Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալի աշունը /մեղքի մեր բաժինը/

Սեպտեմբեր 02,2019 15:00

Սոցիալի աշխատակից- Որտեղի՞ց եք եկել:
Հայ ներգաղթյալ – Արմենիա, Էջմիածին…
Սոցիալի աշխատակից -Ա՜, ժեներալ Մանվելի՞ց եք փախել:

Երկխոսությունը պիեսից հատված չէ, այլ իրապատում դրամա այն մասին, որ արդեն բռնապետ գեներալի հռչակը վաղուց հայտնի է եղել օտարներին: Այս դրվագը, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ հայցողների փոխանցմամբ, բազմիցս կրկնվել է: Սոցիալի աշխատողներն անգիր գիտեին, որ Հայաստան եւ Էջմիածին բառերից հետո պիտի լսեն՝ գեներալ Մանվելի ահից ենք փախել: Իսկ գեներալն իր երկրի պաշտպանության փոխնախարար էր, կամ պատգամավոր էր:

Հիմա Մանվելը բանտարկված է, հնարավորինս անփառունակ, վարկաբեկված, ծայրահեղ վատառողջ: Գեներալին ոչ ոք չի գրում, չի հիշում, անգամ չեն հավատում, որ հիվանդ է:

Հուլիսի 14-ին ծննդյան 63-ամյակը չտոնող գեներալ Մանվելի կողքին ոչ մեկը չկա: Նրա մշտական ուղեկից արբանյակը՝ կռված մյուս գեներալը, մինչեւ առաջին աքլորականչ ուրացավ իր հերոսին ու հիմա հաստատվել է դրսում: Չկան նաեւ հազարավոր մանվելականները՝ գեներալի անունով ու նրա շքի տակ անօրենությունը հաստատողները:

Ո՞ւր անհետացան այն մարդիկ, որոնց բարձրաձայնված խրախուսանքի ու քծնության շնորհիվ, կամ անտարբեր լռության ու վախի պատճառով քառորդ դար Էջմիածնում, Արմավիրի մարզում ու Հայաստանի Հանրապետությունում իշխում էր գեներալը: Ո՞ւր անհետացան նրա շքախմբի մտավորականները, գեներալին գիրք, բանաստեղծություն, հոդված ու հեռուստահաղորդում ձոնողները, գեներալին քծնելու արդյունքում Էջմիածնում մասնավոր վարժարան ու այլ օջախներ տնօրինող մտավորական-մանվելականները:

Ապագա բռնապետի կենսագրության մեջ այդ մարդիկ անկախ երկրի երեք նախագահներն են, նախագահից էլ ավելի զորեղ դեմքեր, ովքեր «կռված տղուն» նվիրեցին ոչ միայն մեկ շուկա, այլեւ Էջմիածին քաղաքն ու Արմավիրի մարզն ու մոռացան նրա տեղը: Անգամ ընտրությունների ժամանակ չէին հիշում, ինչպես ընդունված էր, քանի որ մանվելականներն առանց հուշումի էլ իրենց գործը գիտեին: Մշտապես միակ թեկնածու Հրանտ Գրիգորյան՝ Մանվելի եղբորորդին, որի դեմքը տասնամյակների ընթացքում ոչ մեկը չտեսավ: Չի երեւացել ոչ ընտրողներին, ոչ էկրանին, ուր մնաց ելույթ ունենար: Բայց չէ որ այդ մարդիկ իրենց ձեռքով (հիմնականում մեկ մարդը՝ ընտանիքի անդամների անձնագրերով) քվե են տվել նրան, վախից դրդված, առանց մեղմացուցիչ հանգամանք ընտրակաշառքի: Հիմա Հրանտ Գրիգորյանն իր կամքից անկախ հանգամանքներով ստիպված է երեւալ հանրությանը, քանի որ իր զոհի որդին 25 տարի անց միայն համարձակվել է արդար դատաստան պահանջել հորը հրազենով սպանողից: Ու քանի որ հորեղբոր զորությունն անցյալ է, Հրանտ Գրիգորյանը պարտավոր է օրենքի առաջ պատասխան տալ: Պատասխան են տալու նաեւ զոհի ընտանիքին նվաստացնողները, որոնք աննախադեպ լկտիությամբ 1994 թվականին սպանվածին ձեւակերպել են որպես դեռ մեկ տարի առաջ՝ 1993 թվականին մարտական գործողությունների ժամանակ զոհվածի, «ՊՆ-ից կեղծ փաստաթուղթ են տվել այն մասին, թե իբր Մհեր Պողոսյանը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս, այն դեպքում, երբ Պողոսյանը զինվորական չի էլ եղել: Նշված փաստաթղթի տակ ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը»:

Ահարկու Մանվելին բանտարկել են, «տուշոնկա» պիտակավորել ու մոռացել:

Արմավիրից դուրս ապրելով, հեռվից, հեղափոխությունից հետո հեշտ է քննարկելը, ուղղակի ուզում ենք վերհիշելով վերլուծել, թե ինչպես հնարավոր եղավ, ձեւավորվեց ու տիրապետեց զարհուրելի մի իրողություն: Եվ թե ինչպես մեր աչքի առաջ լռեց ու հպատակվեց պաշտոնապես 320 հազար բնակիչ ունեցող հինավուրց մի մարզ: Այդ թվում՝ մենք, ընտրելով հեռու մնալու անտարբեր տարբերակը, եւ բավարարվել ընդամենը ասելով՝ «իմ ծննդավայր Ակնալիճը բռնազավթած է»: Հիմա Մանվելը նվիրաբերում է բռնազավթածը. «Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 10,5 մլն դոլար»:

Պետությունը դեռ չի շտապում ընդունել նվերը, կա տարբերակ, որ գողոնն է վերադարձվում: Գողոնի մեջ՝ գեներալի կալվածքում բանտարկված քաղցրահամ բնական Այղր լիճը, զբոսանքի ու հանգստի սիրելի վայր, որի մասին բնակիչները մոռացել էին: Ո՞ւ~մ էր հաճելի 10 հազար դրամ վճարել արջի վանդակի կողքին հողերի մեջ վախեցած նստելու համար:

Ապագա բռնապետի կենսագրությունը պատված է ոչ միայն վախով, այլեւ առասպելներով: Մինչեւ 35 տարեկան նրա մասին լուր չկա: Բայց ահա 40- ամյա գեներալ Մանվելն արդեն պետքական մարդ էր ոչ միայն Արցախում`թշնամու առաջ, այլեւ նախագահական ընտրություններում՝ ընդդիմության առաջ: Վկա՝ 1996 թվականին հայտնի «Արշալույսգեյթը»՝ գեներալ Մանվելի 40- ամյակի անգերազանցելի վակխանալիան, մութ ու ցուրտ տարիներին դիմակայած ժողովրդին ուղղված բարձր մակարդակի զգուշացում՝ իրենց հերոսին ամեն ինչ կարելի է: Ապագա բռնապետի առաջ արդեն բաց էին բոլոր դռները, հանրության համար՝ կողպված Մանվելից ու մանվելականներից պաշտպանվելու բոլոր օրինավոր դռներն ու ճանապարհները: Մանվելը առասպելական հերոս էր, հանրապետության ամենահայտնի մարդկանց հովանավորյալը: Նա՝ երկրապահ Մանվելը, ընտրություն կեղծելու անկասելի ու հուսալի բիրտ գործիք էր, ուստիեւ դուրս էր օրենքից: Իսկ մյուսները թող հպատակվեն, արտագաղթեն, քոչեն Մանվելի մայլից, կամ՝ մանվելական դառնան, մի խոսքով՝ ազատ են իրենց ընտրության մեջ:

Իսկ ծննդավայր Արշալույսում սովետական գյուղացի Մանվելի մանկությունը նման է եղել բոլորիս մանկությանը՝ մինչեւ միջնակարգ դպրոցն ավարտելը: Հին բառով՝ չսովորող աշակերտը տասնամյակն ավարտել է խորհրդային պարտուսի պատճառով: Իրեն հատուկ համարձակություն եւ յուրօրինակ վարք է դրսեւորել ավարտական «Ինչ եմ երազում դառնալ» շարադրության մեջ (որը կարող եք կարդալ «Առավոտի» կայքում, 07.09.2018)
Ուղղամիտ պատանին գրել էր, որ երազում է ունենալ տասը խոզ, որպեսզի պահի-բազմացնի, վաճառի ու մեքենա ունենա: Երկու անգամ դատապարտվել է, մեկ անգամ՝ խոզերը կերակրելու համար Էջմիածնի գործարանից իր ԿամԱԶ-ով կեր դուրս բերելու համար՝ ըստ բանավոր լուրերի: 1988թ. հազարավոր արմավիրցիների պես մասնակցել է ազատամարտին, վերադարձել արդեն հերոսի հռչակով: Ու սկսվել է մի ուրիշ կյանք՝ իր կողքին կռված Նազիկ Ամիրյանի հետ: Տիկին Նազիկը պակաս ահուսարսափի խորհրդանիշ չէր, եւ շատերը գեներալի ներկա վիճակի մեղավոր են համարում մեղադրյալի աթոռին միայնակ նստած տիկին Նազիկի ագահությունը:

