Այսօր, նոր ուսումնական տարվա առաջին օրը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ղեկավարությունը և դասախոսական կազմը հանդիսավորությամբ դիմավորեցին համալսարանի առաջին կուրս ընդունված ուսանողներին: Այս տարի առաջին կուրս կհաճախի շուրջ 700 ուսանող, ինչը գոհացուցիչ ցուցանիշ է համալսարանի ղեկավարության գնահատմամբ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարութունյանը, ԵՊԼՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը, ռեկտորի խորհրդական ուսանողների և հասարակայնության հետ կապերի հարցերով Մարինա Աբրահամյանը, ուսխորհրդի նախագահ Շիրակ Սաֆարյանը, ֆակուլտետների դեկաններ և այլ պատասխանատուներ. նրանց կողմից հնչեցին ջերմ ողջույններ, շնորհավորանքներ և բարեմաղթանքի խոսքեր:
Իր խոսքում, համալսարանի ռեկտորը հորդորեց ուսանողներին գնահատել և լավագույնս օգտագործել այն ժամանակը, որը շռայլորեն տրված է մեր երիտասարդներին՝ նշելով, որ ժամանակի արդյունավետ օգտագործումը դեպի մեծ ձեռքբերումներ տանող ուղին է: «Կրթությունը տիրակալ է, հարստությունը՝ հպատակ», – հնչեց նրա խոսքում:
Օգոստոսի 29-ին և 30-ին դեկանների հետ ունեցած երկօրյա ինտերակտիվ հանդիպման ընթացքում ուսանողներն արդեն առիթ էին ունեցել ծանոթանալ ուսումնական ծրագրերին, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության առանձնահատկություններին, արտասահմանում ուսանելու հնարավորություններին, ինչպես նաև՝ ուսանողական առօրյան հարստացնող և աշխուժացնող տարատեսակ միջոցառումներին:
Կարդացեք նաև
Համալսարանի կողմից ընձեռնված հնարավորությունները բազմաթիվ են. միայն սեպտեմբեր ամսին ԵՊՀԼ կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպվել և համալսարանում կանցկացվեն տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ շրջանավարտների օր, բաց դռների օր ապագա դիմորդների համար, ուսանողների մասնագիտացմանը միտված վերապատրաստման դասընթացներ:
Խորհրդանշական է, որ 2019 ուսումնական տարվա առաջին օրն այս տարի հաջորդում է Հայաստանի հանրապետությունում նշվող Գիտելիքի և դպրության օրվան:
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան