Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում տոնել են Ղուբաթլուի (Որոտան) ազատագրման 26-ամյակը

Սեպտեմբեր 01,2019 14:49

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Որոտան համայնքում տոնել են քաղաքի (նախկինում՝ Ղուբաթլու) ազատագրման 26-րդ տարեդարձը։

Տոնական միջոցառմանը մասնակցել են Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Հովհաննես Սահակյանը, Որոտան համայնքի ղեկավար Վրույր Ասրյանը, Որոտանում տեղակայված N զորամասի սպայակազմը, շրջակա համայնքների ղեկավարները, ինչպես նաև բնակիչներ և հյուրեր։

ԾանոթությունՈրոտան համայնքը կազմավորվել է 2013 թ-ի հունիսին՝ նախկին Ղուբաթլու քաղաքի տարածքում առկա զինավանի, Ալիղուլուուշաղի, Բախտիյարլու, Դավուդլու, Մազրա գյուղատեղիների հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է Որոտան քաղաքից, ինչպես նաև Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար և Վանանդ գյուղերից։ Ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 270 մարդ։

Միջոցառման սկզբում ներկաները ծաղիկներ են խոնարհել խաչքար-հուշարձանի մոտ, ինչից հետո հնչել են ՀՀ և ԱՀ պետական օրհներգերը։ Դրանից հետո ելույթով և աղոթքով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորման ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը։ Վերջինս հիշատակել է Հայկ նահապետի առասպելը, որ սեփական ժողովրդի ազատության համար զենք է վերցրել՝ ընդդեմ բռնակալների։ «Ազատության շունչն է, որ կենդանություն է տալիս․ չկա դեպի ազատություն քայլք, չի ապրում մարդը, չկա ազատություն հողատարածքի մեջ, չի ապրում հողը։ Գերի է հողդ, գերի ես դու, օրհնված է հողդ, օրհնված ես դու»,- ճառել է Հրայր սարկավագը։

Իր շնորհավորական խոսքում վարչակազմի ղեկավարի տեղակալ Հ․ Սահակյանը վարչակազմի և վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի անունից շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց՝ կենդանի թե նահատակ, որ ազատագրել են Որոտանը, որ բնակեցրել են Որոտանը և որ շարունակում են պաշտպանել ու շենացնել այն։ Վարչակազմի ղեկավարի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդը և պետությունը քառորդ դար առաջ հնարավոր են դարձրել մի բան, որն անհավատալի էր։ «Ես ինքս ծնունդով սյունեցի եմ, կարծում եմ՝ որոտանցիներից շատերը՝ նույնպես։ Փոքր ժամանակ, երբ հայրիկիս հետ գալիս էի այն ժամանակվա Ղուբաթլուի շրջան, չէի կարող պատկերացնել, որ մի օր այս հողի վրա կանգնած՝ որպես հայկական պետականության պաշտոնյա, կշնորհավորեմ մեր ժողովրդին հայրենիքի այս մի հատվածի ազատագրման և վերահայացման տոնի առթիվ»,- հավելել է Հ․ Սահակյանը։

Հաջորդիվ ելույթ է ունեցել համայնքի ղեկավար Վ․ Ասրյանը։ Վերջինս շեշտել է այն հանգամանքը, որ արցախյան պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ հայ ազգը պարտադրել է թշնամուն հաշվի նստելու իր հետ, ինչի վառ վկայությունն է հայերի ներկայությունն ազատագրված հողերի վրա։ Համայնքի ղեկավարը շնորհավորել է նաև ՀՀ ԶՈՒ բոլոր զինծառայողներին տոնի առթիվ՝ մաղթելով բարի ծառայություն։

Շնորհավորանքի խոսք է ասել նաև Որոտանում տեղակայված N զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Էդգար Մաթևոսյանը։ Իր ելույթով զինվորականն արձանագրել է, որ տարածքի ազատագրումը թույլ տվեց շարունակել Արցախի ապաշրջափակումը և հաղթահարել արհեստականորեն մասնատված ժողովրդի բաժանվածությունը։ «Այս ամենը ձեռք է բերվել շատ թանկ գնով՝ ազատամարտիկների կյանքի, առողջության և հարազատների բարօրության հաշվին»,- հիշեցրել է մայոր Է․ Մաթևոսյանը։

Շնորհավորական ելույթներից հետո մի շարք ներկաների հանձնվել են պետական և գերատեսչական պատվոգրեր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի, Որոտան համայնքի ղեկավարի և ՀՀ ԶՈՒ 1-ին ԶՄ հրամանատար Ժիրայր Պողոսյանի անունից։

Բացման ելույթներին հաջորդել են այս տարի առաջին դասարան գնացող որոտանցի երեխաների յուրատեսակ մուտքը դեպի տոնական շարահրապարակ, ապա զորամասի հետախուզական դասակի ցուցադրական ելույթները։ Հընթացս ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտել շարահրապարակում ցուցադրված զինատեսակները՝ ծանոթանալով դրանց մարտավարատեխնիկական բնութագրերին։

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո համերգային կատարումներով ներկաներին ուրախացրել են «Բերձոր» ժողովրդական գործիքների համույթը և Բերձորի արվեստի դպրոցի Կովսական քաղաքի «Թաթուլ» պարի խումբը։

Այնուհետև շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը և համայնքի ղեկավարը մասնակցել են ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ հրամանատարի գույքային օժանդակությամբ Որոտանում ստեղծված մասնավոր ատամնաբուժարանի բացմանը, ատամնաբույժ Քնարիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել ստեղծված պայմաններին։ Ք․ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ տնտեսվարական գործունեության հետ միաժամանակ պահպանելու է բուժհաստատության սոցիալական նշանակությունը՝ որպես վկայություն բերելով այն, որ մի շարք ծառայություններ ժամկետային զինծառայողների համար լինելու են անվճար։

Հայկազյան համայնքում տեղի է ունեցել կառավարության կողմից կառուցված դպրոցի բացումը

Որոտանից տոնական թափորի մասնակիցներն ուղևորվել են դեպի Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնք, որտեղ կատարվել է կառավարության կողմից կառուցված դպրոցի բացման արարողությունը։ Ներկաները շրջայց են կատարել դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և բարի ուսումնառություն մաղթել աշակերտներին։ «Մեր լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ թշնամին վաղը կտեսնի, որ Ղուբաթլու-Որոտանի ազատագրման օրը մենք շրջանում նաև դպրոց ենք բացում»,- տոնական բաժակաճառով ասել է շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հ․ Սահակյանը։ Հայկազյանի դպրոցի շահառուներն են լինելու ինչպես տվյալ համայնքի երեխաները, այնպես էլ Որոտանի սաները։

ԾանոթությունՀայկազյան համայնքը կազմավորվել է 1997 թ ապրիլին՝ նախկին Ղազյան, Դիլալի Մյուսքանլի, Դոնդարլու գյուղատեղիների հիման վրա։ Համայնքը բաղկացած է Հայկազյան, Ջանֆիդա, Սահառ և Դարբնոց գյուղերից։ Ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 110 մարդ։

 

ԱՀ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30