Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «պարեցնել» պիցցան կամ  սպասքադրել սեղանը՝ առանց «դիվանագիտական» բամբասանքների

Օգոստոս 31,2019 18:40

Օգոստոսի 31-ին մի խումբ լրագրողներ փորձեցին պիցցա ակրոբատիկա ներկայացնել, ժողովրդախոսակցական լեզվով ասած՝ պիցցայապար: Պիցցա ակրոբատիկայի ժամանակ խոհարարը պիցցայի խմորը գլխապտույտ արագությամբ պտտեցնում է օդում՝ մատների վարժ շարժումով: Դրանից պիցցան ավելի համեղ է ստացվում, թե ոչ, դժվար է ասել, բայց հնարքը իբրեւ պիցցայի պատրաստման բաղադրիչ, գեղեցիկ է:

Այս ամենը հնարավոր դարձավ  «Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիայի՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված ճանաչողական շրջայցի շրջանակներում: Շեֆ-խոհարար Սարգիս Առաքելյանի գլխավորությամբ խոհանոցի հրուշակագործության արտադրամասում  լրագրողները մասնակցեցին պիցցայի պատրաստման՝ պիցցա ակրոբատիկայի էլեմենտներով դասին:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Ավելի վաղ ակադեմիայի տնօրեն Նազելի Նավասարդյանը լրագրողներին  ներկայացրել էր ակադեմիայի գործունեության նպատակները, ուսումնական ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու դասախոսական կազմին:

Ակադեմիայում նաեւ լրագրողներին փոքրիկ «փորձության» ենթարկեցին: «Համերի ճանաչում» ինտերակտիվ դասախոսություն-խաղի ժամանակ խոհարարական ծրագրերի ղեկավար Կարեն Խաչատրյանի ղեկավարությամբ առանց տեսողական, լսողական և հոտառական զգայարանների՝ լրագրողները փորձարկեցին տարբեր մթերքներ՝ արդյունքում պարզելով իրենց համային ընկալիչների զարգացածության աստիճանը:

Լրագրողները ներկա գտնվեցին նաեւ մատուցողների համար նախատեսված սպասարկման ծրագրերի «Արդյունավետ սպասարկում ռեստորանում»  դասընթացին, որը վարում էր  Մարգարիտա Խաչատրյանը: Ի թիվս այլնի, նա խոսեց նաեւ սպասքադրման նրբություններից: Անդրադարձ եղավ Տաջիկստանի նախագահի տված ընթրիքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանի ծայրին նստելու աղմուկ հանած նկարին: Մասնագետը պարզաբանեց, որ այդտեղ չպետք է ենթատեքստեր փնտրել, քանի որ կատարվածը սխալ սպասքադրման հետեւանք է: Նրա խոսքերով, սպասքադրման մեջ եւս պետք է պահպանել մաթեմատիկական ճշգրտությունը՝ նման դեպքերից խուսափելու համար:

Խոհարարական ծրագրերի ղեկավար Կարեն Խաչատրյանը ներկայացրեց  sous vide տեխնոլոգիայով պատրաստված ուտեստի «մաստեր կլաս», իսկ ուսումնական մասի  ավարտից հետո Ակադեմիայի  «Լաբորատորիա» սրճարանում լրագրողները համտեսեցին ուսանողների պատրաստած պիցցան և շեֆ-հրուշակագործ Մարիամ Հովհաննիսյանի պատրաստած թխվածքաբլիթները: Հյուրերին սպասարկեցին ակադեմիայի ուսանողները:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031