկանում, որ զրկելով նրան ազատ խաղի իրավունքից, դառնացնում, վիրավորում ես նրա մանկությունը։
Ալեքսանդրը խոսում էր, թերևս, բղավելով։ Իսկ երբ ծանր, փթանոց բռունցքն իջավ սեղանին, Միքայելը փախավ լեղապատառ ու մտավ մահճակալի տակ։
– Ալեքսանդր,- փաղաքուշ, թերևս կեղծավոր ձայնով սկսեց Թերեզան,- խնդրում եմ, մի տաքացիր։ Արդեն հազար անգամ ասել եմ, որ բիզնեսի արքաները ստեղծում են հատկապես այնպիսի խաղալիքներ, որոնք չարն են արմատավորում։ Երեխան չի կարող անկողին մտնել բռնություն սերմանող ատրճանակով, երեխան չպետք է զինվոր դառնա հեռուստատեսային խաղով զվարճանալիս ու չպետք է հրեշներ սպանի մտացածին աշխարհի սարսափազդու զենքերով։
– Ապա, քո կարծիքով, ի՞նչ պիտի անի երեխան։ Դու ստիպում ես նրան ծնկաչոք աղոթել՝ բնավ չհասկանալով, որ ապագա տղամարդը չի կարող ծնկաչոք ձևավորվել։ Դու խեղում ես նրա անհատականությունը, հիմա՛ր կին։
Հերթական բաժակը լցնելով՝ Ալեքսանդրը ցամաքեցրեց այն մի ակնթարթում։ Հետո եղան լռության րոպեներ, իսկ Թերեզան փորձում էր մարսել վիրավորանքը։
– Ցավում եմ,- ի վերջո ասաց կինը,- ցավում եմ, որ չենք հասկանում իրար։ Ես ուրի՛շ տղամարդ եմ ճանաչել, երբ քեզ հետ ամուսնանալու որոշում էի կայացնում։ Իմ տղամարդը զուսպ էր, հաստատակամ ու լրջմիտ։ Չէ՞ որ ապրում էինք՝ կիրառելով Հիսուս Քրիստոսի հանճարեղ կանոնը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ9»։ (ՏՈՂԱՏԱԿ 9. Մատյան Աստվածաշունչ, «Գործեր» 20։35։) Սակայն մտնում եմ դրությանդ մեջ։ Դու տուն ես վերադարձել պատերազմով, իսկ պատերազմը դեռ շարունակվում է սրտիդ մեջ։
– Հետո՞…- Ալեքսանդր Գոմեսը բնավ չէր ազդվել կնոջ խոսքերից։- Կարծում ես չե՞մ հասկանում, թե ո՛ր ուղղությամբ են փչում մտքիդ քամիները։ Թշնամին գերեվարում է զենքով, իսկ կանայք տղամարդ են սեփականացնում հազար ու մի հնարքներ բանեցնելով։ Գիտե՛մ, շատ լավ գիտեմ, թե ինչ ենթատեքստ ունեն խղճահարություն առաջացնող ձեր արցունքները, հավատարմության հավաստիացումներն ու անկողնային սիրախաղերը։ Կանայք ի բնե գիտեն հազար ու մի նենգադավեր, որոնք բոլորն էլ ծառայում են տղամարդ սանձահարելու նպատակին։ Բայց թողնենք սա։ Ի՞նչ ես ուզում չորս ու կես տարեկան երեխայից։
Թերեզան կորցնում էր համբերությունը։ Ներսում գլուխ էին բարձրացնում իրարամերժ փոթորիկներ, որոնք ի վերջո մե՛կ ելակետ ունեցան։ Ամուսնու առջև ծնկի գալով՝ Թերեզան փաթաթվեց նրա սրունքներին ու աղիողորմ հեկեկալով՝ շշնջաց.
