Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը կանգնած են լուրջ «քաղաքական փակուղու» առաջ․ «Փաստ»

Օգոստոս 31,2019 11:51
Տևական ժամանակ քաղաքական վերլուծաբաններն ու փորձագետները, ինչպես նաև որոշ քաղաքական շրջանակներ պարբերաբար խոսում էին քաղաքական «թեժ աշնան» մասին, սակայն ունեցանք բավականին «թեժ ամառ»՝ բառի քաղաքական և եղանակային իմաստով։
Այն գաղափարը, որ, որպես կանոն, ամառային արձակուրդային սեզոնը քաղաքական առումով լինում է պասիվ և զերծ որևէ ինտրիգային զարգացումներից, հերքվեց հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած բուռն զարգացումներով։ Հանուն արդարության պետք է փաստել, որ այն քաղաքական գործընթացներին, որին մենք ականատես եղանք վերջին մեկմեկուկես ամսվա ընացքում, մի ողջ տարվա չափաբաժին էր, և հանրային հարթակը հաճախ չէր հասցնում ակտիվ լրահոսին։

Նորություն չէ, որ այսօր հայ հասարակությունը գերքաղաքականացված է, և ամեն երրորդ քաղաքացին կա՛մ քաղաքագետ է, կա՛մ վարչապետ, ուստի քաղաքական ոչ մի դրվագ չի վրիպում խոշորացույցով լրահոսը «մաշող» հայի աչքից։

Հենց դրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր քաղաքական ակտ, լինի դա կուլտուր-կենցաղային միջադեպ, թե տարածաշրջանային լուրջ վերադասավորում, հայկական լրատվական տիրույթում և սոցցանցերում դառնում է «մեմ»-երի առիթ։

Եվ այսպես, հանրային դիսկուրսում էմոցիոնալ քննարկված և արժեհամակարգային ցնցումների հանգեցրած իրադարձությունը կապված էր հայտնի Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ։ Սա այն հարցն էր, որ անմիջապես հարվածեց և միանգամից արթնացրեց ողջ «հայու գենին»։

Իսկ եթե ավելի լուրջ, հենց այս հարցի շուրջ էլ Փաշինյանի թիվ մեկ քննադատները փորձեցին կառուցել իրենց քննադատական կլեյմոն։ Իշխանության սատելիտներն իրենց հերթին, Ստամբուլ յան կոնվենցիայի դրական ելևէջներն ամեն կերպ թմբկահարելով, փորձում էին այնտեղ առկա ռիսկերը քողարկելով՝ այլ լույսի տակ դա մատուցել հասարակությանը։

Որոշ շրջանակներ պնդում էին, որ սա հանրային օրակարգում հատուկ ներառված թեմա է, որն իր հանգուցալուծումը պետք է ստանա ՍԴ մատույցներում և այնտեղ որոշակի հանգուցալուծումներից հետո։ Այս հարցի հետ կապված անգամ ականատես եղանք արդարադատության նախարարի փոփոխությանը. ըստ տեղեկությունների, նորանշանակ նախարարը ոչ միայն կոնվենցիայի վավերացման ջատագովներից է, այլ հենց այդ պետական փաստաթղթի օրինական վավերացման «կնքահայր» դառնալու համար է գործուղված։

Ամռան ընթացքում մյուս կարևոր հարցը, որի թնջուկը դեռևս լուծված չէ և պարզ չէ, թե ի վերջո ինչ հանգուցալուծում է ունենալու, կապված է Ամուլսարի հանքի շահագործման գործընթացի հետ։

Բանն այն է, որ հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը, ում հետ տարիներ առաջ կնքվել է համապատասխան պայմանագիրը և ստացել է հանքի շահագործման լիցենզիան, այսօր գործող կառավարության առաջ խնդիր է դրել՝ կա՛մ թույլ տալ հանքի բուն աշխատանքները սկսել, կա՛մ սեպտեմբերի 11-ին նրանք բողոքով կդիմեն Լոնդոնի արբիտրաժային դատարան։

Ահա հենց այս դիլեման Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին կանգնեցրել է լուրջ «քաղաքական փակուղու» առաջ, և նրանք ուղղակի գտնվում են աննախանձելի իրադրությունում։ Խնդիրն այն աստիճանի բարդ է, որ անգամ այն երկպառակտություն մտցրեց Փաշինյանի թիմի ներսում, քանի որ այնտեղ ընդգրկված, ժամանակին ակտիվիստ, հիմա քաղաքական գործիչ դարձածների համար սա առանցքային նշանակության հարց էր, և իրենց ողջ գործունեության ընթացքում նրանք կայացել են՝ դեմ լինելով Ամուլսարի հանքի շահագործմանը։

 

Անդրանիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031