Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նայենք ըստ էության՝ դա ընդամենը բժշկական տեղեկանք է, որը ՀՀ-ում չի օգտագործվել»

Օգոստոս 31,2019 15:30

Արարատի մարզպետի նախկին տեղակալ Հայրապետ Բաբայանը նոր իշխանությունների գործողություններում լուրջ քայլեր չի տեսնում. կարծես նրանց թիվ մեկ գործը ինչ-որ մեկին պատժելն է:

«Ընդունում եմ, որ ըստ կարգի՝ քրոջս համար վերցրած բժշկական տեղեկանքը ստացվել է կեղծ փաստաթուղթ, քանի որ չունեի այդ ուղղությամբ կոնկրետ բժշկի ցուցում: Բայց, եթե նայենք ըստ էության, այն, ինչպես որակել են քրեական գործում, հասարակության համար ինչ-որ վտանգ ներկայացնող փաստաթուղթ չէ, այլ ընդամենը բժշկական տեղեկանք, որն ուղարկվել է Շվեյցարիա. ՀՀ-ում չի օգտագործվել»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, պարզաբանեց Արարատի մարզպետի նախկին տեղակալ Հայրապետ Բաբայանը:

Հիշեցնենք՝ Հայրապետ Բաբայանը մեղադրվում է հանրության համար վտանգավոր արարք կատարելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քր. օր. 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում):

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայրապետ Բաբայանն իր քրոջ՝ Սուսաննա Բաբայանի վերաբերյալ ստացել է «Կրծքավանդակի ուռուցք 4-րդ աստիճանի, ծանր ընթացքով որովայնի օրգանների մետաստատիկ ախտահարումով» ախտորոշմամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք: Մեր այն հարցին՝ շահարկվում է, որ այս քաղվածքը ստացել եք, որպեսզի դասավորեք Շվեյցարիայում բնակվող ձեր քրոջ վերադարձը Հայաստան, Հայրապետ Բաբայանն արձագանքեց. «Շվեյցարիայում բնակվող քույրս կարգավիճակի բացակայության պատճառով թույլտվության խնդիր է ընդամենը ունեցել: Դասավորելու խնդիր չկար, ուղղակի այցելություն Հայաստան: Ես դրանով նույնիսկ օգուտ եմ տվել հայ ժողովրդի մի մասնիկին, ՀՀ-ի տնտեսությանն էլ եմ օգուտ տվել դրանով, եւ որեւէ վնաս չեմ տվել: Պաշտոնական դիրքը չարաշահելն այն էր, որ, չսպասելով վերջնական արդյունքներին, կազմել ենք մի փաստաթուղթ, որտեղ ՀՀ-ում բնակվող քույրս շեշտված է եղել որպես հիվանդ: Ինձ համար զարմանալի է, որ այսօր այդպես մեծ աղմուկ է բարձրանում այդ պատճառով: Քրեական գործ՝ երկու հոդվածով, պատժաչափերը՝ մինչեւ վեց տարի: Եթե ինձ մեղադրանք առաջադրելուց, բանտ նստեցնելուց ՀՀ-ում պետք է դրական բան տեղի ունենա, կարող եմ նույնիսկ դրան համաձայնել, եթե իսկապես այն, ինչ ես արել եմ, խանգարում է, որ ՀՀ տնտեսությունը զարգանա, որ ներդրումներ գան ՀՀ: Բայց բավական է շոուներ սարքել, հարկավոր է պետականաշինությամբ զբաղվել, իսկապես տնտեսություն կառուցել եւ մանր-մունր շոուներով հասարակությանը չզբաղեցնել»:

Մեր հարցին՝ այս դրվագն ուշադրություն է գրավել, քանի որ պաշտո՞ն եք զբաղեցրել, այստեղ կա՞ քաղաքական դրդապատճառ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ երբ գործը փոխանակ համաներմամբ փակելու, ինչպես քննիչն էր ասել, երկրորդ հոդվածն է ավելացել, այդ ժամանակ հասկացել է, որ քաղաքական կոմպոնենտ կա. «Առաջին հոդվածով ասվում էր, որ պաշտոնական դիրքի չարաշահմամբ դրդել եմ կեղծ փաստաթուղթ ստեղծելուն: Որ դրդել եմ կեղծ փաստաթուղթ ստեղծելուն՝ ենթադրվում է, որ դա ինչ-որ նպատակի համար պիտի ծառայեր, բայց հայտնվում է երկրորդ հոդվածը, որը փաստում է՝ կեղծ փաստաթուղթը օգտագործել եմ: Այսինքն՝ մենք կարող ենք անվերջ մասերի բաժանել, որ ճոխացնենք: Առաջին հոդվածով չորս տարի էր պատժաչափը, երկրորդով՝ երկու տարի էլ ավելացվում է»:

