Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ ճիշտ լուծումը իշխանությունը 1996 թ. ընտրությունների իրական հաղթողին՝ Վազգեն Մանուկյանին փոխանցելն է. Խոսրով Հարությունյան

Սեպտեմբեր 01,2019 10:15

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել անցումային արդարադատությանը վերաբերող մի օրենսդրական նախագիծ: Ճիշտ է, (որքան հասկանում եմ) նախագծի կարգավորման առարկան չի ներառում անցումային արդարադատության, այսպես կոչված, ավանդական ուղղությունների ողջ ծավալը, այլ հիմնականում վերաբերում է ընտրությունների պատմական անցյալին:

Առաջին հայացքից նախագծով հետապնդվող մոտեցումը՝ վեր հանել և ուսումնասիրել 1991 թ.-ից ի վեր բոլոր ընտրություններում տեղ գտած իրավախախտումների, հետընտրական հետապնդումների դեպքերը և փորձել մշակել տուժածների խախտված իրավունքների վերականգման կամ համապատասխան փոխհատուցման մեխանիզմներ և լուծումներ, բավականին տրամաբանական է թվում, թեև դժվար իրականանալի:

Սակայն եթե նախագծի հեղինակները իրոք հետապնդում են զանգվածային ընտրակեղծիքների արատավոր պրակտիկան արմատախիլ անելու և ապագայում այլևս երբեք այդ կերպ իշխանության մարմինների ձևավորումը բացառելու նպատակը, ինչը միանգամայն ողջունելի է, ապա առավել օգտակար կլիներ կատարել մեր քաղաքական պատմության ողջ անցյալի առարկայական և համակողմանի ուսումնասիրություն և լայն հանրությանը ներկայացնել այն դասերը, այդ թվում ինստիտուցիոնալ բացերի մասով, որոնք անհրաժեշտ իրավական և քաղաքական նախադրյալներ կձևավորեն մեր ապագան նման արատներից զերծ պահելու համար:

Քաղաքական ողջամտությունը պահանջում է պատմությանը անդրադառնալ բացառապես ապագայի համար դասեր քաղելու նպատակով:

Բայց, այս ամենի հետ մեկտեղ, առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում անցյալի անարդարություններից «տուժածների և վերջիններիս խախտված իրավունքների» խնդիրը: Ովքե՞ր են տուժածները և որո՞նք են նրանց վերականգման ենթակա իրավունքները:

Ըստ իս, ընտրական անարդարություններից միակ և ամենագլխավոր տուժողը դա մեր հասարակությունն է, որը զրկվեց իր ընտրությամբ և իր պատասխանատվությամբ վաղվա օրը կազմակերպելու իր սահմանադրական իրավունքից:

Ուստի եթե խոսքը գնում է հասարակության ոտնահարված իրավունքներն ու, ինչ որ իմաստով, պատմության ընթացքը վերականգնելու մասին, ապա ես նույնպես գտնում եմ, որ միակ ճիշտ լուծումը իշխանությունը 1996 թ. ընտրությունների իրական հաղթողին՝ Վազգեն Մանուկյանին փոխանցելն է:

Ինքս 1996 թ․ եղել եմ Տեր-Պետրոսյանի նախընտրական թիմում և ակտիվ մասնակցել եմ նրա քարոզարշավին, բայց այսօր կարծում եմ նշված մոտեցումը արդարացված կլինի թե՛ պատմական արդարությունը վերականգնելու և թե՛ պատմական զարգացումները իրենց բնականոն հուն տեղափոխելու տեսակետից:

Ավելին, նման մոտեցմամբ մեր իշխանությունները իրականում կհաստատեն հանրային կյանքում հեղափոխական բարեփոխումներ իրականացնելուն և հեղափոխության հռչակած իդեալներին իրենց նվիրվածությունը:

Ի դեպ, գործող Սահմանադրությունը այդ քաղաքական պրոյեկտը կյանքի կոչելու համար որևէ խոչընդոտ չի հարուցում: Մնում է ցուցաբերել քաղաքական ողջամտություն և խոհեմություն:

 

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

https://www.facebook.com/khosrov.harutyunyan.5/posts/148460512923251

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30