Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Վարդանյան. «Լիդիանին պետք է պատասխանատվության ենթարկել՝ ինչո՞ւ են կեղծ փաստաթղթեր ներկայացրել. պաշտոնական կեղծիք է եղել»

Օգոստոս 30,2019 20:00

«Իմ հարցերը հստակ հաստատվեցին սրանով, որովհետեւ երբ հրապարակվեց «Էլարդի»-ի ուսումնասիրությունը՝ ես այս բոլոր հարցերը բարձրաձայնել եմ, եւ ասել, որ «Էլարդ»-ը չի տվել դրական եզրակացություն եւ թույլ չի տվել, որ այդ հանքը շահագործվի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն՝ անդրադառնալով «Էլարդ»-ի փորձագետների հետ վարչապետի կազմակերպած Skype-կոնֆերանսին:

Վարդանյանն ասաց, որ այդ կոնֆերանսում էլ նշվեց, որ «Էլարդ»-ի ուսումնասիրությամբ բազմաթիվ թերություններ են արձանագրվել.«Եվ այդ թերությունների առկայության պարագայում հնարավոր չէ որեւէ մեկը թույլ տա «Լիդիան Արմենիային» այնտեղ գործունեություն ծավալի  եւ դրանք շատ լուրջ բաներ են: Լիդիանն ասում էր՝ դե դա տեխնիկական բաներ են այդ մեթոդոլոգիան, մոդելավորումը, բայց դրանք լուրջ հարցեր են եւ այս կոնֆարենասի արդյունքում այդ բոլոր հարցերը պարզաբանվեցին»:

Նազելի Վարդանյանի՝ բազմիցս բարձրացրած հարցերից մեկն էլ, ինչպես ինքը նշեց՝ համաձայնագիրն է.«Այդ համաձայնագիր կոչվածը, որտեղ տեղ էին գտել մեղմացման առաջարկները, դա ընդհանրապես քրեական գործի հետ կապ չուներ եւ որեւէ տրամաբանական կապի մեջ չէր:  Ես կարդալուց հետո անմիջապես տարբեր լրատվամիջոցներին ասել եմ՝ դա հետո է կազմվել , այսինքն՝ հիմնական ուսումնասիրությունները, փաստաթուղթը ներկայացնելուց հետո: Եվ այդ պատճառը , որ 2 ամսով հրապարակումը հետաձգվեց, հենց այն է, որ քննչական կոմիտեն  ուզում էր կառչել այդ փաստաթղթից եւ ասեր՝ տեսեք մեղմացման հնարավորություններ կան, որ ռիսկեր չկան եւ այն: Այդ ամբողջ փաստաթղթում ոչ մի բառ չկա, որ ռիսկեր չկան, ոչ մի բառ չկա, որ այդ ռիսկերը կառավարելի են եւ այս կոնֆերանսից պարզվեց, որ այդ հարցերը սկզբից առաջադրված չեն եղել, եւ դա քրեական գործի սահմաններից դուրս է, քննիչը դուրս է եկել իր լիազորություններից, կառավարությունը դրանից տեղյակ չէ, շրջակա միջավայրի նախարարությունը դրանից տեղյակ չէ: Փաստորեն քննչական մարմինն իր վրա վերցրել է շրջակա միջավայրի նախարարության լիազորությունները, նույնիսկ շրջակա միջավայրի նախարարությունն այդ պահին իրավունք չուներ որեւէ համաձայնության գնալ, ինչ-որ պայմանավորվածություններ ունենային, նոր, ինչ-որ մեղմացման մեխանիզմներ ներառեին, որովհետեւ օրենքով սահմանված է ՝սկզբից պետք է լինի փորձաքննական եզրակացություն եւ դրանից դուրս նոր պայմանավորվածություններ թույլ չի տալիս: Եթե շեղումներ կան, ուրեմն՝ նոր փորձաքննություն պետք է արվի»:

Մինչդեռ քննչական կոմիտեն, ըստ Վարդանյանի, այդ բեռն իր վրա էր վերցրել, եւ հետո պարզվեց՝ ինչու. «Երեկ հրապարակված հետաքննության, որ 2016 թվականին փորձաքննության եզրակացությունը ստորագրել է քննիչի հորեղբոր տղան՝ Արամայիս Գրիգորյանը, Յուրա Իվանյանի քույրն աշխատում է բնապահպանության նախարարությունում եւ փորձաքննական մարմնի ղեկավարը եղել է իր խնամին: Այսինքն՝ այս քրեական գործն հենց իրենց դեմ էր ուղղված, որ եթե քրեական գործով որեւէ մեկը պատասխանատվություն կրեր՝ պետք է կրեր փորձագետը, նախկին նախարարը եւ այդ փորձաքննական մարմնի ղեկավարը: Այսինքն, նրանք, ովքեր ստորագրել են այդ փորձաքննական եզրակացությունը, եւ այս ամենը՝  փորձաքննության ծախսերը՝ 400 հազար դոլար, այս ամբողջ աղմուկը արվեց միայն նրա համար, որպեսզի մի բարեկամի կողմից կոծկվի մյուս բարեկամների հանցավոր գործողությունները: Սա անթույլատրելի է, սրա համար մեղավորները պետք է պատասխանատվության  ենթարկվեն: Ես առաջին օրվանից ասում եմ՝ սա պաշտոնական կեղծիք է, պաշտոնական դիրքի չարաշահում է, լիազորությունների գերազանցում է: Պետք է լուրջ քննություն տարվի ե բացի նրանից, որ իրենք ուզում էին փակել այդ գործը, որով կարող էին մեղավոր ճանաչվել բարեկամները, ինչո՞վ էին շահագրգռված, որպեսզի Լիդիանը Ամուլսարում գործունեություն ծավալի, որովհետեւ դա ընդհանրապես քրգործի սահմաններից դուրս էր եւ ինչո՞ւ էին իրենք այդքան պնդում, որ որեւէ վտանգ չկա եւ այդ ամբողջ երաշխիքները տալիս էին»:

Բնապահպան-իրավաբանը նկատեց՝ կոնֆերանսի ժամանակ փորձագետները հստակ ասացին՝ որեւէ երաշխիք չեն կարող տալ, որովհետեւ նյութերը թերի են, արժանահավատ չեն եւ չեն կարող որեւէ եզրակացություն տալ, առանց նոր փորձաքննության այդտեղ հնարավոր չէ գործունեություն ծավալել,  ընդորում, պետք է նորից այդ փորձարկումներն արվեն, անալիզներ արվեն, որպեսզի պարզեն՝ իրականում ռիսկեր կա՞ն, թե՞ չկան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարությանը հանձնարարել էր գնահատել՝ նոր ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատում) պե՞տք է արվի, թե՞ ոչ, առաջիկա օրերին այն պետք է որ պատրասը լինի: Վարդանյանն ասաց՝ շրջակա միջավայրի նախարարությունն այդ ուսումնասիրությամբ պետք է ասի՝ այսքան խախտում է եղել, այսքան թերի փորձաքննություն է եղել, եւ մենք արգելում ենք որեւէ գործունեություն Ամուլսարում:

Նազելի Վարդանյանը վստահեցնում է՝ նորից ՇՄԱԳ պետք է արվի, բայց ոչ թե թղթերով ինչ-որ բաներ նայեն, փոխեն, այլ՝ լուրջ հետազոտություններ պետք է արվեն. «Ասենք՝ Էլարդն ասում էր՝ այսինչ հետազոտությունը չեն արել կամ կարճ ժամանակով են արել, պետք է երկար ժամանակով անեն, այսպիսի հետազոտություններ»:

Aravot.am-ի հարցին՝ կոնֆերանսում հնչած փորձագետների կարծիքները հաշվի առնելով, արդյոք այլեւս անհնարին է դառնում «Լիդիան Արմենիայի»՝ միջազգային արբիտրաժին դիմելը, Վարդանյանը պատասխանեց.«Առանց այն էլ արբիտրաժին դիմելու իրենց հիմքերը շատ թույլ էին: Հիմա իրենք խախտել են մեր օրենսդրությունը, ու պետք է նրանց պատասխնատվության կանչել, թե՝ ինչո՞ւ են կեղծ եւ թերի փաստաթղթեր ներկայացրել: Լիդիանին պետք է պատասխանատվության ենթարկել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031