– Ասա ինձ ճշմարտությունը։ Քեզ ինչպե՞ս են խոշտանգել թշնամու ճամբարում։
Հարցը սրտին ուղղված կրակոց էր, և Ալեքսանդր Գոմեսը հանկարծ մտաբերեց մշուշոտ այն լուսաբացը, որ բոկոտն էր և սրբության շապիկ ուներ մերկ մարմնին։ Գունափետուր բազմաթիվ թռչուններ գովերգում էին արշալույսի օրհնյալ խաղաղությունը, երկնաեղնիկն էր սուրում հորիզոնի կածաններով, և աստված էր արևը հուր։ Արդյոք կա՞ մեկը, ով կարող է ասել, թե ինչպես է փոքրանում մարդը, երբ վերջին րոպեներն են կյանքի, երբ գլուխ է բարձրացնում վերջին ակնթարթի մեջ սեփական հրաժեշտը լինելու անհրաժեշտությունը։
Ահա կանգնած էին վիետնամցի գերիներ, կանգնած էին գնդակահարության պատին մերձ և ատում էին իրենց հողն ու կյանքը ապականող մարդկանց։ Ոմանք ծնկի էին իջել՝ ամոթն արհամարհելով, աղերսելով կյանքի կայծը, որն ընդամենը վառոդ էր պարկուճի մեջ՝ 1,62 գրամ չափաբաժնով։
Բոկոտն, ծվենատ շորերով, կեղտակոլոլ ու ցածրահասակ…
Դեռ երեկ բրինձ էին աճեցնում ճահիճներում, քամում էին խաղողի արյունն, ու երեխայի ծիծաղն էր վարձատրում նրանց բարեբաշխ աշխատանքը։ Նրանցից շատերը երեկ դեռ չէին սափրվում ու չգիտեին թե տղամարդուն ինչպես է կոփում կնոջ կիրքը։
Այնինչ զենքը սպանում է հետհարվածով, իսկ մատաղացու ոչխար գնդակահարողը զոհաբերվում է նույնպես։
Հրացանին ձույլ ձեռքը չէր դողում։ Ալեքսանդր Գոմեսը նշանառության տակ էր վերցրել ցանցառ բեղ-մորուսով մի վիետնամցու՝ սպասելով «կրա՛կ» հրամանին։ Նա սարսռում էր պատի տակ կանգնածի հայացքից, իսկ վերջինս չէր խոնարհում կոպերը, այլ նայում էր ակնապիշ՝ կապիտան Գոմեսի քաջությունը ծաղրելով։ Հայացքների այս մենամարտում փոխզիջում չէր կարող լինել, և վիետնամցին, որն իր մահկանացուն էր կնքելու ակնթարթներ անց, հաղթանակ էր տոնում յուր կարծեցյալ պարտության մեջ։
Համազա՛րկ։
Ծնկաչոք իր կնոջը բարձրացնելով՝ Ալեքսանդրն ուժով նստեցրեց նրան աթոռին։
– Արդեն ասել եմ, ա՛յ կին, ոտքերս վնասվել են ականի պայթյունից, չե՞ս հավատում։ Սակայն վերադառնանք մեր խոսակցությանը։ Ապտակն ու խրատը ուղղում են երեխային, իսկ կրոնը մարդուն հասցնում է մոլագարության։ Մտքովդ չանցնի, թե խնդրանքով եմ ներկայացնում պահանջս։ Այսօրվանից չեն լինելու ծնկաչոք աղոթքներ, ու քրիստոնեական ցնդաբանություններ չեն լինելու։ Միքայելին կուղարկես բակ, որպեսզի խաղա հասակակիցների հետ, կռվի մեջ ընկնի ու սովորի ինքն իրեն պաշտպանել։ Հասկացա՞ր։
Թերեզան լռում էր։ Սարսափելի դառն էին ամուսնու մտքերը, իսկ նրա պահանջներին ենթարկվելը խելքից-մտքից դուրս մի բան էր։
«Ի՞նչ անեմ։- Այս միտքը շարունակ բախվում էր կնոջ բանականության պատերին՝ հուսահատություն ծնելով։- Պիտի ասեմ ողջ ճշմարտությունը, ուրիշ ելք չկա։ Ինչ լինում է՝ թող լինի»։
Մինչ Թերեզան ծամծմում էր իր մտքերը, Ալեքսանդրը ևս մի բաժակ դատարկեց՝ դարմանելով ցավը, որ տեսել էր վիետնամցու աչքերում և որից չէր կարողանում ազատվել այլևս։
