Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի խնդիրը նախորդ ռեժիմի ծանր ժառանգությունն է». Անուշ Բեղլոյան

Օգոստոս 31,2019 15:00

Ըստ պատգամավորի՝ Ամուլսարի հարցով որոշման կայացումը գտնվում է
ժողովրդի վստահության քվեն վայելող, նրա շահերը պատշաճ սպասարկող մարմինների տիրույթում։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ այս օրերին շրջանառվող մի շարք հարցերի:

– Տիկին Բեղլոյան, կցանկանայինք իմանալ Ձեր կարծիքը՝ արդյոք Ամուլսարի հարցը հանրաքվեով որոշելը նպատակահարմա՞ր է, ինչպես առաջարկում է Դաշնակցությունը։

-ՀՀ քաղաքացիները ժողովրդավարական եւ արդար ընտրություններով իրենց քվեն շնորհել են ներկա իշխանությանը՝ լիազորելով Հայաստանի ժողովրդի շահերից բխող որոշումներ կայացնել: Ամուլսարի խնդիրը նախորդ ռեժիմի ծանր ժառանգությունն է, եւ դրա լուծումը պահանջում է բազմաթիվ գործոնների ուսումնասիրություն, որոնց թվում են Հայաստանի տնտեսական, սոցիալական, բնապահպանական անվտանգության հարցերը, հետեւաբար որոշման կայացումը գտնվում է ժողովրդի վստահության քվեն վայելող, նրա շահերը պատշաճ սպասարկող մարմինների տիրույթում։

– Ի՞նչ եք կարծում, Ամուլսարի հարցով ճիշտ չի՞ լինի, որ իշխող ուժի խորհրդարանական խմբակցությունը դիրքորոշում հայտնի։

-Հարցը գտնվում է կառավարության տիրույթում, եւ, ինչպես արդեն նշել եմ, պետք է լուծվի բազմաթիվ մասնագիտական նկատառումների հիման վրա։ Այս պարագայում քաղաքական դիրքորոշում հայտնելը, ըստ իս, չի նպաստում հարցի օբյեկտիվը լուծմանը։

– Քաղաքական տարբեր ուժեր հաճախ են խոսում թեժ քաղաքական աշնան մասին. նման նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

-Ես մոտ 25 տարի է՝ աշխատանքի բերումով հետեւել եմ հայկական քաղաքական դաշտին, եւ համարյա ամեն տարի ամռանը խոսվում է «թեժ աշնան» մասին, իսկ ձմեռը՝ «թեժ գարնան». այս տարվա խոսակցությունները բացառություն չեն։

-Կխնդրեի ներկայացնել Ձեր կարծիքը Ամուսարի խնդրի մասին: Եթե պետք լինի՝ կկանգնե՞ք ակտիվիստների կողքին,՝ մանդատը վայր կդնե՞ք:

-Որպես իշխանության ներկայացուցիչ պարտավոր եմ լսել բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները եւ կայացնել այնպիսի որոշումներ, որոնք բխում են Հայաստանի ողջ ժողովրդի շահերից` պահպանելով անաչառություն եւ սթափ դատողություն, ինչը բացառում է շահերի պաշտպանության արշավներ իրականացնող կողմերի գործողությունների մեջ ներառվելը։

– Ռուսական մամուլում հայտնվել է «Փաշինյանի վարկանիշը լռվել է Ամուլսարի հանքավայրի եզրին» վերնագրով եւ բովանդակությամբ հրապարակում: Իրո՞ք Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Ամուլսարի պատճառով ընկել է:

-Մամուլի յուրաքանչյուր հրապարակում, առաջին հերթին անհրաժեշտ է վերլուծել՝ ելնելով լրատվամիջոցի սեփականատերերի քաղաքական շահերի առկայությունից, ֆինանսավորման աղբյուրների բնույթից, ինչպես նաեւ տվյալ լրատվամիջոցում տեղ գտնող լուրերի պատմական արժանահավատության վարկանիշից։ Ծանոթ չեմ որեւէ արժանահավատ հետազոտության, որտեղ արձանագրվել է նշված միտումը: Հետեւաբար, նման հրապարակումները անհիմն են եւ կրում են մանիպուլատիվ բնույթ։

– ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքելով՝ Արմեն Աշոտյանը խորը հիասթափություն արտահայտեց ու հարցրեց՝ ինչի՞ց է դառնացած Նիկոլ Փաշինյանը, օրինակ, որ ստացել է ՀՀ նորագույն պատմության մեջ արցախյան հակամարտության ծագման օրվանից մինչ այսօր ամենահաջողված, ամենալավ բանակցված փաթե՞թը: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը:

-Շարունակ զարմանում եմ, որ ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ ֆիասկո արձանագրած ուժի ներկայացուցիչը շարունակում է արտահայտել տեսակետներ, որոնք վկայում են իր կուսակցության կատարած սխալների վերաբերյալ ռեֆլեքսիայի իսպառ բացակայության մասին:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031