Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր դավեր Օպերային թատրոնում․ այս անգամ՝ բալետային խմբի ղեկավարի դեմ

Սեպտեմբեր 01,2019 18:52
Opera

Ըստ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանի, պարող Ռուբեն Մուրադյանը, որը ուղիղ մի տարի բեմ դուրս չի եկել, մինչև արձակուրդ վերջին ամսվա՝ հուլիսի ընթացքում տասնմեկ օր էլ աշխատանքի չի ներկայացել, առանց որևէ բացատրության հայտարարում է՝ մենք չենք ուզում աշխատել Արմեն Գրիգորյանի հետ:

Գրիգորյանի խոսքով․ «․․․Եթե սա միմիայն իմ դեմ է, ապա՝ ոչինչ, սակայն համոզված եմ, որ սա թատրոնի դեմ է ուղղված»։

Իր կարծիքով, Մուրադյանի նպատակն է զբաղեցնել իր՝ բալետային խմբի ղեկավարի տեղը, և իր իսկ խոսքերով, թատրոնի որոշ հնաբնակներ օգնում են իրեն։
«Մուրադյանն իր շուրջը հավաքել է նմանատիպ մարդկանց, որոնք ուզում են չաշխատել, և փող ստանալ, ինչպես դա եղել է նախկինում», – ասաց Արմեն Գրիգորյանը։
Նա ավելացնում է․ երբ իրեն ասում ենք, որ քանի որ աշխատանքի չես եկել, պետք է աշխատավարձիցդ պահենք, ինչպես դա արվում է նմանատիպ դեպքերում, նա ընդդիմանում է։

Մաեստրո Գրիգորյանի խոսքերով, վերջին երկու տարում, ինչ նա ղեկավարում է պարային խումբը, քրտնաջան աշխատանքի արդյունքում մեր պարողները հասան աննախադեպ բարձունքների։

Նույն կարծիքին է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը․ «Երբ 2016-ին եկա թատրոն, ապա բալետը բավականին տխուր տպավորություն թողեց ինձ վրա․ եթե պարում էլ էին դրա անդամները, ապա՝ ասենք այսպես՝ իմիջիայլոց, իսկ ոմանք էլ ընդհանրապես աշխատանքի չէին էլ հաճախում․․․ Իսկ այս երկու տարում, ինչ մեր բալետի ղեկավարն է Արմեն Գրիգորյանը, պարային խումբը բարձրացավ բոլորովին այլ բարձունքի վրա՝ դա ցույց տվեց և՛ խաչատրյանական բալետային փառատոնը 2018-ին, և՛ մերոնց ելույթը Մոսկվայի Մեծ թատրոնում անցած տարվա հուլիսի 24-ին»։

Իսկ ի՛նչ արժեր միայն Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» փառահեղ մանկական բալետը Օրբելյանի կողմից Երևան հրավիրված մեծանուն պարուսույց և բեմադրիչ Գենրիխ Մայորովի բեմադրությամբ․․․ Ի դեպ, Մայորովը նշեց մի քանի անգամ, որ շատ ուրախ էր աշխատելու Արմեն Գրիգորյանի հետ։

Մաեստրո Օրբելյանի վկայությամբ, Մեծ թատրոնից հատուկ մերոնց հետ պարապելու համար տարիներ առաջ հրավիրվեց մեծն Գրիգորովիչի օգնական Ռուսլան Պրոնինը, քանի որ, ինչպես իրեն ասել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, մեր պարողները պարզապես ընկնում էին բեմում, և դիրիժորը անգամ չգիտեր, թե որ մեկի վրա նայի։

Նորից անդրադառնալով պարողների աշխատաոճին նախկինում, Արմեն Գրիգորյանը համեմատություն է անում․ մինչև իր գալը թատրոն մարդիկ աշխատանքի էին գալիս ժամը 11-ին, իսկ տուն գնում ժ․12.30-ին, իսկ այժմ գալիս են 11-ին, իսկ տուն գնում արդեն ժամը 16-ին։

Մաեստրո Գրիգորյանի խոսքերով, Ռուբեն Մուրադյանի նման պահվածքը որևէ թատրոն չէր հանդուրժի․ 430 հազար դրամից ավելի ստացող այսպես կոչված առաջատար պարողը մեկ տարվա ընթացքում և ո՛չ մի անգամ բեմ չի բարձրացել, հաճախակի բացակայում է, այն դեպքում, երբ շնորհալի երիտասարդները, ստանալով 80 հազար դրամ, քրտնաջան աշխատում են օրական 5-6 ժամ, այն էլ՝ երեք դահլիճներում։

Խորհրդանշական է, որ նույն մարդիկ 2014 թ․ նմանատիպ «ակցիա» արեցին աշխարհահռչակ բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի դեմ, ով 2009 թ․ թողեց Վաշինգտոնի բալետի գլխավոր բալետմայստերի պաշտոնը՝ հանուն հայրենի թատրոնի բալետի, և չորսուկես տարի մեծ եռանդով և կարգապահությամբ աշխատացնում էր մեր պարողներին։ Տեղի ունեցավ նույնը՝ նրանք, ովքեր սովոր չէին այդ ոճով աշխատել՝ Ռուբեն Մուրադյանի գլխավորությամբ, «ապստամբեցին»։

Եվ նույնիսկ երբ 2017-ին՝ մեծն Շարլ Ազնավուրի կենդանության օրոք մաեստրո Խառատյանը բեմադրում էր «Բոհեմը», նույն մարդիկ դիմեցին Կոնստանտին Օրբելյանին «ընդդեմ Խառատյանի»։ Սակայն մաեստրո Օրբելյանին հաջողվեց մարել կրքերը, և «Բոհեմը» կայացավ, և Ազնավուրն էլ գոհ էր․․․
Ահա այսպիսի բաներ։

Ջորջ ՉԱԽԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30