– Ալեքսանդր,- ծոր տվեց Թերեզան,- կան շատ բաներ, որոնք դու չգիտես։ Ես Միքայելին մեծացնում եմ սիրով, անտրտո՛ւնջ։ «Ամբողջ աշխարհը չարի իշխանության տակ է10»։ (ՏՈՂԱՏԱԿ 10. Մատյան Աստվածաշունչ, Հովհաննես առաքյալի առաջին նամակ, 5։19։) Աստվածաշնչյան այս միտքը ապացուցման կարիք չունի, ինձանից լավ գիտես, թե ինչպես է նվաստանում մարդը՝ բռնության գործիք դառնալով։ Աստված փնտրում է չարին ընդդիմացող մարդկանց, և ես ամեն օր պայքարում եմ սատանայի ու նրա դևերի դեմ։ Բայց ես ինձանով ոչինչ չեմ կարող անել, եթե չլինի Աստծո զորությունը, որն աղոթողին է տրվում։ Եթե երեխան չգիտի դիվական ուժերից պաշտպանվելու կերպը, նա չի կարող հաջողակ լինել չափահաս դառնալուց հետո։ Խնդրում եմ, լրջորեն ընդունիր այս ճշմարտությունը։
Ալեքսանդրն ապշել էր։ Անգամ չէր հավատում ականջներին։ Նախկինում նման խոսակցություն չէր եղել։ Թվում էր՝ կինը կանգնած է ցնորման եզրին, իսկ խելագարության ախտանիշները դեռ գաղտնի փուլում են։
– Ում դեմ ես պայքարո՞ւմ,- ակամա ժպիտը թաքցնել չկարողանալով՝ հարցրեց Ալեքսանդրը։
– Ծաղրո՞ւմ ես։
– Ո՛չ, իհարկե, սակայն շատ զավեշտական բաներ եմ լսում։
– Մի րոպե, հիմա կկարդամ Աստվածաշնչից…
– Գրողի ծոցը…- Բռունցքով սեղանին հարվածելով՝ Ալեքսանդրը կանխեց կնոջը։- Ինքդ ասա, այսինքն՝ կրկնիր միտքդ։ Ում դեմ ես պայքարո՞ւմ։
– Արդեն ասացի. սատանայի ու նրա դևերի։
– Միքայե՛լ , մի այստեղ արի։
Մահճակալի տակից դուրս գալով՝ երեխան մոտեցավ անվստահ, վախվոր քայլվածքով։
– Սրբիր արցունքներդ,- որոտաց Գոմեսը,- ես քեզ կռվել կսովորեցնեմ, բայց դա հետո։ Հիմա ասա ինձ. քո կարծիքով աղոթքն ինչի՞ համար է։
Սակայն երեխան լռում էր՝ այս իրավիճակի մեջ չկողմնորոշվելով։
– Խոսիր,- խրախուսեց Թերեզան,- դու գիտես ամենակարևոր ճշմարտությունը և դրանից ամաչելու կարիք չկա։
– Աղո՞թքը…
– Այո, այո, աղոթքը։
– Աստվածաշնչում գրված է, որ մարդը պիտի աղոթի, որպեսզի կարողանա պաշտպանվել սատանայից ու նրա դևերից։
Այս պատասխանը խելագարության հասցրեց կապիտան Գոմեսին։
– Մոտ արի,- երեխայի թևից քաշելով՝ բղավեց Ալեքսանդրը։- Տեսնո՞ւմ ես բաժակը։ Վերցրու ու խմիր։
Հոր զայրույթից սարսափելով՝ Միքայելն աղիողորմ ծղրտաց, իսկ Թերեզան նետվեց նրան պաշտպանելու։
– Այդ ի՜նչ ես անում,- ողբաձայն աղաղակեց կինը,- խելքդ թռցրե՞լ ես, ինչ է։
– Հեռո՛ւ,- մռնչաց Ալեքսանդրը։ Աչքերի առջև կարմիր օղակներ հայտնվեցին, և նա ապտակեց կնոջը։
Ծանր էր ձեռքը, իսկ բազուկը՝ զորավոր։ Կինը փշրվեց արևկեզ եղեգի պես, ոտքերը ծալվեցին, ու գիտակցության կայծը մարեց նրա ցնորակոծ բանականության մեջ։
Միքայելը փախավ խելապատառ, իսկ կապիտան Գոմեսը մի պահ ընդարմացավ իր ցասման ու արդարության մեջ։ Վիսկիի մնացորդը հենց շշից խմելով՝ թողեց կնոջը խոհանոցի հատակին ու դուրս եկավ այլևս երբեք չվերադառնալու հստակ մտադրությամբ։
Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ «Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում: