«Հարգանքս եմ հայտնում Էդգար Առաքելյանին: Ես Էդգարի քայլի մեջ ավելի շատ դիտարկում եմ այն խնդիրը, որ մարդը հստակ կարողանում է հաշվարկել և գիտակցել, որ ինքն այլ դաշտում կարող է ավելի օգտակար լինել»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը hայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը:
Թևան Պողոսյանը նշեց՝ ուրախ կլինի, որ այս մեկ տարվա ընթացքում մեր որոշում կայացնողները կամ մարդիկ, որոնք պարտավորություն են ստանձնել, կարողանան իրենք էլ ինքնագնահատման նման թեստ անել. «Կարևոր է գնալ այդ քայլին ու հասկանալ, եթե դա իրենցը չէ, եթե իրենք զգում են, որ իրենք միգուցե ունեն այդ բացը կամ այլ դաշտում կկարողանան ավելի շատ նպաստել ՀՀ-ի զարգացմանը, այդ տեսակի խիզախ քայլերի գնալ և ավելի մեծ հարգանքի արժանանալ»:
Լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը շնորհավորեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Անկախության օրվա մասին էլ Թևան Պողոսյանն ասաց, թե պետք է բարձր տրամադրությամբ և միասնականությամբ գնալ դեպի այդ տոնը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