Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչ 5 հիվանդի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցչի ԴՆԹ

Օգոստոս 30,2019 18:09

Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու անկած կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին:

Դեպքերի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով Արմավիրի մարզի Գետաշեն համայնք են մեկնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Ձեռնարկված աշխատանքների և տեղի առողջապահական կազմակերպության բուժաշխատողների հետ համատեղ կազմակերպված շրջայցի արդյունքում հայտնաբերվել է ևս 6 հոգի, որոնց մոտ եղել են սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Բոլորն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ կլինիկական վիճակի գնահատման նպատակով:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ 5 հիվանդի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցչի ԴՆԹ: Համայնքում սահմանվել է բժշկական հսկողություն:

Դեպքերի մասին անմիջապես տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որի հետ համատեղ ձեռնարկվել են աշխատանքներ՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով: Աշխատանքները շարունակվում են:

Սիբիրյան խոցով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է՝

–                      Մի’ գնեք պատահական վայրերից միս-մսամթերք,

–                      Մի’ մոտեցեք անկած (սատկած) կենդանիներին, մի’ ձեռք տվեք դրանց,

–                      Եթե պահում եք գյուղատնտեսական կենդանիներ և դրանց շրջանում նկատում եք առողջական խնդիրներ, ապա անհապաղ դիմեք անասնաբույժին,

–                      Եթե ձեր մաշկային ծածկույթների վրա նկատում եք խոցոտված վերքեր, բշտեր, կարմրակապտավուն բծեր, ապա մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության:

Նշենք, որ սիբիրյան խոցը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ընթանում է մաշկային, հազվադեպ հանդիպում են նաև թոքային և աղիքային ձևերը: Սիբիրյան խոցը փոխանցվում է ընտանի կենդանիներից (խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, ձիեր և այլն) մարդկանց ուղղակի շփման կամ կենդանիներից ստացված մթերքի միջոցով:

Հիվանդության հարուցիչները մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել` մաշկի և լորձաթաղանթի ամբողջականության խախտման (քերծվածք, կտրվածք և այլն), վարակված սննդամթերք (հում վիճակում կամ ծխահարած, ինչպես նաև թերի եփած մսամթերք` երշիկ, մսի ֆարշ) օգտագործելու դեպքում: Վարակվում են հիմնականում կենդանիներին խնամելիս, մորթելիս, մսամթերքը և կաշվեղենը մշակելիս: Վարակվել հնարավոր է նաև պատվաստված կենդանու (մինչ պատվաստումից 14-րդ օրը լրանալը) մսեղիքի հետ շփման ժամանակ:

Սիբիրյան խոցի հարուցիչները կարող են շրջակա միջավայրում (հողում) պահպանվել մինչև 100 տարի:

Մաշկային ձևի ժամանակ մաշկի վրա առաջանում է կարմրակապտավուն բիծ, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտի: Վերջինս քորելիս ինքնաբերաբար պայթում է` առաջացնելով մուգ շագանակագույն հատակով խոց:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031