Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ չգիտես, թե ո՞վ կբացի դուռը

Օգոստոս 31,2019 14:00

Գազի աշխատակիցների ու ոստիկանի վրա ժավելի սպիրտ էր լցրել

Ոստիկանության իքս-բաժնի պետը գրավոր հանձնարարել է ոստիկանության բաժանմունքի տեսուչին գտնվել մի բնակարանում` հասարակական կարգի պահպանության նպատակով: Ոստիկանության տեսուչի հետ քաղաքացու բնակարան են գնացել գազի գրասենյակի չորս աշխատակիցներ: Նրանք թակել են բնակարանի դուռը, բնակարանի ներսից բաժանորդ կինը հարցրել է՝ ո՞վ է, լսվել է պատասխանը՝մենք գազի աշխատողներ ենք: Հետեւել է՝ «ինչ իմանամ գազի աշխատակիցներ են, թե «այլմոլորակայիններ»: Ու այս պատմությունը դրանով չի ավարտվել, բացվել է դուռը, հետո… անձը հայտնվել է հոգեբուժարանում:

Անձը, որի մասին պետք է գրեմ, ներկայումս գտնվում է հոգեբուժական հիմնարկներից մեկում: Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նա ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից եւ նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրական միջոց` ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում:

Ութ հատորանոց քրեական գործը դեռ դատական ատյաններում է, եւ հիվանդի ներկայացուցիչը պահանջում է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի` քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու եւ իր պաշտպանյալի նկատմամբ ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը եւ այն ուղարկել նույն դատարան նոր քննության: Ավելին՝ պարտավորեցնել նույն դատարանին նշանակել հոգեբանական եւ նոր` կրկնակի հոգեբուժական փորձաքննություն, կամ նշանակել դատաբժշկական կրկնակի եւ դատահոգեբանական փորձաքննություններ եւ կայացնել հարցը լուծող դատական ակտ:

Ըստ գործի նյութերի, անձը բնակարանի գազասպասարկման ներտնային պայմանագիր չի կնքել: Նրա բնակարան են գնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցներն ու ոստիկանության աշխատակիցը, որոնք կատարել են իրենց մասնագիտական պարտականությունները:

Տեսնելով նրանց, անձը սպառնալիքներ է հնչեցրել իր բնակարան գնացածների հասցեին, ապա պլաստմասե տարայում եղած նատրիումի հիպոքլորիդի՝ ժավելի սպիրտը լցրել է վերջիններիս վրա: Ժավելի սպիրտը ոստիկանի դեմքին էր լցվել, բաճկոնին, գազի աշխատակցի անդրավարտիքին ու վերնաշապիկին, տուժողներից մեկի աչքին, նրա առողջությանն էլ պատճառվել է թեթեւ վնաս՝ աողջության կարճատեւ քայքայումով. աջ աչքն էր վնասվել՝ տեսողության սրության անկման ձեւով:

Ոստիկանը հայտնվել էր տվյալ տարածքում, որովհետեւ, ինչպես պարզվում է, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի իքս-մասնաճյուղի տնօրենն էր դիմել ոստիկանության բաժնի պետին, մասնաճյուղի տնօրենը նույն գրությամբ խնդրել էր, որպեսզի հիշյալ բնակարանի գազամատակարարման դադարեցման աշխատանքների ընթացքում ապահովվի ոստիկանության աշխատակցի ներկայությունը` հասարակական կարգն ու կանոնը պահպանելու նպատակով:

Անձը խնդրել է, որ գազի մարդիկ հեռանան այդտեղից եւ ներկայանան միայն ոստիկանության աշխատակիցների հետ: Այդ ժամանակ ոստիկանն ասել է, որ ինքը ոստիկանության աշխատակից է: Բացվել է դուռը:

Տանտիրոջ հետ էր նրա անմեղսունակ մայրը, որին նույնպես բացատրվել է, որ գազը կանջատվի, եթե ներտնային պայմանագիր չկնքվի:

Բաժանորդները ասել են, որ չեն կնքի պայմանագիր: Գազն անջատել են:

Ըստ դատարանում առկա գործի նյութերի, կանանցից մեկը վերցրել է 1 լիտր տարողության պլաստմասե տարան, որի մեջ ժավելի սպիրտն էր, աստիճանահարթակից լցրել նրանց վրա:

Ոստիկանության տեսուչին հասցված վնասը գնահատվել է 12250 ՀՀ դրամի, գազի աշխատակիցներից մեկինը՝ 4000 ՀՀ դրամ արժողության:

Նախաքննության ժամանակ, անձը հայտնել է, որ «խոշտանգմամբ գործ է վերցվել»: Նա ասել է, որ իրեն մի քանի անգամ խոշտանգել են ոստիկանությունը եւ քննիչները: Իրենք երբեւէ դատահոգեբուժական փորձաքննություն չեն անցել, թե ինքը եւ թե իր դուստրը: Ինքը չգիտի թե մարդիկ ինչ են ուզում ասած լինեն եւ արած լինեն:

Տուժողներից մեկը դատաքննությամբ ցուցմունք էր տվել, հայտնել, թե իրեն ասել են տվյալ հասցեով արի, գազ կա անջատելու. «Ուզում էի անջատել, ձայն են տվել եւ ասել են՝ փախի եւ ինչ-որ հեղուկ լցրեցին եւ լցվեց աչքս»: Ապա, ըստ նրա, ջուր են բերել, լցրել են, լվացվել է, որից հետո շարունակել է աշխատանքը՝ զոդել է, ավարտել է անջատումը եւ հեռացել տեղից:

Տուժողներից մեկն էլ ասել էր. «Բնակարանում գտնվող երկու կանայք հրաժարվել են այդ ամեն ինչից եւ քանի որ մենք հրաման ունեինք գազն անջատելու, գնացել ենք, որ անջատենք եւ այդ կանայք չեն թողել»: Ապա ասել է, որ իրենց վրա եղած շորերը հանձնել են ոստիկանությանը, շալվար եւ սվիտեր` կապույտ գույնի: Իրենք բնակարան չեն ներխուժել:

Վկաներից մեկը՝ գազի աշխատակից, որի վրա ժավելի սպիրտը չի լցվել, հիշել էր ամեն բան. «Գազամատակարարումը դադարեցրել ենք զոդումով եւ հաշվիչը հանել ենք եւ տարել»: Նա ասել է, որ նախաքննության ընթացքում ինչ գրել է, ճիշտ է, ինքը պնդում է իր գրածները: Նաեւ ասել է, որ իրենք բնակարան չեն մտել, միայն գազն են անջատել անվտանգության նկատառումներով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031