Լրահոս
Օրվա լրահոսը

Մտահոգիչ պատկեր․ Շիրակի մարզի մի քանի դպրոցներ չունեն առաջին դասարանցիներ

Օգոստոս 31,2019 20:37

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի  վարչության պետ Հրայր Կարապետյանն այսօր Նոր Կյանք համայնքում տեղի ունեցած դպրոցի տնօրենների ամենամյա խորհրդակցության ժամանակ որոշակի թվային տվյալներ ներկայացրեց։  Նա ասաց, որ Շիրակի մարզում գործում են 164 հանրակրթական դպրոցներ, որոնցից  148-ը մարզային ենթակայության տակ են։

«Ոչ մի դպրոց չի փակվել ու ունեցել ենք այն թվակազմը, որն ունեինք նախորդ ուսումնական տարում։ 2019 թվականի հունվարի մեկի դրությամբ Շիրակի մարզի դպրոցներ հաճախել  է 31 հազար 75 աշակերտ։ Նրանցից 26 հազար 664-ը մարզային ենթակայության, 4088-ը  Կրթության և գիտության նախարարության ենթակայության և 323-ը՝ ոչ պետական ուսումնական հաստատություններ։

2019-20 թթ․ ուստարում ակնկալվում է աշակերտների թվի աճ․ նախնական տվյալներով, մոտ հաշվարկներով՝ նախորդ տարվա համեմատությամբ կունենանք մոտ 1000-ից ավելի աշակերտներ՝  նոր ուսումնական տարում հաճախող։ Եվ այս տենդենցը պահպանվում է առաջիկայում, եթե այս տեմպով շարունակենք առաջին դասարանցիների ընդունելությունը, առաջիկա 2-3 տարում այս նույն աճը կունենանք համապատասխանաբար յուրաքանչյուր տարի։

Նախորդ տարիների հետ համեմատ, գրանցվել է  12-րդ դասարանի շրջանավարտների թվի աճ, որը նպաստեց նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության թվի աճին։ Նախորդ ուսումնական տարվա 830 շրջանավարտի փոխարեն 2019-ի մայիսին  Շիրակի մարզի շրջանավարտների թիվը կազմել է շուրջ 1725 աշակերտ», -ասաց Հրայր Կարապետյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 2019-2020 ուստարում Շիրակի մարզն անցնում է համընդհանուր ներառական կրթության։

«Այս տարի առաջին դասարանցիների թվաքանակով  ևս որոշակի թիվը պահպանվել է, մոտ 3100 աշակերտներ ունենք սեպտեմբերի մեկին դպրոցներ հաճախող։ Ցավոք, պիտի նշեմ, կան դեռ դպրոցներ, որտեղ առաջին դասարանցիներ չենք ունենալու, բայց այդ թիվը նախորդ տարվա հետ համեմատ պակասել է», -ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Հրայր Կարապետյանը նաև ասաց, որ  2018 թվականի տվյալներով՝ գազիֆիկացվել են 95 դպրոց, էլեկտրաէներգիայով ջեռուցվող դպրոցները 35-ն են, իսկ հեղուկ վառելիքով ջեռուցվողները՝ 18-ն են։

Հրայր Կարապետյանի ու Շիրակի մարզպետի հարցուպատասխանից նաև պարզ դարձավ, որ մյուս տարի 3 դպրոցներ հնարավոր է փակվեն։

«Պարոն մարզպետ, այս հարցը քննարկվել է  նաև նախարարությունում,  այս պահի դրությամբ ոչ միայն Շիրակի մարզում, այլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր համայնքում խնդիր դրված չէ դպրոց փակելու, պարզապես ունենք դպրոցներ, որտեղ բնական աճի պակասի և ընդհանրապես չունենալու պատճառով այս տարի հավանաբար ոչ, բայց մյուս տարի հավանաբար կունենանք նման խնդիր», -ասաց Հրայր Կարապետյանը։ Շիրակի մարզպետն ասաց, որ այլ պատճառներ ևս կան։

Ի դեպ, Aravot.am-ի հետ զրույցում Հրայր Կարապետյանը փոխանցեց, որ առաջին դասարանցիներ չունեցող դպրոցների թիվը նախնական 3-ն են, դրանք են՝ Անի կայարան, Շաղիկ ու Զարիշատ գյուղական համայնքների դպրոցները։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031