Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիայի պրոռեկտորը՝ «լենինյան» ծրագրերի ու «կիսադատարկ դահլիճների» մասին

Օգոստոս 31,2019 12:30

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանի հետ «Առավոտ» օրաթերթի 16.07-2019թ. համարում հրապարակված զրույցից հետո խմբագրությունը ստացել է բազմաթիվ արձագանքներ, այդ թվում՝ մասնագետների կողմից:

Օրինակ, կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի հավաստմամբ. «Ողջունելի եւ գովելի է, որ ռեկտորը վերջապես ձեռնամուխ է եղել կրթական, ցանկալի մտահղացումների, բայց մեր համերգային դահլիճների դատարկությունը, հասարակությունից կտրված լինելը սկսվում է ուսումնական հաստատություններից, այդ թվում՝ կոնսերվատորիայից։ Մինչ օրս, դասավանդումն ընթանում է սովետական (լենինյան) ծրագրով, որով ստորադասվում է ազգայինը, առաջնային տեղը հատկացնելով եվրոպական երաժշտությանը։ Մոտ 100 տարի է, ինչ փորձ է արվում ունկնդիր կրթել, բայց այդ հարցը չի լուծվում։ Ուրեմն անհրաժեշտ է ծրագրերն ազգայնացնել, առաջնային տեղ հատկացնել ազգային երաժշտությանը, կրթել ազգային մտածողությամբ երաժիշտների…»:

Այս խնդիրների առնչությամբ մասնագիտական պատասխանի ակնկալիքով դիմեցինք արվեստագիտության թեկնածու, կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, Ծովինար Մովսիսյանին:

Մասնագետի խոսքը ներկայացնում ենք առանց միջամտության:

«Թույլ տվեք չհամաձայնել այն մտքի հետ, որ կոնսերվատորիայում դասավանդում են խորհրդային հնացած ծրագրերով։ Ի դեպ, սովետական կրթական համակարգն այն փոքրաթիվ, սակայն ամենանշանակալի ձեռքբերումներից էր, որի արժեքն անժխտելի էր՝ Խորհրդային Միության գոյության ընթացքում եւ դեռ նրա փլուզումից տասնամյակներ անց։ Այդ հղկված եւ տրամաբանված կրթական համակարգի շնորհիվ մենք աշխարհին ներկայացանք բարձր պրոֆեսիոնալ երաժիշտ կատարողներով ու կոմպոզիտորական դպրոցով։ Այդ կրթական համակարգի շնորհիվ էր, որ մեր երաժիշտների առջեւ բաց էին աշխարհի բոլոր մայրցամաքներում գործող նվագախմբերի, օպերային թատրոնների, կրթական հաստատությունների դռները՝ առանց եվրոպական փորձագետների հավատարմագրման ու բոլոնյան համակարգի պահանջների պարտադրանքի, քանի որ ոչ թե դիպլոմն ու իր ներդիրում նշված թվային ցուցանիշները, այլ երաժշտի պրոֆեսիոնալիզմն էր լավագույն որակի հավաստիքը։ Ինչեւէ, եղավ անկախացում, ԽՍՀՄ փլուզում եւ նոր կրթական համակարգերի ու «նոր հեծանիվների» հայտնագործման երկար ու ձիգ տարիներ…

Պետք է նշեմ, որ Հայաստանի անկախացումից առաջ, դեռեւս 80-ականների վերջից, առավել եւս դրանից հետո, կոնսերվատորիայում լրջորեն սկսեցին մտածել ծրագրերի նորացման, ազգային բաղադրիչի տեսակարար կշռի վերանայման, ուսանողների հայեցի դաստիարակության ուղղությամբ։ Ինչ խոսք, եղան նաեւ որոշ թերացումներ, երբեմն՝ անդառնալի։ Սակայն վերջին ժամանակներում մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները նպաստեցին նաեւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում նոր կենսափուլի մեկնարկին։ Մեր ուսումնական հաստատությունը ներկայանում է նոր ժամանակների պահանջներին համապատասխան՝ նորացված, արդիականացված ուսումնական ծրագրերով, ազգայինն արժեւորելու ու պահպանելու եւ համաշխարհային նորարարական ձեռքբերումներով համալրելու ճկուն ռազմավարությամբ։ Այս փուլում խիստ անհրաժեշտություն կա նորացված ուսումնական գործընթացին վերաբերող մասնագիտական գրականությունը համալրելու հայալեզու բարձրակարգ դասագրքերով ու ձեռնարկներով։ Տասնամյակների ընթացքում մեր պրոֆեսորների ու դասախոսների կողմից ստեղծվել են մասնագիտական գրականության արժեքավոր նմուշներ, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով առ այսօր դրանք դեռեւս հրատարակված չեն։

