Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկուհին նախընտրել է Երեւանի կոնսերվատորիան

Սեպտեմբեր 02,2019 12:00

Նախօրեին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացվում էին սփյուռքահայ ուսանողների բակալավրիատ ծրագրով դիմորդների ընդունելության քննությունները:

«Առավոտի» հարցին ի պատասխան՝ կոնսերվատորիայի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Արկադի Ավանեսովը հայտնեց, որ դիմել է 8 երկրից (ԱՄՆ, եվրոպական, Մերձավոր Արեւելքի երկրներ) 30 երաժիշտ՝ համարյա բոլոր մասնագիտությունների գծով (ժողովրդական գործիքներից ու երգեցողությունից մինչեւ կատարողական արվեստ՝ դաշնամուր, ջութակ, դիրիժորություն եւ այլն, ակադեմիական երգեցողությունից մինչեւ ջազ-վոկալ), որը գերազանցում է անցյալ տարվա դիմորդների թվին ոչ միայն քանակապես (շուրջ 20), այլեւ աշխարհագրությամբ:

Մենք զրույցի հրավիրեցինք ԱՄՆ-ից ժամանած սոպրանո Սոնա Նալբանդյանին, որին կմտաբերի նաեւ մեր հանդիսատեսը: Նա 2016թ. Հայաստանում ավանդաբար անցկացվող «Ոսկե ձայն» միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի: Դեռ այն ժամանակ մրցույթի ժյուրին ու հանդիսատեսը գնահատեց երգչուհու հաճելի տեմբրը, հատկապես նրա մեկնաբանմամբ հայ հոգեւոր երաժշտությունից մինչեւ կոմիտասյան երգերի բարձրարվեստ կատարումները: Նույնիսկ առանձնացնում էին Սոնայի մոդելային արտաքինը:

Զրույցի ընթացքում Սոնան, ներկայացնելով իր ընտանիքը, հայտնեց, որ հայրը՝ Արամ Նալբանդյանը, ծնունդով Հայաստանից է, խորհրդային տարիներին համարվել է լավագույն լողորդներից մեկը, հետո ձեռք է բերել բժշկի մասնագիտություն՝ հայտնի է որպես ասեղնաբուժության լավագույն մասնագետ: «Մայրս՝ Սինթիա Սովա-Նալբանդյանը, ամերիկուհի է: Հենց նրանից եմ ի սկզբանե լսել հոգեւոր երաժշտություն: Ծնողներս ընտանիք են կազմել 1989 թվականին: Իսկ ընդհանրապես երաժշտարվեստի, մասնավորապես հայկական, հանդեպ սերս գալիս է տատիցս՝ Ընձանուշ Տեր-Պողոսյանից, որը դարձյալ Հայաստանից է ու հիանալի քանոնահար էր: Տատիս հայրը՝ Պարգեւ Տեր-Պողոսյանը կամ ինչպես նրան գիտեն Կույր Պարգեւ անվամբ, Եղեռնից մազապուրծ փրկվածներից է: Սկզբում նրանք գաղթել են Սիրիա, հետո նոր՝ Ամերիկա: Իսկ Կույր Պարգեւին հայաստանյան երաժշտասերներին առաջինը ներկայացրել է քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը: Վերջինիս մայրն ու մեծ պապս մեծացել են Սիրիայի որբանոցում»,- ասաց Սոնան: Նա մանրամասնեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել 2005թ. եւ իր համար վոկալի դասախոս ընտրել կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Մկրտչյանին: Ինչո՞ւ հատկապես տիկին Մկրտչյանին, մեր զրուցակիցն ասաց, որ պրոֆեսորի ուսանողները, օրինակ, տենոր Արտակ Կիրակոսյանը, բաս Սուրեն Մանուկյանն ու մյուսները մեծ կարիերա են անում «դրսում»:

Մեր զրուցակիցն առանց մանրամասնելու նշեց, որ ԱՄՆ-ում նույնպես մասնակցել է մրցույթների, մասնավոր վոկալի դասերի էլ հաճախել է Անուշ Գալստյանի մոտ:

Այնուամենայնիվ ինչո՞ւ ընտրեց հենց Երեւանի կոնսերվատորիան, երիտասարդ արվեստագետն ի պատասխան՝ ասաց. «Նախ, որ ուսանեմ տիկին Մկրտչյանի ղեկավարությամբ եւ հետո ողջ գիտակցական կյանքս լսել եմ ու կատարել նմուշներ հայկական հոգեւոր երաժշտության գանձարանից մինչեւ կոմիտասյան գոհարներ, Տիգրանյան, Բաբաջանյան … Կարճ ասած՝ ներսս լցված է հայկական մշակույթով, երաժշտությամբ: Եվ նախնիներիս հայրենիքում ուսում ստանալու պատճառներից մեկն էլ, եթե ոչ ամենագլխավորը, հորս խոսքերն են. նա հայաստանյան հեղափոխությունից հետո վստահ է, որ մեր հայրենիքը դեռ շատ առաջ է գնալու…»:

Պրոֆեսոր Կարինե Մկրտչյանը մեր կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե Սոնան ԱՄՆ-ում մոդելային բիզնեսում կհասներ լուրջ հաջողությունների, երաշխիք ունի՞, որ նույնը կգրանցվի նաեւ վոկալ արվեստում, ընդամենը ասաց. «Ես մասնագետ չեմ մոդելային ոլորտի, բայց ակնհայտ է, որ նա մոդելի ընդգծված փայլուն տվյալներ ունի: Բայց իբրեւ վոկալի մասնագետ, հավաստիացնում եմ, նրա՝ իբրեւ վոկալիստի անունը շատ արագ հայտնի կդառնա: Գիտեք, թե ի՜նչ Անուշ է երգում…»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30