Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Արցախը Հայաստանից անկախ դիտարկելը պառակտում է ժողովուրդը»

Օգոստոս 31,2019 16:51

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրվան ընդառաջ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը խոսեց օրվա խորհրդի մասին:

«Անկախության մասին խոսելիս՝ երկու տեսանկյունից պետք է նայել հարցին. դե յուրե եւ դե ֆակտո», – ասաց Ա. Պապյանը: «Սկսենք իրավականից: Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթուղթն Անկախության հռչակագիրն է: Այնտեղ ի՞նչ է ասվում Արցախի մասին, ի՞նչ կարգավիճակ է ամրագրված: Արցախը միավորվել է Հայաստանին եւ Հայաստանն ու Արցախը անկախացել են որպես մեկ միավոր: Այս հիմնադրույթը պարբերաբար հաստատվել է մեր Սահմանադրության մեջ՝ 1995 թվականի առաջին սահմանադրության եւ 2005 թվականի եւ վերջին՝ 2015 թվականի, որոնցում ձեւակերպվում է այսպես. «Հիմք ընդունելով Անկախության հռչակագրի մեջ ամրագրված սկզբունքները»: Այսինքն, սահմանադրությունը հիմք է ընդունում Անկախության hռչակագիրը:

Անկախության հռչակագրի մեջ եւս մի կետ կա, որն իրավականորեն Արցախն ամրագրում է որպես Հայաստանի Հանրապետության մաս: Դա 4-րդ կետն է, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է ՀՀ քաղաքացիություն: Այստեղից բխում է հետեւյալը. մենք դե ֆակտո ունենք իրավիճակ, որ ՀՀ տարածքում բնակվողները, այդ թվում՝ նաեւ Լեռնային Ղարաբաղի,  փաստացի ստանում են ՀՀ քաղաքացիության վկայականը՝ Հայաստանի Հանրապետության անձնագիրը:

Որ Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է, դրսեւորվում է նաեւ այլ ձեւերով: Օրինակ, զորակոչիկները: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության զինվորը, երբ կատարում է իր սահմանադրական պարտքը, պիտի ծառայի ՀՀ տարածքում: Հետեւաբար, եթե Արցախը Հայաստանի Հանրապետության տարածք չլիներ, մեր զինվորն այնտեղ չէր կարող գտնվել: Կամ, ասենք,  Ստեփանակերտի դպրոցն ավարտած աշակերտը կարո՞ղ է ընդունվել Հայաստանի որեւէ բուհ: Կարող է եւ առանց որեւէ խոչընդոտի, որ գործում է այլ երկրների քաղաքացիների, անգամ այլ երկրների քաղաքացի մեր հայրենակիցների համար: Տարբերություն չկա՝ շրջանավարտը Տավուշի մարզի՞ց է, թե՞ Արցախից: Նույնը՝ հիվանդանոցները:

Նրանք, ովքեր հանդես են գալիս Արցախի անկախության, այսպես կոչված սուբյեկտայնության գաղափարով, զուտ անձնական նպատակներ են հետապնդում: Ավելին ասեմ. դա հակապետական, հակաազգային, հակահայկական տեսակետ է, ինչը պառակտում է հայ ժողովուրդը, հսկայական խնդիրներ է առաջացնում առանց որեւէ դրական բան տալու:

1991 թվականին, երբ հռչակվեց Անկախ Արցախի գաղափարը, մեզ համոզում էին, թե դա ավելի ճիշտ է, որովհետեւ այդպես՝ անկախության ճանապարհով, ավելի հեշտ կգնանք միացման: Պատմականորեն չկա մի դեպք, որ երկու կայացած պետություններ, թեկուզեւ նույն ազգի, ի վերջո միավորվեն: Մենք դա տեսնում ենք Մոլդովա-Ռումինիայի, Գերմանիա-Ավստրիա-Շվեյցարիայի եւ այլ օրինակներով: Անկախությունով միավորման գնալը նման է անդունդի վրայով երկու ցատկով թռչելուն, ինչը հնարավոր չէ: Եվ անցած 28 տարին ցույց է տալիս, որ աշխարհում չկա մի երկիր, որը ճանաչած լինի Արցախի Հանրապետությունը:

Լավ, եկեք պատկերացնենք, որ մի 50 երկիր ճանաչի Արցախի Անկախությունը: Դա ի՞նչ է տալու Արցախին: Դա, արդյոք, Ադրբեջանին իրավունք չի՞ վերապահելու հարձակվել Արցախի վրա: Տեսնում ենք, որ ճանաչված պետություններն էլ են հարձակվում միմյանց վրա:

Անկախության ճանաչումը շատ ավելի դժվար է, քան միացումը: Ինչո՞ւ: Շատ երկրներ կան, որոնք իրենց սեփական խնդիրներն ունեն, այսպես ասած, անկախականների հետ: Եվ իրենց համար Արցախի անկախությունը ճանաչելը նշանակում է այսպես ասած անջատողականության հերթական նախադեպ սկսել: Հիշենք Բրիտանիան, Իսպանիան: Աշխարհում գրեթե չկա երկիր, որն այդպիսի խնդիր չունենա եւ միշտ վախենում է, որ իրենից ինչ-որ մեկը կանկախանա: Իսկ երբ պետությունների մեջ սահմանների փոփոխություն է տեղի ունենում,  դա սովորական բան է ու ոչ մեկն անգամ չի էլ նկատի, թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը 100 կմ արեւելքո՞վ է անցնում, թե՞ 100 կմ արեւմուտքով: Դա աշխարհի համար միանգամայն միեւնույն է, որովհետեւ որեւէ իրավական հետեւանք իր համար չի ստեղծում:

Համոզելու մյուս թեզն այն էր, թե Հայաստանը զերծ կմնա արտաքին ճնշումներից, հարձակումներից: Այդպիսի բան մենք չենք տեսնում: Օրինակ, սահմանամերձ Տավուշի մարզը շատ ավելի անկայուն է, քան Արցախի մի որեւէ հատված: Տավուշում կրակոցները, ռմբակոծումները ավելի շատ են:  Էլ չեմ ասում շարունակվող շրջափակումը, քաղաքական տարբեր հայտարարությունների ճնշումները իսլամական պետությունների կողմից: Հետեւաբար, Հայաստանին զերծ պահելն էլ չարդարացավ:

Մյուս տարի Արցախում ընտրություններ են լինելու: Ես բարոյապես աջակցելու եմ այն քաղաքական ուժերին կամ անձանց, ովքեր հանդես կգան հայտարարությամբ, որ ընտրվելու պարագայում կանեն ամեն ինչ, որպեսզի իրենց պաշտոնավարման տարիներին հնարավորինս կարճ ժամանակահատվածում Արցախը առանց ցնցումների դառնա Հայաստանի մաս»,-ասաց Արա Պապյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ Մակարյան says:

    Ես էլ համաձայն Արցախը պետք է միանա Հայաստանի դառնանք մեկ պետուփյուն։ Դա հայռրի դարավոր երսզանքն է։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031