Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Երեխաներ կան, որոնց իրավունքից է բխում տուն չտանելը»

Սեպտեմբեր 02,2019 14:51

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել մի շարք գիշերօթիկներ, ի՞նչ ռիսկեր ու հետեւանքներ կարող է ունենալ այդ գործընթացը: Սեպտեմբերի 2-ին «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանը, որ որոշ ժամանակ աշխատել է գիշերօթիկ հաստատությունում, նշեց, որ անհանգիստ է այդ առումով, քանի որ պարզ չէ ինչպիսի մշտադիտարկում է իրականացվել, արդյոք գիշերօթիկների փակվելուց հետո այնտեղի երեխաները կստանա՞ն համապատասխան աջակցություն պետության եւ ընտանիքի կողմից, որպեսզի ապահովեն իրենց խնամքը եւ անվտանգությունը:

«Եթե խոսքը երեխայի իրավունքահեն գործընթացի մասին է, որը երեխայի՝ ընտանիքում, համայնքում մեծանալու իրավունքն է, պետք է այս առումով լուրջ հետազոտություն ունենային` որքանո՞վ են իրենց երեխաներին գիշերօթիկ ուղարկող ընտանիքները պատրաստ հետ ընդունելու նրանց: Եթե թեկուզ մոտավոր դիտարկենք այդ ընտանիքների վիճակը, որոնք իրենց երեխաներին տարել են հատուկ դպրոց ոչ թե այն պատճառով, որ իրենց երեխաներն ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այլ սոցիալապես անապահով ընտանիքներ են, որոնք չեն կարողանում իրենց երեխաների խնամքը հոգալ կամ չեն ցանկանում, ապա գիշերօթիկների երեխաների մեծ մասի դեպքում խոսքը հաստատ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի մասին չէ»,-ասաց փորձագետը: Նրա խոսքով, այս պարագայում մի շարք խնդիրների բախվելու հնարավորությունը:

Մանրամասն` տեսանյութում

Նա կարծում է, որ այդ երեխաները գիշերօթիկ հաստատությունների փակումից հետո կարող են ունենալ հոգեբանական լուրջ դժվարություններ. «Ամեն դեպքում գիշերօթիկն ապահովում էր նրանց խնամքը, զբաղմունքը եւ այլ պայմանները…Երեխաներ կան, որոնց իրավունքից է բխում տուն չտանելը»:

Կրթության ոլորտի փորձագետը միեւնույն ժամանակ, փաստում է, որ կան ծնողներ, որոնք պետության հետ «մուննաթով» են խոսում եւ փորձում են իրենց պարտականությունները դնել պետության վրա, եւ այս պարագայում պետությունն ինչքան քիչ անի, այնքան այդ ծնողների պատասխանատվության զգացումն իրենց երեխաների հանդեպ կմեծանա:

Արմինե Դավթյանը հավելում է. «Վստահ եմ, որ նախարարությունը գուցե այդ հետազոտությունն ունի իր դիտակետում եւ դրա հիման վրա է կազմակերպում իր գործընթացը, որը ցանկալի էր սահուն անցումով կազմակերպել, նախագծային մոտեցման հիման վրա»: Նրա ձեւակերպմամբ, գիշերօթիկների սահուն փակումը տրամաբանական կլիներ, իսկ կտրուկ փակումը, ինչպես տեսնում ենք, ցնցումների տեղիք է տալիս:

Մանրամասն` տեսանյութում

Անդրադարձ եղավ նաեւ այն հարցին, որ հնարավոր է գիշերօթիկ հաստատությունում երեխայի խնամքի համար նախատեսված գումարներն ուղղվեն հենց երեխաների ընտանիքներ: Փորձագետը նկատեց. «Սակայն հարց է ծագում`արդյոք ամեն ընտանիք ի զորո՞ւ է այդ գումարները ճիշտ ծախսելու: Ես գիտեմ այնպիսի ընտանիքներ, որոնք կարող են այդ գումարն այլ նպատակներով վատնել, իսկ երեխան մնա սոված, առանց հագուստի եւ հիգիենիկ պայմանների: Կան նաեւ այդպիսի ծնողներ, այդ փաստի վրա չպետք է աչք փակեն… Ունեցել ենք դեպք, որ 4 երեխա ունեցող ծնողը պահանջում է, որ իր երեխան տեղավորվի հատուկ դպրոցում, երբ որեւէ խնդիր չունի… Ծնողներ կան, որ խուսափում են երեխայի հանդեպ պատասխանատվությունից եւ նրա մասին հոգ տանելուց, ինչ է թե տեղավորեն գիշերօթիկ հաստատություններում»:

Մանրամասն` տեսանյութում

Արմինե Դավթյանը խոսեց նաեւ գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցներին աշխատանքային օրենսդրության սահմաններում աշխատանքով ապահովել մասին. «Մարդիկ տարիներ շարունակ աշխատել են այդ ոլորտում, եւ նրանց առանց աշխատանքի թողնելը բավականին լուրջ սոցիալական խնդիրր կարող է առաջացնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30