Լրահոս
Օրվա լրահոսը

Էնն Մաեստ. ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ-ի զեկույցում ջրերի վրա ազդեցության վերաբերյալ դրական բան դժվար գտնվի

Օգոստոս 30,2019 14:36

ԱՄՆ Կոլորադո նահանգում բնակվող երկրաքիմիկոս դոկտոր Էնն Մաեստը, ով 2017թ-ից ուսումնասիրում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանմանը վերաբերող փաստաթղթերը և մասնավորապես Լիդիան ընկերության ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ները, 2019թ․ օգոստոսի 27-ին հուշագիր է պատրաստել ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի ընկերությունների պատրաստած զեկույցի՝ երկրաբանության ու ջրերի հատվածների վերաբերյալ, որը անգլերեն լեզվով ուղարկվել է տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ Բնապահպանության նախարարություն։

Հուշագրում մասնավորապես ասված է, որ երկրաբանությանն ու ջրերին վերաբերող հատվածներն ուսումնասիրած ԹիԱրՍի ընկերության փորձագետներն ունեն բարձր որակավորում և նրանց կատարած մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ամուլսարի ՇՄԱԳ-ը պարունակում է լուրջ սխալներ, տվյալների անհամապատասխանություն և անորոշության բարձր մակարդակ։

Այս զեկույցը, ինչպես և Էնն Մաեստի և Ավստրալիայից և Կանադայից ևս 3 գիտնականների նախկինում արած ուսումնասիրությունները, ակնհայտ են դարձնում, որ մտահոգիչ են ոչ միայն Ջերմուկի ջրերի ու Սևանա լճի վրա բացասական ազդեցությունները, այլև տարածքի աղբյուրների և Արփա, Որոտան ու Դարբ գետերի վրա ազդեցությունը, որը այդ տարածքից օգտվող համայնքների համար կենսական նշանակություն ունի։

Դոկտոր Մաեստը պնդում է, որ անիրատեսական է ակնկալել, որ Ամուլսարում ոսկու արդյունահանման ընթացքում որևէ աղտոտված ջուր չի արտազատվի բնական միջավայր։ Նա մեջբերում է Քննչական կոմիտեի ղեկավարի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ հանքի շահագործման դեպքում ընկերությունը խոստացել է, որ աղտոտիչների որևէ արտազատում բնական միջավայր տեղի չի ունենա և հակադարձում, որ կառավարությունը պետք է վերանայի իր ակնկալիքները, քանի որ ջրերի աղտոտում հաստատ տեղի է ունենալու, իսկ անկախ գնահատողների զեկույցն ակնհայտորեն ցույց է տալիս (էջ 110), որ ստորերկրյա ջրեր են աղտոտվելու։ Անհնար է այլ բան ակնկալել, երբ փորձ է արվում Հայաստանի ջրային համակարգի սրտում բաց եղանակով իրականացնել թթվարտադրության ու աղտոտիչների արտազատման բարձր մակարդակ ունեցող ապարների խոշոր մասշտաբի արդյունահանում, այն էլ մի ընկերության կողմից, որը երբևէ հանք չի շահագործել։ Նույնիսկ ԱՄՆ-ում փորձ ունեցող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից 75-93 տոկոսը ջրերի վրա բացասական ազդեցություն են թողել, իսկ մեղմացման միջոցառումները ձախողվել են 64 տոկոսի դեպքում։ Դոկտոր Մաեստը նաև մատնանշում է, որ Լիդիանն ինքն է իրեն հակասում, երբ պնդում է, որ աղտոտված և չմաքրված որևէ ջուր բաց չի թողնի բնական միջավայր։ Նախ, նա ուշադրություն է հրավիրում «ջուր բաց թողնել» և «ջուր արտազատել» բառերի վրա, և պնդում, որ աղտոտիչների արտազատում տեղի կունենա անկախ ջրերի բաց թողումից։ Ինչ վերաբերում է բաց թողնելուն, ըստ Լիդիանի նախագծի, հանքախոռոչներում կուտակված կոնտակտային (աղտոտված, չմաքրված) ջուրը Լիդիանը նախատեսում էր օգտագործել փոշին նստեցնելու համար՝ առանց նախապես այն մաքրելու։ Այդուհանդերձ, շատ ավելի մեծ մտահոգություն են ներկայացնում կուտակման ոչ ենթակա, այդ թվում՝ հնարավոր վթարների արդյունքում արտահոսման ենթակա կոնտակտային ջրերը։ Ջրերի և ապարների փոխադրման ենթակառուցվածքների քարտեզի վրա (տե՛ս ստորև), դոկտոր Մաեստը ցույց է տալիս, որ կիլոմետրեր ձգվող փոխադրիչներ կան, որոնց վթարների դեպքում աղտոտիչների արտազատման գնահատում արված չէ։

