ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը բացառում է, որ «Իմ քայլը» խմբակցությունը մասնատվի: Հիշեցնենք, նման խոսակցությունները ակտիվ սկսեցին շրջանառվել, երբ առաջացավ Ամուլսարի շահագործման-չշահագործման հարցը: ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն առաջարկել էր, որ «Իմ քայլի», այսպես կոչված, բնապահպանական թեւն անջատվի եւ «Կանաչների» խմբակցություն ստեղծվի խորհրդարանում:
Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ առաջարկին եւ դրանից բխող հարցերին, Վարազդատ Կարապետյանն ասաց. «Խմբակցությունում բոլորը գիտեն, հասկանում են, որ առաջին անվերապահ արժեքը, որ բոլորս ունենք, մեր միասնությունն է: Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը հետ գլորվի: Այս մեծ նպատակի համար ամենակարեւոր բանն այն է, որ հիմա «Իմ քայլը» միասնական լինի»:
Մի քանի օր առաջ մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր «Իմ քայլը» պատգամավոր Էդգար Առաքելյանը: Վարազդատ Կարապետյանը հորդորել էր գործընկերոջը`մանդատը վայր չդնել: Լրագրողները հետաքրքրվեցին`ի՞նչ ազդեցություն է ունեցել իր հորդորը: Վարազդատ Կարապետյանն ասաց, որ Էդգար Առաքելյանին դեռ չի հանդիպել, այդ հարցը դեռ չեն քննարկել եւ հայտնի չէ, թե արդյունքներն ինչպիսին կլինեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