Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղական ինքնակառավարումը Արցախում չի կայացել, քաղաքական հետաքրքրությունն էլ կորցրել է». Դավիթ Իշխանյան

Սեպտեմբեր 01,2019 20:00

Սեպտեմբերի 8-ին Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, այդ թվում նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի: Այդ ընտրություններում քաղաքական ուժերի հետաքրքրությունն ակնհայտ չէ, քանի որ քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածուների կամ քաղաքական ուժերի կողմից սատարում ունեցող համայնքի ղեկավարների եւ ավագանիների թիվը չնչին է: Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար հավակնություն դրսեւորած հինգ թեկնածուներից միայն մեկն է առաջադրվել կուսակցության կողմից, ևս մեկ`միեւնույն թեկնածու սատարման մասին հայտարարել են երկու կուսակցություն:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` առաջիկա ՏԻՄ ընտրությունները կարելի՞ է համարել 2020 թվականին կայանալիք համապետական`նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախերգանք:

«Խորքում այդպես պետք է լիներ եւ գուցե ինչ-որ տեղ կա: Բայց, ցավոք, 1998 թվականից մինչեւ այսօր, տեղական ինքնակառավարումը Արցախում ոչ միայն չի կայացել, այլ քաղաքական հետաքրքրությունը կորցրել է»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ՏԻՄ մարմինների ընտրություններում քաղաքական ընտրություններ տեղի չեն ունեցել հատկապես վերջին երկու ընտրությունների ժամանակահատվածում:

«Այս ընտրությունները, բնականաբար, որոշակի մրցակցության եւ հետաքրքրությունների դաշտ բացել են. թե գործող, թե նորաստեղծ քաղաքական ուժերը որոշակի քայլեր են ձեռնարկում, բայց անկեղծորեն պետք է ասեմ` նկատելի չէ այն իրական քաղաքական պայքարը եւ մրցակցությունը, որը ոչ միայն կարող է 2020 թվականի համապետական ընտրությունների նախերգանքը լինել, այլ ընդհանրապես, որպես տեղական ինքնակառավարում` քաղաքական հետաքրքրություն ունենալ: Ես շատ լավ հասկանում եմ տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարումը, դրանց կայացումը, ավագանու ինստիտուտի հաստատումը` ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման տեսանկյունից: Բայց, մյուս կողմից, մեր քաղաքական դաշտում գործող հին ու նոր քաղաքական ուժերի պատկերացումներն ու մոտեցումները հեռու են դասական պատկերացումներից»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30