Ուսումնասիրելով պետական գնումներում երկու ոլորտ՝ թղթի եւ վառելիքի ձեռքբերման ծախսերը, նկատեցինք, որ հետաքրքիր միտում է արձանագրվել: Օրինակ՝ 2019թ. 1-ին կիսամյակում ավելի շատ գումար է ծախսվել թղթի համար, քան 2018թ. 1-ին կիսամյակում: Փոխարենը, 2019-ի 1-ին կիսամյակում, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, վառելիքի համար ավելի քիչ գումար է ծախսվել:
Հանրային գնումներում թղթի ձեռքբերման համառոտ ուսումնասիրություն (2018 եւ 2019թթ 1-ին կիսամյակներ)
Համաձայն պետական գնումների հաշվետվողականության ARMEPS համակարգի միջոցով գեներացվող տվյալների՝ 2019թ. 1-ին կիսամյակում գրասենյակային թղթի ձեռքբերման համար հատկացվել է շուրջ 293,3 մլն դրամ, ինչը շուրջ 73 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսերը՝ շուրջ 220,7 մլն դրամ։
2018-ի առաջին կիսամյակում A4 ֆորմատի թղթի 1 տուփի միջին գինը կազմել է 1619 դրամ, իսկ 1 կգ թղթի միջին գինը՝ 612 դրամ։ 2019թ թուղթը ձեռք է բերվել կիլոգրամներով եւ միջինում 1կգ A4 ֆորմատի թղթի գինը կազմել է 678 դրամ, այսինքն՝ 66 դրամով ավելի։
Կարդացեք նաև
2018-ի 1-ին կիսամյակում հնարավոր է նկատել մատակարարների խոշոր կենտրոնացվածություն։ Գրասենյակային թղթի 96%-ն ապահովել է «Սմարթլայն» ընկերությունը (ըստ մամուլի հրապարակումների՝ «Սմարթլայն» ընկերությունը պատկանում է նախորդ նստաշրջանի ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Բեգլարյանին՝ Գագիկ Բեգլարյանի եղբորը-խմբ.): Թեպետ 2019թ-ի առաջին կիսամյակում թղթի ձեռքբերման մրցույթներում հաղթող են ճանաչվել 12 տարբեր ընկերություններ (նախորդ տարվա 8-ի փոխարեն), այնուհանդերձ, «Սմարթլայն» ընկերությունը նորից ունեցել է մեծ մասնաբաժին՝ 81%: Հավելենք, որ Սմարթլայն ՍՊԸ խանութների ցանցը հիմնադրվել է 2004թ. եւ առավել հայտնի է «Կարանդաշ» անվանմամբ։ Հանդիսանում է խոշոր հարկատու՝ ունենալով ե՛ւ մանրածախ, ե՛ւ մեծածախ վաճառք։
Նմանատիպ միտում նկատվել է նաեւ նախորդ ժամանակաշրջաններում։ Մասնավորապես, արդարադատության ոլորտի 4 մարմինների (արդարադատության նախարարություն, ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ԱՆ քրեակատարողական վարչություն եւ դատական դեպարտամենտ) պետգնումների 2017-2018թթ. ուսումնասիրությունները փաստել են, որ 2018թ թղթային տարբերակից անցումը էլեկտրոնային հարթակին չի հանգեցրել թղթի ծախսի կրճատմանը, այլ հակառակը՝ 2018 թվականին թղթի ձեռքբերման համար ծախսվել է շուրջ 141 մլն դրամ՝ ի հակադրություն 2017-ին ծախսված շուրջ 84,4 մլն դրամի (ինչպես նաեւ նախորդ տարվա համեմատ թղթի ծախսային մասնաբաժինն այս 4 մարմինների ընդհանուր գնումներում ավելացել է մոտ 2 անգամ՝ 2.2%-ից դառնալով 4.5%)։
