Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի նախազգուշացումը դպրոցի տնօրեններին․ հաստիքացուցակը, կադրային քաղաքականությունը կլինեն իր հսկողության ներքո

Օգոստոս 31,2019 19:06

Սեպտեմբերին ընդառաջ Շիրակի մարզի դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդակցությունն  այս տարի տեղի ունեցավ ոչ թե Գյումրիում, այլ Նոր Կյանք համայնքի գեղեցիկ շենք ունեցող դպրոցում։ Շիրակի նոր մարզպետ Տիգրան Պետրոսյանը նոր ձևաչափ է ընտրել՝ սրանով ցույց տալով նաև մյուս տեղանքների կարևորությունը։

Շիրակի մարզպետը, շնորհավորելով բոլորին, նշեց, որ կա մեկ առաջնահերթություն՝ որակյալ կրթության մատուցումը, խոսեց նաև բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտ ունենալու անհրաժեշտության մասին։

Մարզպետն ասաց, որ տարիներ շարունակ դպրոցներում գլխավոր մոտեցում է դարձել այն, թե ով պիտի լինի տնօրենը, ով պիտի լինի փոխտնօրենը, ում ոնց են դարձնում ուսուցիչ։ Նա նշեց, որ պիտի հրաժարվեն այս մոտեցումից, քանի որ դա փակուղի է տանում։

«Այս մոտեցման արդյունքն արդեն ես մի քանի ամիս շարունակ վերացնում եմ,  երբ որ մենք առնչվում ենք տարբեր խնդիրների։ Խնդիրներ, որոնք ունեն քրեական պատմություններ, քրեական պատմությունները կետ առ կետ,  դրանք հետևողական լուծումներ են ստանալու։ Խնդիրներ, որոնք  իրենց մեջ ունեն մարդկային պատմություններ, երբ որ երկու մեծ կամ մի քանի մեծ մարդիկ շատ ավելի փոքր մարդկանց մոտ ստեղծում են իրավիճակներ, որից որևէ բան սովորել հնարավոր չէ, որից միայն վատը կարելի է սովորել։

Բարոյահոգեբանական մթնոլորտն ամբողջությամբ տնօրենների պատասխանատվության տիրույթում է: Այն տնօրենը, որը չի  կարող տիրապետել  իր դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտի  ճիշտ ընթացքով կազմակերպմանը, նույն ձևի չի կարող կազմակերպել  նաև ֆինանսական և մնացած գործառույթները։ Մեր առաջնահերթությունը երեխաներին կրթել, դաստիարակելն է, որոնք այս իրականության մեջ չեն կարող տեղի ունենալ, մենք հետևողական ենք լինելու այս հարցերում»։

Տիգրան Պետրոսյանը նշեց, որ ինքը մարզպետ նշանակվելով, ի սկզբանե հայտարարել է, որ կադրային հարցերում չի միջամտելու։

«Այսքան մարդ նստած եք, մեր իրականությունն այլևս այլ է, այսքան լրագրող է նստած, կարող եք նշել, ազատ եղեք, եղե՞լ է արդյոք դեպք մարզպետարանի՝ իմ կողմից որևէ մեկի հետ կապված ուղղորդման։ Ունեմ մեկ խնդիր․ ձեզ՝ որպես կրթության ոլորտի պատասխանատուներ, տալ հնարավորություն ձեր ամբողջ կարողությունը, ձեր կադրային քաղաքականությունը ձևավորելու և վերջնարդյունքում ունենալ  որակյալ կրթություն տալու հնարավորություն։

Այս մոտեցումը շարունակվում է, կլինի այն մոտեցման տեսակը, որին չի կարելի կպնել, բայց դա չի նշանակում, թե այս մոտեցման արդյունքում ինքնիրավչության մեծ հնարավորություններ են ստեղծվում։ Ցավոք, այդ դեպքերը կան, ցավոք, մարդիկ կան, որոնք ճիշտ չեն ընկալել այս հայտարարությունը և կարծեցին՝ եթե մենք չենք խառնվում, իրենք կարող են անել, ինչ կարող են։ Այդպես չէ, եթե վերջնարդյունքում մենք ունենանք որակյալ կրթական գործընթաց, իհարկե, մեզ համար շատ կարևոր կլինի նաև կազմակերպման պրոցեսը։ Այսինքն գործընթացներն, անկեղծ ասեմ, գնում են այն հունով, որով պիտի գնան, կարող է չեն գնում այն տեմպերով, որոնք մեզ համար ցանկալի են, բայց հունը, ուղղությունը սկզբունքորեն ճիշտ ընտրված են։

Տարբեր մտահոգություններ ենք ստանում այս ընթացքում տարբեր, ոչ ուղղակիորեն կրթության  գործընթացի հետ կապված, օրինակ՝ սննդի տենդեռի հետ կապված, էս վերջերս բավական մտահոգիչ երևույթներ կան, որոնք մենք պիտի պարզենք՝ այդպիսի պրոցեսները հնարավո՞ր են մեր իրականության մեջ, թե՞ ոչ։

Առջևում հաստիքացուցակների հաստատում ունենք, խնդրում եմ առավելագույնս ուշադիր լինել, առավելագույնս ճիշտ ձեր կադրային քաղաքականությունը ներկայացնել հաստիքացուցակներում, հիմա հետևողական տեսնելու ենք, թե ի՞նչ մոտեցումներ են այնտեղ գրված, ի՞նչ սկզբունքներով ենք առաջնորդվելու», -ասաց մարզպետը։

Նա նաև ակնկալեց նոր ստեղծագործ մոտեցումներ, նոր գաղափարներ  ու  խնդրեց մեծ ուշադրություն դարձնել երեխաների հայրենասիրական դաստիարակությանը,  առողջ ապրելակերպին։

«Ֆիզկուլտուրայի ժամերը ձևական չպետք է լինեն»,-շեշտեց մարզպետը։

Նա նաև ասաց, որ կառավարությանն առաջարկել են անդրադառնալ մի քանի դպրոցների խնդիրներին, օրինակ՝ հնարավորություն տալ  այս տարի ամբողջությամբ հրաժարվել  դիզվառելիքով ջեռուցումից։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Ողջունելի կլիներ նաև ուշադրությունը երաժշտություն և հատկապես կրոնի պատմություն առարկաների նկատմամբ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031