Ինչ վերաբերում է ազգայինին կամ ազգայինի ստորադասմանը եվրոպական երաժշտության համեմատ, այս դրույթի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ կոնսերվատորիական կրթությունը իսկապես լուրջ ակադեմիական կրթություն է՝ հիմնված համաշխարհային երաժշտական մշակույթի պատմության, տեսության, կատարողական արվեստի լավագույն ձեռքբերումների ուսումնասիրման փորձի վրա։ Բայց դա երբեք չի բացառել այդ կրթության ներսում ազգայինի ուսումնասիրման, զարգացման, ավանդույթների փոխանցման բաղադրիչը։ Կոնսերվատորիայում վաղուց ի վեր գործում են ժող. նվագարանների եւ ժողովրդական երգեցողության ամբիոնը, իր հիմնադրման օրվանից հայ երաժշտության աշխարհիկ եւ հոգեւոր ավանդույթների ուսումնասիրությամբ է զբաղվում հայ ժողովրդական ստեղծագործության ամբիոնը, հավաքագրվում, նոտագրվում եւ հրատարակվում են ժողովրդական երգերի ժողովածուներ, կոնսերվատորիայի մի քանի սերունդների վերծանած մեղեդիներով հրատարակվեց ամբողջությամբ եվրոպական նոտագրությամբ Շարակնոցը եւ այլն։ Կատարողական ամբիոններում պարտադիր քննական ծրագրերում ընդգրկված են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, երաժշտության պատմության եւ տեսության դասընթացների ներկայանալի մասը անդրադառնում է հայ երաժշտության հիմնախնդիրներին։

Ինչ վերաբերում է կիսադատարկ դահլիճներին, ապա սա ոչ այնքան կրթական, առավել եւս կոնսերվատորիական խնդիր է, այլ կազմակերպման, մենեջմենթի։ Փոքր Երեւանում երբեմն նույն օրը, նույն ժամին, տարբեր համերգասրահներում մեկը մեկից լավ ծրագրերով համերգներ են նշանակվում։ Ո՞վ է մեր ունկնդիրը, չէ՞ որ այդ բոլոր համերգներին հիմնականում ներկա է պրոֆեսիոնալ երաժիշտների մի ոչ ստվար մաս, որոնք, սակայն, երկընտրանքի առջեւ են կանգնում՝ ու՞ր գնալ…

Ես բացարձակապես դեմ եմ այն պնդմանը, որ համերգները կիսադատարկ դահլիճներում են անցկացվում։ Եթե լավ ծրագիր է, լավ մենակատար կամ խումբ, մի քիչ էլ լավ կազմակերպված գովազդ, մեր հասարակությունը ակտիվ արձագանքում է իր ներկայությամբ։ Եթե հակառակն է տեղի ունենում, ուրեմն այս շղթայում ինչ-որ բան չի ստացվել…

Գրագետ, պատրաստված ունկնդիրը կոնսերվատորիայում չի դաստիարակվում, այլ նախակրթարանից, դպրոցից, ինչը տասնամյակների ընթացքում իրականացնում էր այդ չարչրկված սովետական կրթական համակարգը։ Եթե երեխան մանկուց մեծանում է աղճատված արժեհամակարգով իրականության մեջ, երբ գերակա արժեքների արեւելյան կասկածելի կլկլոցներով, լալահառաչ տնքտնքոցներով երգիկներն ու դրանց հեղինակ-կատարող աստղիկներն են, նա պատկերացում անգամ չունի իրական արժեքների մասին։ Երբ առաջնությունը տրվի երաժշտական կրթության հղկված շղթայական համակարգին, ապա որոշ ժամանակ անց գուցեեւ կունենանք այն պատրաստված, դաստիարակված ունկնդիրը, որի մասին երազում ենք…»,-ասաց Ծովինար Մովսիսյանը:

Սամվել  ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ashot says:

    Հարգելի Ծովինար, այն ինչ ասում եք, ճի՛շտ է, բայց անտրամաբանական: Նախկին ռեկտորն էլ ասում էր, որ մեր տված կադրերով եվրոպայում երեք սիմֆոնիկ նվագախմբեր կարելի է հիմնել… Մի” թե լավ է, որ մեր ազգային միջոցներով կադրեր են պատրաստվում օտար նվագախմբերի համար: Մի” թե լավ է, որ մեր հասարակությունը մոռացել է հայ դասականներին (Գ. Եղիազարյանին, Է. Հովհաննիսյանին, անգամ՝ Ա. Սպենդիարյանին և մյուսներին), քանի որ, համարիա, չեն հնչում նրանց գործերը: Եվրոպայում ունկնդիր կրթելու խնդիր երբեք չի եղել, իսկ մեզ մոտ 100 տարի է չի լուծվում այդ հարցը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Աննա says:

    Հարգելի՛ Աշոտ, նախ գրագետ հայերեն գրել սովորեք, վայել չէ, հետո Ծովինարը կարող էր ավելի լավ ռեկտոր դառնալ, ունի ծրագրեր, իսկ ընդհանուր առմամբ պետք է սինթեզել նորը հին լավի հետ: Շնորհակալություն:

  3. Ashot says:

    Հարգելի Ծովինար, չգիտեմ ով՞ է Աննան, բայց չէր խանգարի մի քիչ կորրեկտ արտահայտվեր … Ինչ վերաբերվում է համերգային դահլիճների դատարկությանը, ես ի նկատի ունեմ վաճառվող տոմսերի քանակը, որը մեծամասամբ պայմանավորված է համերգի ծրագրից, երաժիշտների մտածողությունից (ինչպես նաև Ձեր նշած պատճառներից), որը զարգանում է ուսումնառությունով: Այս հարցում, ուս. հաստատությունները անելիք ունեն … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031