Հանրային գնումներում վառելիքի ձեռքբերման համառոտ ուսումնասիրություն (2018-2019թթ. 1-ին կիսամյակներ)
Համաձայն նույն աղբյուրի՝ 2019թ. 1-ին կիսամյակում հանրային մարմինների կողմից ձեռք է բերվել շուրջ 8,1 մլրդ դրամի վառելիք (բենզին եւ դիզելային վառելիք), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 2 մլրդ դրամով ավելի քիչ է։
Ինչպես հայտնի է, նախորդ տարվա համեմատ 2019թ. Հայաստանում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի գների նվազում, ինչն էլ հանդիսացել է հանրային գնումների ծախսերի նվազմանը նպաստող գործոններից մեկը։ Բացի այդ, ծախսային նվազմանը նպաստել է նաեւ վառելիքի գնման քանակի փոփոխությունը։ Այսպիսով, 2018թ. առաջին կիսամյակում ձեռք է բերվել 8,9 մլն լիտր եւ 572 հազար տոննա վառելիք, իսկ 2019թ. 1-ին կիսամյակում՝ 1,4 մլն լիտր (մոտ 6 անգամ պակաս) եւ հազար տոննա (572 անգամ պակաս) վառելիք։
Խոշորագույն վառելիք սպառող կառույցներն են պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, պետական պահպանության ծառայությունը եւ արդարադատության նախարարությունը։
Վառելիքի 41%-ը ձեռք է բերվել նախարարությունների կողմից։
Ստորեւ բերված աղյուսակում կարելի է տեսնել կառուցվածքը՝ համապատասխանաբար՝ 2018 եւ 2019 թթ. 1-ին կիսամյակների ցուցանիշները։
Ի դեպ, ԱԺ կողմից ձեռք բերված վառելիքի ծախսը կրճատվել է 26 մլն դրամով կամ 36%-ով, իսկ գլխավոր դատախազության, վարչապետի աշխատակազմի, նախագահի աշխատակազմի վառելիքի սպառումն ավելացել է համապատասխանաբար՝ 25 մլն, 33 մլն եւ 3 մլն դրամով։
Հանրային մարմինների կողմից մեծ է պահանջարկը հատկապես ռեգուլյար տեսակի բենզինի նկատմամբ՝ 81% ընդհանուր վառելիքի կառուցվածքում կամ 4,9 մլրդ դրամ։ 2019թ. առաջին կիսամյակի տվյալներով ռեգուլյար տեսակի բենզինը գնվել է 403 դրամ/լիտր միջին գնման գնով։
Հանրային սեկտորի վառելիքի պահանջարկը բավարարող խոշորագույն մատակարարներից են՝ «Ֆլեշ»ՍՊԸ-ն, «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ն եւ «Մաքս Օիլ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունների կողմից մատակարարվող ապրանքատեսակի մի մասը ներկրվել է Բուլղարիայից, իսկ մյուս մասը՝ ՌԴ-ից։ Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ՌԴ-ից ներկրված վառելիքի գնման գինն ավելի մատչելի է, քան Բուլղարիայից ներմուծվածինը։ Օրինակ՝ ռեգուլյար տեսակի բենզինի միջին գնման գինը բուլղարական ապրանքատեսակի համար կազմում է 397 դրամ/լիտր, իսկ ռուսական բենզինի գինը՝ 388 դրամ/լիտր։ Նույն սկզբունքով ՌԴ-ից ներկրված պրեմիում տեսակի 1լ բենզինի գնման գինը ցածր է 10 դրամով, իսկ ամառային դիզելային վառելիքի գնման գինը՝ 8 դրամով։
Արմինե ԲՈՒՌՆԱԶՅԱՆ
Աստղիկ ԱՎՉՅԱՆ
Հանրային քաղաքականության
հետազոտությունների ազգային
կենտրոն ՀԿ
«Առավոտ» օրաթերթ
30.08.2019