Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախը Հայաստանի հանրապետություն չէ, Արցախը Հայաստան է. շնորհավորում են Արցախի հանրապետության ծննդյան օրը

Սեպտեմբեր 02,2019 08:35

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Ինձ համար սա աշխարհի ամենաթանկ ցուցանակներից մեկն է։

Ասեմ կրկին ու միանգամից։

Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է։

Այստեղ օրն ուրիշ փիլիսոփայություն ունի, կյանքն՝ ուրիշ առաքելություն, հացը՝ ուրիշ համ, մարդը ՝ ուրիշ արժեք, խոսքը՝ ուրիշ կշիռ, իսկ wi-fi-ը ՝ վատ որակ։

Ձեր ֆեյսբուքյան տիրույթի հրճվախառը հրմշտոցը այստեղ հարց չի լուծում։ Այստեղ իրական, մսից, արյունից, կյանքի ռիթմը իր սեփական զարկերակով որոշող, փիլիսոփայական դանդաղկոտությամբ և անբացատրելի ինքնահավան վստահությամբ մարդիկ են, որոնց ուղղամիտ, առճակատող անկեղծությունը սթափեցնում է, ջերմացնում ու կանգնեցնում պատասխանատվության առջև միաժամանակ։

«Էս ի՞նչ եք անում» մեղադրանքից խուսափելը նույնքան դժվար է, որքան «էս ի՞նչ էիք արել» հարցի պատասխանը։
Արցախի իրողությունները չհասկացող մարդիկ կարող են շարունակել գոյատևել իրենց հորինված, իրենց հրամցվող «թավշյա» իրականության որոգայթներում։

Իսկ իրականությունը այլ է… Այդ իրականությունը պատմության խաչմերուկ է։ Այն ֆեյսբուքից կարևոր է, live-ից ազդեցիկ, PR-ից թանկ և հեղափոխական «պախմելից» ցավոտ։

Այս իրականությունը մեկ հարցի պատասխան է պահանջում՝ տղերք, Արցախի հարցով թեմա կա՞…

Եթե կա, պատասխան եք տալու հայ ժողովրդի և պատմության առջև։ Եթե չկա, ձեզ պետական գործչի պես պահեք, այն է՝ մոռացեք գալիք ընտրությունների, և հիշեք գալիք սերունդների մասին։

Շնորհավոր ծնունդդ, Արցախի Հանրապետություն»:

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ֆեյսբուքյան էջում գրում է. «Հերոսների սրբատեղին սրբավայր է:

Արցախը վերջին մի քանի հարյուրամյակների հայ ժողովրդի միակ ձեռքբերումն է՝ շատ բաղձալի և միաժամանակ շատ թանկագին:

Թանկագին՝ ոչ միայն պայմանավորված Անկախ Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման առումով իր բացառիկ կարևորությամբ, այլ թանկագին, որովհետև հայ ժողովուրդը շատ թանկ գին է վճարել Արցախի ազատագրման համար:

Պատմության զոհասեղանին մենք դրեցինք մեր լավագույն զավակների կյանքն ու արյունը՝ դրանով իսկ սրբացնելով մեր հերոսներին:

Հերոսների սրբատեղին սրբավայր է: Ահա թե ինչու Արցախը հայության սրբավայրն է՝ մեր Սուրբ Երկիրը: Հայի այցելությունը Արցախ՝ դա ուխտագնացություն է Սուրբ Երկիր:

Արցախը հայության հավատամքն է և խիղճը՝ հայապահպանության ոգեղեն աղբյուրը: Այդ է պատճառը, որ Արցախը անասելի ուժով ձգում և միաժամանակ միավորում է աշխարհի ամենատարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցներին:

Ուստի Արցախը, նախ և առաջ, հոգևոր արժեք է հայերիս համար և յուրաքանչյուրս պետք է մեկ բաղձալի նպատակ փայփայի իր հոգում՝ հաջորդ տարի Արցախում:

Ծնունդդ շնորհավոր Արցախի Հանրապետություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30