Մանվելի առաջ մեղավոր են նաեւ Մանվելին իրավաբանի դիպլոմ (գուցեեւ՝ կարմիր) շնորհողները: Այսպես՝ Մանվել Գրիգորյանը 1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998 թվականին ավարտել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1996 թվականին ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները:

Մանվելի արջերից վախը կար, սակայն արջերի մասին լեգենդները հաստատվեցին հեղափոխությունից հետո, ու պարզվեց սովորական արջ են անսովոր կերակրացանկով՝ տուշոնկա-սգուշչյոնկա: Դրանց կողքին զինվորի ներքնաշորեր, չուղարկված նամակներ, անձեռոցիկ, շտապօգնության մեքենաներ: Բայց քչերին էր հայտնի Մանվելի վագրերի մասին, եւ որ գեներալը սիրել է վագրի հետ զբոսնել Էջմիածին քաղաքում:

Նույնքան ֆանտաստիկ, սարսռազդու եւ աբսուրդ, ինչպես Խուլիո Կորտասարի «Սենյակում վագր կա» պատմվածքում:

Կարելի էր խեղդվել Հայաստանում ու առանձնապես Արմավիրում՝ աղքատությունից ու ոգու աղքատությունից, ուր տիրում ու տիրապետում էին Մանվելն ու Նազիկը, ուր դատավոր էր Մանվելի դուստրը, քաղաքապետ՝ որդին, պատգամավոր՝ եղբորորդին, էլցանցի պետը՝ հերթական Գրիգորյանը եւ այլն: Մարդիկ արտագաղթել են, հարմարվել աղքատությանը, գաղջին, դառը դատել- դատարկ նստելուն: Մարդիկ ընտրել էին մաքուր մնալու իրենց տարբերակը՝ չառնչվել, չշփվել, չօգտվել, ու ապրել են այդ միջավայրում, ազնիվ, բայց ապատիկ, անհաղորդ, անհեռանկար: Հիմա ինչպե՞ս պիտի Նիկոլ Փաշինյանը մոտիվացնի այս ժողովրդին՝ Մսրա Մելիքի նման ոտքերի տակ շամփուրով այրի (աղքատությունը ձեր գլխում է), ինքնասիրությունը շոյելով համոզի (ՀՀ հպարտ քաղաքացի), ի՞նչ անի:

Մամուլը եւս, չնչին բացառություններով, մոռացել էր Էջմիածինը՝ տարին մեկ լուսաբանելով հերոս Մանվելի այցը Արցախ-Քելբաջար: Իսկ եթե հիշատակվել է Մանվելի չարագործ կերպարը, ապա հիմնականում հռետորական ոճով, կամ՝ պատվիրված Մանվելի մեկ-երկու հակառակորդի կողմից, մոտիվն էլ՝ տարածքների վերաբաշխումը:

Իսկ ո՞նց իրականություն վերադառնար ի բնուստ անընդունակ ու ագահ Մանվելը, երբ իր շրջապատում ոչ ոք չի ասել՝ Մանվել ջան, հերոս ջան, ուշքի արի: Հասկացանք կռվել ես, 200 սեփականության թուղթը քեզ պետք չէ, կամ`ձեռքդ հո քարի տա՞կ չէ, որ արջերիդ պահակը Էջմիածնի քաղաքապետարանի բյուջեց վճարվի, եւ այլն:

Գեներալին ոչ ոք չի սիրել, ու հերոս Մանվելին մենակ են թողել կյանքի հետ անհամատեղելի հիվանդություննների, ծանր սթրեսի, զինվորից գողացած տուշոնկային դեմ-հանդիման:

Վազգեն Սարգսյանն այսօր չի կարող խոսել, բայց փոխարենը ասելու բան պիտի ունենան կամ մեղքի իրենց բաժինն ընդունեն գեներալի ծառայություններից օգտված երեք նախկին նախագահները:

Գուցեեւ սատարեն, ինչն ավելի նորմալ կդիտվի, քան լռել-չքմեղանալը:

Չէ՞ որ ամենակարող թվացող գեներալն ինքն էլ գործիք էր ավելի կիրթ կամ բիրտ իր շեֆերի ձեռքին, որոնցից ցավոք ոչ մեկն էլ զերծ չէր բռնապետական նկրտումներից:

Բայց ի՞նչ է ամենից շատ հուշում բռնապետի այս տխուր «աշունը»: Քանի կան քծնանքի սովոր ու անվտանգ հեռավորություն պաշտպանող զգուշավոր անտարբերների զանգվածներ, միշտ էլ կարող է հայտնվել նոր կիսագրագետ Աուրելիանո Բուենդիա:
Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30