Լրահոս
Օրվա լրահոսը

Սա նշանակում է միջամտություն Արցախի ներքին գործերին. Աղասի Ենոքյանը՝ Արցախի ընտրություններին ՀՀ-ի դիտորդական առաքելության մասին

Սեպտեմբեր 02,2019 15:08

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ այս օրերին փորձ է արվում լարվածությունը Հայաստանից տեղափոխել Արցախ: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն դրամաշնորհներ է հատկացնում ՀԿ-ներին, որ դիտարկեն Արցախում ընտրությունները. «Հայաստանը երբեք կասկածի տակ չի առել Արցախում եղած ընտրությունները, իսկ հիմա փորձում է օգտագործել լծակներ տեղում ընտրությունները դիտարկելու համար: Դրա հետ եղավ ֆեսյբուքային, մամուլային մենամարտ Վիտալի Բալասանյանի և ՀՀ իշխանությունների միջև: Այսպիսի զարգացումներ են տեղի ունենում, որոնց ճակատագիրը դեռևս անհայտ է: Պարզ չէ՝ մինչև ուր կգնան ՀՀ իշխանությունները և մինչև ուր կդիմադրեն Արցախի ներկայացուցիչները»:

Հարցին՝ Արցախում ընտրություններին դիտորդական առաքելության իրականացումը նշանակում է Արցախի ներքին գործերին միջամտությո՞ւն, Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Համարում ենք, որ ՀՀ-ն անկախ երկիր է, Արցախն անկախ երկիր է, առավել ևս Արցախի կողմից չի եղել խնդրանք, որ ՀՀ-ն նման դիտորդական առաքելություն կատարի»: Աղասի Ենոքյանը փաստեց՝ այս ամբողջ ընթացքում ՀՀ-ի և Արցախի ղեկավարություններն ունեցել են նույն գենեզիսը, արցախյան շարժումով սերված: Հիմա ՀՀ-ում եկել է մի իշխանություն, որն այդ շարժման բնական շարունակությունը չէ, ու այս առումով կա որոշակի ճանաչողական, աշխարհայացական տարբերություն, չկա ամբողջական հարմոնիա այս երկու ղեկավարությունների միջև:

Այն հակադարձմանը՝ ի՞նչ խնդիր կա, որ ՀՀ-ն դիտորդական առաքելություն պետք է իրականացնի Արցախում ընտրությունների ժամանակ, մանավանդ, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է և եթե, օրինակ, գործը գնա ՄԻԵԴ,  Հայաստանն  է պատասխան տալու, Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Բոլոր տիպի եվրոպական, միջազգային դիտորդական առաքելությունների ժամանակ լինում է հրավեր այն երկրի կողմից, որտեղ իրականացվում են այդ առաքելությունները: Տվյալ դեպքում Արցախի կողմից չի եղել նման հրավեր. ՀՀ-ն ինքն է նախաձեռնել այդ դիտորդական առաքելությունը: Սա էական տարբերություն է»:

Աղասի Ենոքյանի կարծիքով՝ ՀՀ իշխանություններն Արցախում ունեն մի քանի թեկնածուներ. «ՀՀ իշխանություններն ունեն թեկնածուներ. մի քանիսն են, որոնք այս ընթացքում ամեն մեկն իր ֆունկցիան է կատարելու, վերջում բոլորը միաձուլվելու են մեկ թեկնածուի մեջ»:

Ըստ քաղաքագետի՝ այսօր ներքաղաքական կյանքում ընթացող գործընթացները իրական, թե միֆական, թեժ աշնան կարգախոսով են գնում. «Մի կողմից ընդդիմությունը հայտարարում է, թե լինելու է թեժ աշուն, և ինքը դառնալու է ընդդիմություն, քանի որ հիմա չունենք ընդդիմություն, իսկ իշխանությունն էլ աշխատում է դա թույլ չտալ: Ինչո՞ւ պետք է լինի թեժ աշուն. կարծես պարզ է՝ պրոցեսները ՀՀ-ում չեն գնում ցանկալի ուղղությամբ. հասարակական դժգոհություն է հասունանում»:

Աղասի Ենոքյանը նկատեց՝ իշխանությունները չկարողացան անհրաժեշտ հնչեղություն տալ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը: Նա հարցրեց՝ այս մեկուկես տարին իշխանություններն ինչո՞ւ քայլեր չէին անում, որ հարստությունները հետ բերեին, պարզեին դրանց աղբյուրները: Ըստ նրա, եթե մինչև հիմա չեն արել և հենց հիմա են կալանավորում, ուրեմն հատուկ նպատակ են հետապնդում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30