Լրահոս
Օրվա լրահոսը

Գծատերերը Մարությանին առաջարկել են տրանսպորտային նոր ցանցի բիզնեսում մասնավորին էլ ներգրավեն

Սեպտեմբեր 02,2019 14:00

Տնտեսվարողները վստահեցնում են, որ պետությունը միայնակ չի կարող այս բիզնեսի տակից դուրս գալ

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտային ցանցը չի բավարարում անվտանգ, հարմարավետ եւ որակյալ սպասարկում իրականացնելու պահանջները: Այս մասին փաստում են նաեւ քաղաքային նոր իշխանությունները: Սակայն տրանսպորտային նոր համակարգ ունենալու համար դեռ որոշակի քայլեր չեն անում:

Քաղաքացիները շարունակում են երթեւեկել շատ դեպքերում շահագործման ժամկետները սպառած, գերբեռնված գազելներով ու ավտոբուսներով:

Հիշեցնենք, որ Երեւանի տրանսպորտային ցանցը հիմնովին բարեփոխելու, հին, մաշված միկրոավտոբուսներից ձերբազատվելու, մայրաքաղաքի երթեւեկությունը բեռնաթափելու նպատակով Երեւան քաղաքի նախկին իշխանությունները տրանսպորտային ցանցի նոր նախագիծ էին մշակել, որը, ըստ նախկին իշխանությունների, պետք է ներդրվեր 2018-2019 թվականների ընթացքում: Ցանցի նախագծման աշխատանքներն էլ պատվիրել էին WYG խորհրդատվական ընկերությանը: Միջազգային այս խորհրդատուին վարկային միջոցներից 850 հազար դոլար էին վճարել: Սակայն նոր ցանցն այդպես էլ չշահագործվեց: Երեւանի նոր իշխանություններն այդ նախագիծը, կարելի է ասել, չեղյալ հայտարարեցին` պատճառաբանելով, որ ցանցում մի շարք հանգամանքներ հաշվի առնված չեն, ուստի չեն կարող այդ տեսքով այն ներդնել: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ նոր ցանցը կներդրվի 2-4 տարվա ընթացքում: Քաղաքապետի մատնանշած ժամկետից գրեթե մեկ տարին արդեն անցել է:

Երթուղագծեր շահագործող տնտեսվարողները սակայն տեղյակ չեն գործընթացից: Չգիտեն՝ ցանցը պետակա՞ն է լինելու, թե, այնուամենայնիվ, մասնավորն էլ է այս բիզնեսի մեջ լինելու: Նրանցից շատերը վարկեր են վերցրել, տրանսպորտային ցանցը թարմացրել եւ չգիտեն՝ կրկին մտնե՞ն վարկերի տակ, որպեսզի ցանցի պահանջներին համապատասխան ավտոբուսներ ներկրեն:

Երեկ քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է երթուղագծերը շահագործող տնտեսվարողների հետ: Հանդիպումը փակ է եղել, առանց լրատվամիջոցների:

Մասնակիցներից մեկը՝ «Հակո արտադրական կոոպերատիվի» նախագահ Վլադիկ Աբրահամյանը, «Առավոտի» խնդրանքով մանրամասներ ներկայացրեց հանդիպումից: Պարոն Աբրահամյանն ասաց, որ, եթե նախկին ցանցի դեպքում քաղաքային իշխանությունները հաշվարկել էին ու պարզել, որ 100 միլիոն դոլարի ներդրում է պետք, ապա երեկվա հանդիպման ժամանակ խոսք է գնացել 150-ից 200 միլիոն դոլարի մասին:

«Ես էլ առաջարկեցի այդ 200 միլիոն դոլարը պետությունը տրամադրի ժամանակակից զենք-զինամթերք գնելուն, զոհված զինծառայողների ընտանիքներին, զինվորների համար բնակարաններ գնելուն կամ վիրավոր զինվորների բուժումը կազմակերպելուն: Իսկ ցանցը շահագործի մասնավոր բիզնեսը` սեփական միջոցներով ձեռք բերելով այդ շարժակազմը»:

Մեր զրուցակիցը համոզված է, որ պետությունը չի կարողանալու այս բիզնեսի տակից դուրս գալ. «Ասեցի` հաշվարկե՛ք, տեսե՛ք այս տարիների ընթացքում մասնավորը, բոլորը միասին տարեկան որքա՞ն գումար են մուծել պետությանը: Ասեցի` դուք այդքան փող կարո՞ղ եք հավաքել: Էդ ամենը հաշվարկեք` հետո մտածեք մասնավորին տալու մասին»:

Տնտեսվարողները նաեւ հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է քաղաքապետարանն անպայման ուզում, որ երթուղային նոր ցանցը պետությունը շահագործի: Նրանք կարծիք են հայտնել, որ այդ պարագայում մանր ու միջին բիզնեսը լուրջ վնասներ է կրելու, քանի որ մի քանի տասնյակ ընկերություններ փակվելու են, եւ վարորդները մնալու են անգործ, ներկրված ավտոբուսները շահագործելը մեծ բարդություններ է առաջացնելու, քանի որ դրանք սպասարկող մասնագետներ, պահեստամասեր մեր երկրում չկան:

Ըստ Վլադիկ Աբրահամյանի՝ քաղաքապետ Մարությանն ասել է, որ ցանցը պետությանը հանձնելու նպատակը շահույթը բյուջե ուղղելն է: Սակայն քաղաքապետը նաեւ հավելել է, որ ինքը դեմ չէ, որպեսզի այս բիզնեսում ե՛ւ մասնավոր սեկտորն աշխատի, ե՛ւ պետությունը մասնաբաժին ունենա:

Վլ. Աբրահամյանի խոսքով, այսօր 850 վարորդ պակասում է, քանի որ հազարավոր վարորդներ քշում են ՌԴ եւ այլ երկրներ. «Ինչպե՞ս են կարողանալու նոր ցանցի համար այդքան վարորդ ապահովել: Չինացին չի գա ստեղ վարորդ աշխատի: Նա ավտոբուսը մեզ նվեր է տալիս, պետությունը մեզ վրա վաճառում է: Տրանսպորտի ուղեվարձի հարցը նաեւ քննարկեցինք: Ասեցինք, եթե թանկացնեն՝ քաղաքացիները դեմ կլինեն»:

Վլադիկ Աբրահամյանը, որն արդեն 20 տարուց ավելի է՝ շահագործում է մայրաքաղաքի երթուղագծերից մեկը, մի խնդիր էլ է բարձրացրել: Նրա խոսքով՝ երթուղագծերի վարորդները, եթե ճանապարհային երթեւեկության խախտում են կատարում, տուգանքները ոչ թե վարորդի վրա են գնում, այլ` երթուղագծի տիրոջ. «Քաղաքապետին խնդրեցինք այս հարցն էլ մտցնել կառավարության օրակարգ: Վարորդը կուտակում է այդ տուգանքների պարտքերը ու գնում, բայց վճարումները, որոնք շատ դեպքերում հարյուր հազար դրամների են հասնում, մնում է տնտեսվարողի վրա: Վարո՞րդն է խախտումն արել, թող նա էլ պատասխանատվություն կրի»:

Քաղաքապետը տնտեսվարողներին լսելուց հետո ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցում: Նրա խոսքով՝ միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային եւ տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը: Մարությանը հայտնել է, որ էապես կնվազի նաեւ տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս եւ 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաեւ պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30