Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Փաշինյանի՝ Լեհաստան չմեկնելու հարցը բազմաթիվ կողմեր ունի

Օգոստոս 30,2019 20:11

Հայաստանում վերջին օրերին քննարկման առարկա են դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեհաստանի Կրինիցա Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին չմասնակցելու իրական պատճառները։ Շատերի կարծիքով՝ համաժողովին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը կապված է նրա հետ, որ լեհական կողմը չի հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մասնակցելու նույն օրերին Լեհաստանում անցկացվելիք մեկ այլ միջոցառման։

Ի՞նչ է տեղի ունենում

Սեպտեմբերի 3-5-ը Լեհաստանի Կրինիցա Զրդույ քաղաքում անցկացվելու է 29-րդ միջազգային տնտեսական համաժողովը, որի կարևոր հյուրերից պետք է լիներ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի՝ համաժողովին մասնակցելու մասին տեղեկատվությունը տարածել էր միջոցառման պաշտոնական կայքը։

Բացի սա, Լեհաստանում սեպտեմբերի 1-ին մեծ շուքով, միջազգային պատվիրակությունների մասնակցությամբ նշվելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակը, որի միջոցառումներին, սակայն, լեհական կողմը չի հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Օգոստոսի 27-ին լեհական Rzeczpospolita-ն գրեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ի համերաշխություն Պուտինի, որոշել է չեղարկել իր մասնակցությունը Երկրորդ համաշխարհայինի 80-ամյակի միջոցառումներին։

Ավելի ուշ՝ օգոստոսի 28-ին, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Լեհաստան՝ մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին։ Այնուհետեև հայկական մամուլում հայտնվեցին բավական շատ հրապարակումներ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Լեհաստան կատարելիք իր այցը չեղարկել է Լուկաշենկոյի օրինակով՝ նույնպես համերաշխություն հայտնելով Վլադիմիր Պուտինին։

ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով, սակայն, Հայաստանը չի հաստատել համաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Փաշինյանի՝ Լեհաստան չմեկնելու հարցին, հայտարարեց, որ տնտեսական համաժողովին չմասնակցելը ինքնիշխանության արտահայտում է։ «Վարչապետն ունի իր այցերի ծրագիրը, որը և իրականացնում է, և նաև ունի ներքին քաղաքականության իր գերակայությունները»,- ասաց Մնացականյանը։

Նշենք, սակայն, որ սա վերաբերում է Կրինիզա Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական հանձնաժողովին, իսկ ինչ վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին նվիրված միջոցառումներին, ապա վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Fip.am-ի հետ զրույցում նշել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ստացել դրանց մասնակցելու հրավեր։

Իսկ նախկինու՞մ

Համաձայն ՀՀ ԱԳՆ կայքի, Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին հոբելյանական տարելիցների ժամանակ ՀՀ նախագահներից ոչ ոք չի գտնվել Լեհաստանում։ Այսպես, օրինակ, 2004 թվականին՝ Երկրորդ համաշխարհայինի մեկնարկի 65-ամյակին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Լեհաստան, սակայն սեպտեմբերի 5-7-ը, և այն ժամանակվա պաշտոնական հաղորդագրության մեջ չկա հիշատակում պատերազմի մեկնարկին նվիրված միջոցառումներին կամ տնտեսական համաժողովին մասնակցելու վերաբերյալ։ 2009 թվականին՝ պատերազմի մեկնարկի 70-ամյա տարելիցին, ՀՀ նախագահի այց Լեհաստան տեղի չի ունեցել, նույնն էլ՝ 2014 թվականին։

Ուշագրավ է նաև, որ 2009 թվականին Լեհաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 70-ամյա տարելիցի հանդիսավոր միջոցառմանը այն ժամանակվա ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մասնակցել է։

Եվ այնուամենայնիվ

Հետաքրքրական է, որ արտգործնախարարը լրագրողների հետ վերոնշյալ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով Փաշինյանի՝ Լեհաստան չմեկնելու և Պուտինի ու Լուկաշենկոյի մասին հարցին, բավական հուզական հայտարարություններ է արել։ Նախարարը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը որոշակի նրբազգացություն ունի Երկրորդ համաշխարհայինի հետ կապված հարցում, քանի որ հայերը մեծ ներդրում են ունեցել պատերազմում Խորհրդային Միության բանակի կազմում։ «Այստեղ հարցն ուրիշ է։ Այստեղ հարցը նաև սկզբունքային է․ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքում մենք ներկայացնում ենք մի երկիր, որն անմիջական առնչություն, ներգրավվածություն է ունեցել»,- ասել է Մնացականյանը։

Նախարարի խոսքերից, ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը հրավիրված չի եղել այդ միջոցառմանը, իսկ արտգործնախարարի ձևակերպումները բողոքի որոշակի երանգներ են պարունակում իրենց մեջ։

Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինին համերաշխություն հայտնելու նպատակով Լեհաստան չմեկնելուն, ապա պատկերն այստեղ միանշանակ չէ։ Վերոշարադրյալ համառոտ պատմական ակնարկը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահները չեն մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի հոբելյանական տարելիցների միջոցառումներին։ Ավելին՝ չեն մասնակցել նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց մասնակցել է Վլադիմիր Պուտինը, այսինքն՝ կապը, որ եթե չեն հրավիրում ՌԴ ղեկավարին, ուրեմն չի գնա և ՀՀ ղեկավարը, բացակայում է։

Մեկ այլ հարց է, որ այս դեպքում, հրաժարվելով մասնակցել տնտեսական համաժողովին, Հայաստանը կարող է որոշակի դիվիդենտներ շահել Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք ներկայիս լարված հարաբերություններն ու Ռուսաստանի շարունակական մեկուսացումը միջազգային հարաբերություններում։

Սակայն, հարցի մեկ այլ կողմ է մնում նաև այն, որ միջազգային հարաբերություններում Հայաստանի համար անթույլատրելի է կախվածությունը Ռուսաստանից, ինչպես և այլ երկրներից, քանի որ դա ուղղակիորեն հարցականի տակ կդնի ՀՀ ինքնիշխանությունը։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031