Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խիթարյանն ընտրվեց ՖԿՀՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Սեպտեմբեր 02,2019 17:20

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում ռեկտորի ԺՊ միակ թեկնածու առաջադրվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ձյուդոյի օլիմպիական կարգի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի նախկին ավագ մարզիչ Դավիթ Խիթարյանը եւ քվեարկությամբ միաձայն ընտրվեց այդ պաշտոնում:

Aravot.am-ի հետ զրույցում նորընտիր ռեկտորն ասաց. «Կարծում էի, թե այլ թեկնածություններ էլ կլինեն: Համենայն դեպս, մինչեւ երեկ այդպիսի խոսակցություններ կային: Ափսոս: Կուզեի մրցակցություն լիներ: Ինչեւէ: Այս պաշտոնում առաջին քայլս, բնականաբար, պետք է լինի ինստիտուտի գիտխորհրդին եւ պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացնել իմ տեսակետներն ու ծրագրերը եւ դրանք միասին իրագործել: Ինչ վերաբերում է կադրերին, փոփոխություններ անպայման կլինեն, սակայն կադրային «ջարդ» չի լինի: Առաջնորդվելու եմ երկու կարեւոր սկզբունքները համադրելով՝ երիտասարդ մասնագետներ եւ փորձառություն:

Ես արդեն 14 տարի աշխատում էի Ֆրանսիական համալսարանում եւ անդրազգային կրթական ծրագրին շատ մոտիկից եմ ծանոթ: Երկար ժամանակ շփվելով ընդհանրապես մեր բուհական համակարգի հետ՝ համոզվում էի, որ փոփոխությունների կարիք կա: Երբեք չեմ եղել թաքնված խաղացող, արտահայտվել եմ բացահայտ: Եվ երբ պարոն Վահրամ Առաքելյանը հրաժարական տվեց, ոչ միայն այս բուհի, այլ ընդհանրապես հայկական սպորտի զարգացման հետ կապված իմ տեսակետները նախարարությունում ու ինստիտուտի հոգաբարձուների խորհրդում արտահայտելու հնարավորություն ընձեռվեց եւ իմ առաջարկած նոր տեսակետները հավանության արժանացան: Օրինակ, շատ հաճախ բուհում հպարտանում են, թե իրենց մոտ լավագույն մարզիկներն են սովորում: Դա ողջունելի է, բայց բուհի համար պարծենալիք չէ: Այդ մարզիկներին իրենք չեն աճեցրել, նրանց աճեցրել են մարզիչները, մարզադպրոցները, ֆեդերացիաները: Հպարտանալ բուհում կարելի է, եթե այստեղ բարձրակարգ մարզիչներ պատրաստվեն, իսկ դա խնդիր է:

Իմ պաշտոնավարման ընթացքում լինելու եմ բաց ու թափանցիկ բոլորի համար, ազատ մտքի արտահայտման առջեւ, եւ ոչ մի կարծիքի սահմանափակում չի լինելու: Բայց լինելու են շատ չոր սահմանափակումներ նրանց համար, ովքեր օրենքի խախտումներով կփորձեն ինչ-որ հարցեր լուծել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30