Հայրապետ Բաբայանը նաեւ պատմեց, թե ինչ է պատահել իր քրոջ հետ իր՝ ազատման դիմում գրելուց հետո. «Երբ հոկտեմբերի 2-ին հայտնի դեպքերը տեղի ունեցան, որոնք վարչապետի կողմից սահմանադրական խախտումներ էին, ես իմ դիմումի համաձայն ազատվեցի աշխատանքից: Դիմումում շեշտեցի՝ առաջարկում եմ ազատել ինձ աշխատանքից, քանի որ չեմ ընդունում իրենց կողմից կառավարման ոճն ու մեթոդները: Կարծես թե այդ բառերը շատ բարկացրել էին իրենց, քանի որ հաջորդ օրը մարզպետ Գարիկ Սարգսյանը կանչում է քրոջս, որը մարզպետարանի իրավաբանական բաժնի պետն է, եւ ասում, որ չի վստահում իրեն եւ խնդրում դիմում գրել աշխատանքից դուրս գալու: Իսկ երբ քույրս պարզաբանում է, որ քաղծառայող է եւ կապ չունի որեւէ կուսակցության հետ ու պարտականությունները ճշգրիտ է կատարել, այդ տարվա հավելավճարներից Գարիկ Սարգսյանը զրկում է քրոջս եւ հայտարարում՝ բա լա՞վ էր, որ եղբայրդ խաղեր էր տալիս: Սա էլ այն կոկորդիլոսներ աճեցնելու, կոկորդիլոսը թռչունի հետ շփոթելու ոճի մեջ է: Ցավալի է, որ նման կարգի ցածր, էժանագին երեւույթներ թույլ տվող պաշտոնյաներ են: Քույրս դիմել է դատարան»:

Հայրապետ Բաբայանը նշեց, որ նոր իշխանությունների հետ որեւէ խնդիր չի ունեցել. չորս ամիս աշխատել է նրանց հետ, փորձել ցույց տալ վտանգները, թե պետական կառավարման մեջ որն է առաջնայինը, որը երկրորդականը, սակայն միշտ անվստահության է հանդիպել: Նա նոր իշխանությունների գործողություններում լուրջ քայլեր չի տեսնում. կարծես նրանց թիվ մեկ գործը ինչ-որ մեկին պատժելն է: Հայրապետ Բաբայանն ասաց, որ պատրաստ է կրել պատիժը, բայց միեւնույն ժամանակ նկատեց՝ այս ամենը կատարվում է իրենց լռեցնելու համար: Հարցին՝ այսինքն միայն ի՞ր հետ չի կատարվում այս ամենը, այլ ընդհանրապես ուղղված է ՀՅԴ-ի դեմ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Համաձայն եմ, որ պատժվողների մեջ կան այնպիսիք, որ նախկին իշխանությունների ժամանակ իրենց ցինիկ են պահել, ժողովրդին կեղեքել: Բայց շատ հաճախ այս քրեական գործերի մեջ կիրառվում է նաեւ մի կոմպոնենտ, որ լռեցնենք որոշներին, կասեցնենք նրանց քաղաքական գործունեությունը, որը, կարծում եմ, մեր նորելուկ իշխանություններին չի հաջողվելու, քանի որ Դաշնակցությանը լռեցնել երբեք որեւէ մեկին չի հաջողվել: Լսեցի, որ այլեւայլ գործեր էլ են հարուցվում. մանրազնին, խոշորացույցով ուսումնասիրվում են: Բնականաբար, դա արվում է քաղաքական դաշտում հեգեմոնիա տարածելու համար, որ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունն է: Նպատակն է լռեցնել բոլորին՝ դատական համակարգը: Նիկոլ Փաշինյանի ոչ մի հայտարարություն չի համապատասխանում իր կատարած գործին. դրանք հաճախ փոխվում են, երբ նայում եք տարիների ընթացքում նրա հայտնած տեսակետներին «Հայկական ժամանակում», որոնք ես համարում եմ շատ ավելի անկեղծ: Հիմա բոլորովին այլ բնույթի հայտարարություններ են արվում: Գործունեության մեջ էլ երեւույթներ կան, որոնք իրեն տանում են դեպի ցայտնոտային իրավիճակ: Թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, Հայաստանը միավորելու, հայ ժողովրդին միավորելու հայտարարություններ, այնինչ հիմա տեսնում ենք սեւերի ու սպիտակների բաժանում. ամեն ինչ անում են, որպեսզի հասարակությունը չկարողանա միավորվել հանուն Հայաստանի ապագայի»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031