Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան պատմեց՝ ինչպես է Բարսեղ Բեգլարյանի բազայի պետը զենքով սպառնացել, որ տունն իր անունով ձեւակերպի

Օգոստոս 30,2019 15:48

Այսօր շարունակվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին գործով անցնող վկաները: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում տեղի ունեցող դատական նիստին, որը նախագահում էր Դավիթ Հարությունյանը, ներկա էր նաեւ Բարսեղ Բեգլարյանը:

Ցուցմունք տվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին աշխատակից Արմեն Խալաթյանը:

Նա, դատարանին մանրամասներ պատմեց, թե 2016 թ. մարտին ընկերությունում տեղի ունեցած հայտնի ժողովում ինչ է տեղի ունեցել: Վկայի խոսքով, ժողովին ներկա են եղել Բարսեղ Բեգլարյանը, նրա որդին՝ Նարեկ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանը, Սուրեն Մխիթարյանը, Արման Մկրտումյանը եւ այլ անձինք:
Ինքը ժողովի ընթացքին հարակից սրճարանից՝ ապակիների հետեւից է հետեւել, սակայն տեսել է, թե խոսակցության ընթացքում ինչպես է Հրայր Հովսեփյանը տեղից վեր կենում, մոտենում Արմանին ու հարվածում՝ գցում գետնին, հետո՝ քաշելով տանում դռան մոտ։

«Ժողովից հետո իջա, տեսա Արմանի դեմքը կարմրած էր, վախեցած էր, մի պահ նայեց ինձ, հետո գնաց դեպի դուրս, մոտեցավ Հրայր Հովսեփյանի մեքենային, Արմանի հետ գնացին, մոտ 20-30 րոպե հետո Արմանին տեսել եմ արդեն ընկերության տարածքում: Իրար հետ գնացինք ընկերության մոտ գտնվող զրուցարան։ Արմանը պատմեց, որ Հրայր Հովսեփյանն իրեն զենքով սպառնացել է, որ տունն իրենց անունով ձեւակերպի։ Արմանը սփրթնած էր, ասաց, որ ցանգել է իր մորը, ասել, որ նման բան են պահանջում»,-պատմեց վկան: Նա նաեւ մտաբերեց, որ Արմանն իր ներկայությամբ բարձրախոսով զանգահարել է Բարսեղ Բեգլարյանին. «Բեգլարյանը հարցրեց՝ ի՞նչ արեցիր, Արմանը պատասխանեց, որ գնացել է տունը գնահատելու, Բեգլարյանն էլ ասաց, որ արագացնեն»:

Բարսեղ Բեգլարյանի փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչի որոշմամբ կալանք է դրվել Բեգլարյանի ամբողջ գույքի վրա, որը նախատեսածի բազմապատիկն է. «Նա պատրաստ է 10 մլն դրամ վճարել եւ կալանքը հանել: Խնդիրն այն է, որ սեփականության իրավունքը խախտվում է: Վարձակալություն տրամադրելու եւ այլ գործարքներ տրամադրելու խնդիր ունենք»,-դատարանին ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին եւ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի, 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում, նրանք Արման Մայիսի Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել են ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխվել էր, ավելի ուշ՝ վերացվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031