Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով․ Մոսկվայում մինչ օրս չեն կարողանում հասկանալ Քոչարյանի դեմ գործողությունները․ «Հրապարակ»

Օգոստոս 31,2019 11:20

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ

– Պարոն Տարասով, Ռուսաստանում հետեւո՞ւմ են Ամուլսարի դեպքերին։

– Նայում ենք այս իրավիճակին զգուշությամբ, զարմանքով եւ տագնապով։ Իհարկե, սա Հայաստանի ներքին գործն է, ռուսական շահեր չկան։ Պարզապես այս պատմությունը կարող է հանգեցնել Հայաստանում ներքին ապակայունացման։ Պատահական չէ, կարդում ենք ձեր մամուլը, այդտեղ արդեն բարձրաձայնվում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Հետո կարդում ենք, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, հնարավոր է իշխանության փոփոխություն, եւ Փաշինյանը կարող է կորցնել վարչապետի աթոռը։ Մենք չունենք տպավորություն, որ նա պատրաստ է իրավիճակի նման զարգացմանը, եւ թվում է, որ կարող է «ձգել գայկաները», եւ իրավիճակը կսրվի։ Իսկ, ընդհանուր առմամբ, այս ապակայունացման իրավիճակը Մոսկվային ձեռնտու չէ։

– Մի քանի օր առաջ «Ռեգնում» գործակալության հրապարակած հոդվածում նշվում էր, որ Ամուլսարի ոսկին Փաշինյանին կստիպի հեռանալ, հիմա էլ գրվում է, որ Փաշինյանին ծանր ընտրություն եւ որոշում են սպասվում։ Մյուս կողմից՝ նշվում է, թե Հայաստանին չի հաջողվի զարգացնել զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը, քանի որ դրանք անհամադրելի են։ Ռուսներին դուր չի՞ գա, եթե Ամուլսարը դառնա հանք։

– Ձեզ խորհուրդ կտամ նայել, թե ինչ պարբերական է նման հոդվածներ հրապարակում։ Այսպես կոչված՝ ոչ համակարգային լրատվամիջոցներին, որտեղ քաղաքագետներն ասում են այն, ինչ իրենց թվում է։ Այնպես որ, սա Մոսկվան չի ասում․․․

– «Ռեգնում»-ին այդպիսին չես կոչի, ավելին՝ ունի կրեմլյան շրջանակներին մոտ կանգնած լրատվամիջոցի համարում։

– Այո, այո, այսպես ասեմ՝ մենք ավելի մոտ ենք կանգնած որոշումների ընդունման կենտրոնին․․․ ինչ կարող ենք ասել անկեղծորեն, դա այն է, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Եվ երկրորդ․ Նիկոլ Փաշինյանի քայլերը, իհարկե, զգուշավորություն են առաջացնում։ Մասնավորապես իր՝ Արցախի հարցով խիստ իրարամերժ հայտարարությունները, արտաքին քաղաքական ոլորտին վերաբերող հայտարարությունները, որոնցից հարց է ծագում՝ իսկ Ռուսաստանը նրա համար գործընկեր չէ՞։ Արդյոք չի՞ ուզում Ռուսաստանի թիկունքում էլի ինչ-որ մեկի հետ խաղալ։ Կամ՝ երբ խոսում է, որ սփյուռքը պետք է աշխատի Հայաստանի համար, որովհետեւ ի՞նչ է սփյուռքը․ սփյուռքը Ռուսաստանում 1․5-2 միլիոն հայերն են, նրանք հո այստեղ հայկական անձնագրերով չե՞ն ման գալիս, այլ՝ ռուսաստանյան։ Եվ մենք էլ նրանց  ընդունում ենք որպես լիարժեք համաքաղաքացիներ, որոնք մեր նման պաշտպանում են Ռուսաստանը։ Եվ երբ նրանց կոչ է արվում ցուցաբերել երկակի լոյալություն Հայաստանի ու Ռուսաստանի հանդեպ, սա նույնպես ոչ լավ տրամադրություններ է ստեղծում։
Եվ երկրորդ հարցն այն է, որ Փաշինյանի օրոք Հայաստանը բոլորովին այն չէ, որը Սարգսյանի օրոք էր։ Սարգսյանի օրոք Հայաստանն ավելի դրական էր։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ Պուտինը հոկտեմբերին Հայաստան կգա՞։

– Գիտեք, կան որոշ հարցեր։ Մասնավորապես, Մոսկվայում մինչ օրս չեն կարողանում հասկանալ Քոչարյանի դեմ գործողությունները։ Բանն այն է, որ այստեղ կա մի անձնական պահ, որը ստիպում է զգուշավորություն դրսեւորել։ Բանն այն է, որ Քոչարյանն ու Պուտինը գրեթե ընկերներ են, եւ Պուտինը մի քանի անգամ Քոչարյանին բանտ է զանգել։ Որքանով ես եմ հիշում՝ նրա տարեդարձը շնորհավորեց։ Մի խոսքով, կան խաղի կանոններ, մանավանդ որ Հայաստանի Սահմանադրությամբ՝ նախագահներն  ու նախկին նախագահներն անձեռնմխելի են։ Եվ երբ արդեն սկսվում են վրեժխնդրության տարրեր, հեռացում պատմությունից՝ այն ամենի ֆոնին, որ այդ երկրի առաջ կանգնած են տնտեսությանն առնչվող լրջագույն մարտահրավերներ, այս հեռացումը սկսում է պղտորել հասարակությունը, եւ սա առաջացնում է, նորից եմ ասում՝ զգուշավոր վերաբերմունք։

 

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031