Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը 2-րդ համաշխարհային պատերազմի 80-ամյա տարելիցի առթիվ
Որպես 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, հայ ժողովուրդը շատ ավելի սուր կերպով է զգում նույն ճակատագրին արժանացած ժողովուրդների ցավը։ Եվ նույն ճակատագրի բերմամբ մենք պարտավոր ենք ցավակից ու զորավիգ լինել նրանց։ Լեհաստանը տասնյակ միլիոնավոր կյանքեր խլած 2-րդ համաշխարհային պատերազմի առաջին զոհն է, իսկ լեհ ժողովուրդը՝ ամենածանր ցեղասպանական կորուստներ կրած ժողովուրդներից մեկը։
2-րդ համաշխարհային պատերազմը ծանրագույն կորուստներ է պատճառել նաև հայ ժողովրդին։ Ընդամենը մեկ սերունդ առաջ ցեղասպանության ենթարկված մեր ժողովուրդը կորցրել է իր շուրջ 300 հազար զավակներին։ Ուստի Հայաստանի Հանրապետության վարչապետի համար չէր կարող լինել ավելի կարևոր գործ, քան Լեհաստանում անցկացվող 2-րդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը։ Դա է պահանջում ոչ միայն ազգային արժանապատվությունն ու բարոյական պարտականությունը, այլև ազգային-պետական շահը։
Անընդունելի ենք համարում 2-րդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի միջոցառումներին չմասնակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը։
Կարդացեք նաև
Հայ ժողովուրդը խորին հարգանքով է վերաբերվում 2-րդ աշխարհամարտի զոհերի հիշատակին և ցավակից ու զորավիգ է ցեղասպանություն վերապրած լեհ ժողովրդին։ Ողջունում ենք Լեհաստանում անցկացվող՝ 2-րդ աշխարհամարտի տարելիցի միջոցառումների բոլոր մասնակիցներին և հավաստիացնում ենք, որ նրանց կողքին ենք հանուն ազատության և ժողովրդավարության։
30 օգոստոսի 2019 թ. Երևան