Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Լեհաստանում պետք է հավաքվեն, ԵԱՏՄ դեմ խոսեն, Հայաստանի դիրքորոշումը ի՞նչ պետք է լինի». Թևան Պողոսյան

Օգոստոս 30,2019 17:04

«Մենք Ամուլսարի հարցում պետք է իրականում կարողանանք քննարկել ոչ թե բացել-փակելու հարցը, այլ հարցն այնպես դնել, թե որոնք են երկու սցենարների արդյունքները և ըստ դրա որոշում կայացնենք»,- Ամուլսարի հետ կապված քննարկումների մասին այսպիսի կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը:

Aravot.am-ի հիշեցմանը՝ օգոստոսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ վերջին տարվա ընթացքում բանակցային գործընթացը բավական դինամիկ է եղել և հարցին՝ դինամիկան ինչպե՞ս է արտահայտվել, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Ավելի շատ գաղափարը գնում է նրան, որ հանդիպումներ են տեղի ունեցել, տարբեր հարցեր քննարկել, օրակարգային այն խնդիրը, որ մինչև Արցախը չվերադառնա բանակցային սեղան, որևէ հիմնախնդիր չենք քննարկելու, իսկ մինչ այդ կարող ենք քննարկել այն հարցերը, որոնք վերաբերում են ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին եղած կառավարելի իրավիճակին կամ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին կամ ապագայում այն գործողություններին, որոնք վստահություն կբարձրացնեն, բայց դրանց արդյունքը չկա: Դրա հետ միասին նոր մոտեցումներ կան, և դրանց հանդեպ աշխատանքը գնում է, որ մինչև Արցախը չվերադառնա բանակցային սեղան, հիմնահարցը չենք քննարկելու»:

ՀՀ-ի և Ադրբեջանի նախարարների հանդիպումն, ըստ Թևան Պողոսյանի, կլինի հերթականը: Նա մանրամասնեց. «Հաշվի առնելով բոլոր այն ելույթներն ու գործընթացները, որոնք եղել են ՀՀ-ում անցյալ ամսվա ընթացքում՝ կլինի հերթական հանդիպումը: Միգուցե կարող են և նոր մոտեցումներ քննարկել, բայց եթե նայենք, ընդհանուր գաղափարը միտված է լինելու բովանդակային, իմաստային առումով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի, Բիշկեքի բոլոր հանդիպումների շարունակությանը: Թե ինչ գործողություններ պետք է անել, որ ձևավորվի ավելի վստահելի միջավայր, ինչը նշանակում է զինադադարի խախտումներ տեղի չունենան, հետաքննական մեխանիզմներն են շատ կարևոր, կարևոր է լինի գիտակցումը, որ եթե խախտումներ տեղի ունենան, կողմերը կենթարկվեն սանկցիաների»:

Մեր հարցին՝ համամի՞տ եք Զոհրաբ Մնացականյանի պնդումներին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը սեպտեմբերի 3-4-ին Լեհաստանի Կրիննիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին մասնակցությունից ՀՀ ինքնիշխանության արտահայտում է, թեև շատերը պնդում են, որ դա եղել է հրահանգ ՌԴ-ից, քանի որ համաժողովին մասնակցության հրավեր չէր ուղարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Որոշում ընդունողը մենք ենք, չէ՞. ուրեմն ընդունում ենք այս որոշումը՝ ինչ-որ շահերից ելնելով, որոնք համարում ենք՝ մեր հաշվարկներն են և կա հայկական շահ: Եթե որոշում ենք ընդունել, ուրեմն այն պետք է հարգենք: Թե ինչն է դրանում ընկած, մենք կարող ենք մի քանի բան սուրճի բաժակի մեջ նայելով ասել, կարող ենք կիսատ տեղեկություններ ունենալ, բայց որոշում կայացնողները երևի ավելի մանրամասն տեղեկություններ ունեն, որոնք միգուցե հրապարակման ենթակա չեն: Ինչպես նախկինում, եղել են դեպքեր, որ ՀՀ ղեկավարությունը հրաժարվել է գնալ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, քանի որ տեքստերն այնպիսին չէին, որոնք մեզ համար նպաստավոր էին, կամ ՆԱՏՕ-ի զորավարժություններին կամ ֆորումներին՝ տարբեր հաշվարկներից ելնելով: Միգուցե այդ հաշվարկը կա այնտեղ, ինչի մասին խոսում են: Միգուցե լավ կլիներ, որ այդ տեսակի այլ մասնակցություն էլ լիներ: Չմոռանանք, որ ՀՀ-ն օրինակ նաև ԵԱՏՄ անդամ է: Եթե Լեհաստանում պետք է հավաքվեն, ԵԱՏՄ դեմ խոսեն, Հայաստանի դիրքորոշումը ի՞նչ պետք է լինի: Չէ՞ որ մենք պարտավորություններ ունենք հարգելու մեր բոլոր անդամակցությունների հարցը: Թե որ մեկն է եղել հիմքում ընկած, դա պետք է այդ որոշում կայացնողներն ասեն: Բաներ կան՝ չեն կարող բացահայտ ասել, բայց որոշումը մերն է, եկեք հարգենք այդ որոշումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031