Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրորդները աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլն են անցկացնում

Սեպտեմբեր 02,2019 12:30

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները ուսումնամարզական հավաքների վերջին փուլն են անցկացնում սեպտեմբերի 18-ին Թաիլանդի Պատտայա քաղաքում մեկնարկող աշխարհի չեմպիոնատից առաջ, որը նաեւ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային կարգավիճակ ունի:

Հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ կանանց հավաքականի կոորդինատոր Փաշիկ Ալավերդյանն արդեն հայտարարել է այն մարզիկների անունները, որոնք մեկնելու են Թաիլանդ: Պատտայայում մրցահարթակ մտնելու է յոթ տղա եւ երկու աղջիկ: Նրանք են. տղամարդիկ. 81 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 89 կգ՝ Հակոբ Մինասյան եւ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ՝ Սամվել Գասպարյան, 109 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան, կանայք. 59 կգ՝ Իզաբելլա Յայլյան եւ 87 կգ՝ Տաթեւ Հակոբյան:

Փաշիկ Ալավերդյանի փոխանցմամբ՝ մարզումներն ընթանում են ըստ հաստատված ծրագրի, եւ ծանրորդները գլխավոր մեկնարկին մոտենում են պատշաճ մարզավիճակում: Ուսումնամարզական հավաքների եզրափակիչ փուլը նախատեսված է անցկացնել Ուկրաինայում:

Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան աշխարհի առաջնությունում պայքարելու է կանանց եւ տղամարդկանց օլիմպիական երկուական ուղեգրի համար: Սակայն Թաիլանդում հաջող մասնակցության դեպքում Փաշիկ Ալավերդյանը չի բացառում, որ կանանց վարկանիշերից մեկը միջազգային ֆեդերացիայի որոշմամբ իրենց խնդրանքով փոխանցվի տղամարդկանց, եւ ուղեգրերի հարաբերակցությունը դառնա 3+1: Այդպիսի որոշում կարող է կայացվել՝ հաշվի առնելով Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրորդների իրական հնարավորությունները:

Սա, իհարկե, վերաբերում է տղաներին, որոնց շանսերը օլիմպիական խաղերում մեդալի համար պայքարելու, անհամեմատ մեծ են: Մասնավորապես, Սիմոն Մարտիրոսյանն իր քաշային կարգում պետք է որ մրցակցությունից դուրս լինի, Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը նույնպես հավակնում են մեդալների, Անդրանիկ Կարապետյանը վերջապես պետք է հաղթահարի անհաջողությունների շրջափուլը, որի հնարավորությունները լիովին ունի: Իսկ ինչ վերաբերում է կանանց, այստեղ Եվրոպայի երիտասարդների 2018 թվականի չեմպիոն Տաթեւ Հակոբյանի դիրքերն են ավելի նախապատվելի, որը Եվրոպայի մեծահասակների մեջ եզրափակել է ուժեղագույնների հնգյակը եւ ավելացնելու տեղ ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30