Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագետների ու մարզպետների աննախադեպ հավաք Գյումրիում

Օգոստոս 30,2019 17:16

Այսօր Գյումրիի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում տեղի ունեցավ աննախադեպ հավաք։

ՀՀ Արտաքին գործերի և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցությամբ Գյումրիում հյուրընկալվել էին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներ ու նաև բոլոր մարզերի մարզպետները։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սա համարեց պատմական օր, որովհետև նման կարգի հանդիպում երբևէ Գյումրիում չէր եղել։ Նրան ոգևորել էր այն միտքը, որ դիվանագետների օգնությամբ կկարողանա ներդրումներ բերել Գյումրի։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր ելույթում ասաց․ «Սա լուրջ իրադարձություն է, եթե չեմ սխալվում Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ նմանատիպ իրադարձություն դեռևս տեղի չի ունեցել, երբ մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հավաքվեն և տարածքային պատասխանատուների հետ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լսեն ու դրանց համար համատեղ լուծումներ փնտրեն, այդ ուղղությամբ աշխատեն»։

Նա ասաց, որ կլինի անկեղծ ու կխոսի խնդիրներից, քանի որ սա ամենապարզ հարթակն է համարում դրանց լուծման։

«Ես պիտի անդրադառնամ տարածքային համաչափ զարգացմանը։ Ես արդեն առիթ ունեցել եմ խոսելու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մի շարք ուղղությունների մասին, թերևս դրանցից յուրաքանչյուրն էլ բխում է տարածքային համաչափ զարգացումից։ Ի՞նչ ունեք, մենք ունենք մայրաքաղաք, որ 30 տարիների ընթացքում (անկախության տարիների մասին է խոսքը), փոքրիշատե որոշակի զարգացում է ապահովել, որի արդյունքում իր հետևից քաշել է նաև մարզային ռեսուրս։ Խոսքը վերաբերում է և՛ ինտելեկտուալ ռեսուրսին, և՛ վերաբերում է նաև հասարակ աշխատուժին, որովհետև որպես տնտեսական լոկոմոտիվ՝ Երևանը բնական կերպով իր վրա վերցրել է Հայաստանի քարշակի դերակատարումը։ Բայց մենք եկել, մի փուլի ենք հասել, երբ այդ քարշակի դերակատարմամբ Երևանը խանգարում է մեր երկրի բնականոն զարգացմանը:

Իհարկե, այստեղ Երևանի մեղավորությունը չկա, մեղավորությունը գուցե մեր բոլորինս է, որովհետև չենք ունեցել կամ դեռևս չունենք հավասարաչափ զարգացման ճիշտ պլանավորում, չունենք թիրախներ և այդ թիրախների ուղղությամբ ճիշտ աշխատանք, ճիշտ աշխատաճով», -ասաց Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ տարբեր երկրների հետ ունեն միջմարզային, միջհամայնքային համագործակցություն, որոնք երբեմն զուտ արարողակարգային բնույթ են կրել։

«Գուցե և դիվանագիտության մեջ արարողակարգը շատ կարևոր դերակատարում ունի, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը իր քիչ նվազ հնարավորությունները պիտի օգտագործի հնարավորինս մեծ արդյունք ապահովելու համար։ Այսինքն, ես ենթադրում եմ, որ այսօրվա մեր հավաքից հետո մենք պիտի մեր առջև խնդիր դնենք, որ յուրաքանչյուր ուղղությամբ պիտի ունենանք թիրախներ։ Այն է՝ տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչները գոնե մինչև տարեվերջ ներկայացնեն և՛ կառավարությանը, և՛ նաև մեր գործընկեր դիվանագետներին մարզերի զարգացման իրենց տեսլականը, որովհետև ես հստակ հայտարարում եմ՝ չի կարող որևէ մարզ ունենալ ղեկավար, ով չունի իր մարզի զարգացման հստակ տեսլականը։ Մեր գործընկերներն էլ իրենց հերթին պիտի փնտրեն այն հնարավոր միջոցները, այն ռեսուրսը, որն առկա է արտերկրում, և դա ներարկեն մեր երկրի տնտեսության մեջ»։

Սուրեն Պապիկյանն ասաց, որ այսօր մարզպետները կներկայացնեն ծրագրեր, որոնք ներդրման կարիք ունեն։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Դիվանագիտական կորպուսը մասնավոր սեկտոր չէ, բայց ունի այն ներուժը օգտագործելու միջպետական հարաբերությունները, հարթակները, որտեղ անմիջական դերակատարները կարող են միմյանց ավելի մոտիկանալ և համագործակցություն ստեղծել։ Այսինքն՝ ձևաչափերը բավական շատ են միջպետական ծրագրերի միջով, մեր գործընկեր պետությունների կողմից մեր զարգացմանը նպաստող ծրագրերը համալրելու, եթե նայեք որքան ծավալ է մեծացել ու այս տարվա ընթացքում՝ շնորհիվ հեղափոխության, շնորհիվ Հայաստանի կառավարության կողմից ծրագրերը հստակեցնելու, շնորհիվ հստակեցնելու, թե կոնկրետ ինչ ենք ուզում թե՛ ընդհանուր զարգացման օրակարգին վերաբերող, և թե՛ պետական ինստիտուտների զարգացմանը»։

Սուրեն Պապիկյանն էլ իր ճեպազրույցում ասաց՝ ակնկալում են, որ այս հանդիպումից հետո ավելի սերտ կապեր են առաջանալու ու ներդրումներն ավելի առարկայական են դառնալու, ներդրումների առումով հույս են կապում արտերկրում կայացած հայ գործարարների հետ։

«Այսօր հնչեցվելու են ուղիղ ծրագրեր, որոնց մեր դիվանագետներն ավելի մեծ ուշադրություն կհատկացնեն և դա կներկայացնեն նաև իրենց գտնվելու վայրում»։

Նախարարն ասաց, որ նմանատիպ հավաքներն ամեն տարի պետք է լինեն։ Հարցին, թե որևէ դիվանագետ որևէ ծրագրով հանդես եկե՞լ է, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Չենք ունեցել մենք նախկինում այս կապը, դիվանագետն իրականում բիզնեսով զբաղվելու խնդիր չուներ, հիմա դիվանագետը պիտի ապահովի այդ կապը, այդ կապն ենք փնտրում ու այն պետք է ամրացնենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031