«Էլարդ» ընկերության ներկայացրած հաշվետվությունը կարդալով՝ տեսնում էինք բազմաթիվ խնդիրներ, ինչը նաեւ վերհանվեց տեսակոնֆերանսի ժամանակ՝ վարչապետի ներկայությամբ: Սա բավարար էր, որ հասկանայինք՝ հարցին պետք է նաեւ այլ տեսանկյուններից նայենք՝ հասկանալու համար իրողությունը: Կառավարությունն այդ գործընթացի մեջ է: Վստահ եմ, կառավարությունն Ամուլսարի հարցով շատ ավելի արդյունավետ որոշման կհանգի». խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ամուլսարի շահագործման վերաբերյալ նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել:
Վարազդատ Կարապետյանը հորդորում է սպասել Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննության արդյունքներին եւ նոր ՇՄԱԳ-ին, հետո կարծիքներ հայտնել, որպեսզի դրանք պրոֆեսիոնալ լինեն: Իր անձնական տպավորությունն այն է, որ նոր ՇՄԱԳ-ը չի անցնի փորձաքննությունը, բայց նախընտրում է սպասել վերջնական արդյունքին: Նա վստահ է`ծառայողական քննություն անցկացնելու որոշումը ճիշտ էր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