Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, «Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի մարզական ակումբը» և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019թ. սեպտեմբերի 2-ին «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» (նախկին «Միկա») մարզասրահում անցկացնելու են Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն պատվիրակություններ Բելառուսից, Իսրայելից, Լիտվայից, Հունաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Արցախից, Հայաստանից:
Տղամարդկանց 9 և կանանց 6 քաշային կարգերում հաղթողները կպարգևատրվեն համապատասխան կարգի մեդալներով ու պատվոգրերով:
Լևոն Հայրապետյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահն էր, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրենը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, Միջազգային կարգի ,,էքստրա,, դասի մրցավար, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ում՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահության ընթացքում հայ սամբիստները աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են ավելի քան 700 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Նա արցախյան շարժման և պատերազմի ակտիվ մասնակից էր, ուներ գնդապետի զինվորական կոչում, 2000-2007 թթ եղել էր ՀՀ ՊՆ Բանակի կենտրոնական մարզական ակումբի պետ, զորամասի հրամանատար:
Գոտեմարտերի սկիզբը՝ ժամը 10:00-ից, հուշամրցաշարի հանդիսությունը, որին կմասնակցեն ՀՀ ՊՆ «Զորական» և ազգային երգի-պարի «Կարին» համույթները ժ. 15:00-ից, այնուհետև՝ եզրափակիչ գոտեմարտերը:
Կարդացեք նաև
Մուտքն ազատ է: