Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի ոչ թե փողի մասին, այլ Նոբելյան մրցանակի․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 01,2019 15:35

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի միջնակարգ դպրոց:

Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

«Շատ ուրախ եմ, որ այս հրաշալի օրը նշում եմ մեր հայրենիքի այս հրաշալի անկյունում, այսպիսի հրաշալի միջավայրում: Եվ այսօր այստեղից՝ սահմանապահ Վահան գյուղից, իմ ասելիքն ուղղված կլինի ոչ միայն Վահան գյուղի աշակերտներին, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության բոլոր աշակերտներին: Եվ ես ուզում եմ ասել, թե որն է իմ ամենամեծ ցանկությունը Սեպտեմբերի 1-ին, ինչ եմ ես ցանկանում ձեզ բոլորիդ: Ես ցանկանում եմ, որ դուք շատ մեծ վստահություն ձեռք բերեք ինքներդ ձեր ուժերի նկատմամբ, ուզում եմ, որ դուք գիտակցեք, որ սեփական ուժերի նկատմամբ հավատ, վստահություն ձեռք բերելու ամենակարևոր գործիքը գիտելիքն է, որովհետև գիտելիքը մեզ օգնում է ճանաչել մեզ շրջապատող աշխարհը, գիտելիքը մեզ օգնում է ճանաչել ինքներս մեզ, գիտելիքը մեզ օգնում է ճանաչել և իմանալ մեր ինքնությունը, մեր պատմությունը, իմանալ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ինչ անցյալ ունենք և ինչ ապագա պիտի պլանավորենք մեզ համար, մեր երեխաների համար, մեր հայրենիքի համար:

Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր աշակերտները, բոլոր երեխաները, բոլոր պատանիները լայնացնեն իրենց մտահորիզոնը, մտածեն մեծ մասշտաբով, փոքր խնդիրների և փոքր նպատակների վրա չկենտրոնանան, այլ իրենց առաջ դնեն մեծ նպատակներ: Իրենց առաջ դնեն ոչ թե իրենց փողոցի, իրենց թաղամասի, նույնիսկ իրենց քաղաքի, մարզի կամ հայրենիքի մասշտաբով նպատակներ, այլ իրենք իրենց առաջադրեն այնպիսի նպատակներ, որոնք համապատասխան են աշխարհի մասշտաբներին, աշխարհի մակարդակին, եթե ավելի հեռուն գնանք՝ տիեզերական մասշտաբի նպատակներ: Եվ ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի ու երազի ոչ թե մեքենա ունենալու մասին, ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի նոր փոխադրամիջոց ստեղծելու մասին: Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի ոչ թե փողի մասին, ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի Նոբելյան մրցանակի մասին: Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի ոչ թե ոսկյա զարդեր ունենալու մասին, ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի օլիմպիական խաղերի չեմպիոնի ոսկե մեդալ ունենալու մասին:

Շատ հայտնի ասացվածք կա, որն ասում է՝ «եթե ուզում ես փոխել աշխարհը՝ փոխիր ինքդ քեզ»: Բայց հարց է ծագում՝ իսկ ի՞նչպես փոխել, մեզնից յուրաքանչյուրը ի՞նչպես պետք է և ի՞նչպես կարող է փոխել ինքն իրեն: Եվ այդ հարցի իմ պատասխանը հետևյալն է. եթե ուզում եք փոխել, եթե ուզում ենք փոխել ինքներս մեզ, ապա պարտավոր ենք և պիտի հավատանք աշխարհը փոխելու մեր ընդունակությանը, աշխարհը փոխելու մեր առաքելությանը, աշխարհը փոխելու մեր կամքին: Եվ այսօր՝ Սեպտեմբերի 1-ը, Գիտելիքի օրն ինձ համար առաջին հերթին հենց այդպիսի օր է: Սա մի օր է, որ այ այս մեր փոքրիկներից սկսած մինչև բարձր դասարանի աշակերտները պետք է այս դռներից ներս մտնեն՝ աշխարհը փոխելու իրենց առաքելությանը հավատալով, աշխարհը փոխելու իրենց ընդունակությանը հավատալով, աշխարհը փոխելու իրենց կամքին հավատալով:

Սեպտեմբերի 1-ը մի օր է, որ սկսում է մեզնից յուրաքանչյուրի ճանապարհը դեպի մեծ ապագա, դեպի աշխարհն ավելի լավը դարձնելու առաքելության իրականացում: Եվ ես այս կապակցությամբ ուզում եմ մեզ բոլորիս, բոլոր ներկաներին, հանրապետության բոլոր աշակերտներին, բոլոր ուսանողներին, բոլոր պատանիներին և երիտասարդներին շնորհավորել Գիտելիքի օրվա կապակցությամբ, որովհետև այս դպրոցի, ընդհանրապես դպրոցի և ցանկացած կրթական հստատության դռներից ներս մենք պիտի մի բան սովորենք և ինքներս մեզ մի բան սովորեցնենք՝ փոխել աշխարհը, փոխել մեր երկիրը, փոխել մեր գյուղը, փոխել մեր կենցաղը, փոխել նույնիսկ մեր պատմական ճակատագիրը: Եվ սա է մեր առաքելությունը, և մենք պետք է հաղթանակների ճանապարհով քայլենք: Ձեզնից յուրաքանչյուրը պիտի հաղթանակի ճանապարհով քայլի: Ուրեմն Սեպտեմբերի 1-ը ձենզնից յուրաքանչյուրի, մեզնից յուրաքանչյուրի հաղթանակի օրն է, պարզապես դուք պետք է ուղիղ և վստահ քայլեք և վերցնեք ձեր բաժին այդ հաղթանակը: Շնորհավորում եմ բոլորիդ»:

Վարչապետը դպրոցի առաջին դասարանցիներին, որոնց թիվը 15 է, նվիրել է համակարգիչներ: Նիկոլ Փաշինյանը և տիկին Հակոբյանը շրջել են դպրոցով, ծանոթացել առկա պայմաններին և խնդիրներին: Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենը բարձրացրել է դպրոցը համակարգիչներով և խմելու ջրով ապահովելու խնդիր: Վարչապետը խոստացել է հարցին լուծում տալ առաջիկայում:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ծաղիկներ են խոնարհել Վահան գյուղի զոհված ազատամարտիկների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30