Նկար 1 Փոխադրիչ ենթակառուցվածքները՝ ըստ Լիդիանի ԲՍԱԳ-ի (2016)

 

Էնն Մաեստը նաև մեկնաբանում է Ջերմուկի աղբյուրների վրա ազդեցության հատվածը։ Ըստ ԷԼԱՐԴ-ԹիԱիՍի-ի (էջ 115), հանքի տարածքից ջրերի հոսք դեպի Ջերմուկի աղբյուրներ տեղի չի ունենա «հիդրավլիկ ու տեղանքի ֆիզիկական հատկանիշների» պատճառներով։ Սակայն այս եզրակացությունը վերաբերում է ներկայիս պայմաններին, երբ հանքի շահագործում  դեռևս չկա։ ԷԼԱՐԴ-ԹիԱիՍի-ի զեկույցը չի գնահատում, թե հանքի շահագործումն ինչ ազդեցություն կունենա ջրերի փոխադրման ուղիների վրա, քանի որ հանքի շահագործումը կմեծացնի առկա հոսքուղիները և կստեղծի նոր ուղիներ, որոնք չեն գնահատվել ո՛չ Լիդիանի ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ում, ո՛չ էլ անկախ գնահատողների զեկույցում։ Փաստը, որ երկրաբանական խզվածքների ու բեկվածքների փոխկապակցվածությունը ճշգրտորեն նկարագրված չի (ինչպես փաստում է նաև ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ զեկույցը, էջ 14), Ջերմուկի ջրերի վրա ազդեցության առումով առաջացնում է անորոշություն։

Ստորերկրյա ջրերի հոսքերը փաստագրված են դեպի Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ (տե՛ս ստորև բերված քարտեզը)։ Կեչուտի ջրամբարը Սևանա լճի հետ ունի հիդրոլոգիական կապ, իսկ հանքախոռոչները և դատարկ (թափոնային) ապարների լցակույտը գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, որը պաշտպանված է օրենքով (ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի զեկույց, էջ 115)։ Կեչուտի ջրհավաք ավազանում է գտնվում դատարկ ապարների լցակույտը և այնտեղից հոսող վտակը։ Սպանդարյան-Կեչուտ թունելում առկա ջրերը նույնպես ցույց են տալիս, որ տեղանքից ստորերկրյա ջրեր են այնտեղ թափվում։ Հանքի շահագործման ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը կարող են հոսել Սպանդարյան-Կեչուտ թունել և Սևանա լիճ և աղտոտել դրանք, եթե մեղմացման միջոցառումները չունենան ակնկալվող ներգործությունը։ Դրանք նաև կհոսեն դեպի Որոտան գետ և կարող են տեղափոխվել Սպանդարյան ջրամբար։

Դոկտոր Մաեստը մատնանշում է, որ ստորերկրյա ջրերի հոսքուղիների քարտեզը ցույց չի տալիս դատարկ ապարների լցակույտից սկիզբ առնող վերգետնյա վտակը։ Նա այդ քարտեզը լրամշակել է (տե՛ս ստորև) և կարմիր գծով ցույց է տալիս հոսքի հնարավոր ուղին։ Վտակը Արփա գետին միանում է Կեչուտի ջրամբարից վերև՝ հյուսիսային մասում և հոսում դեպի Կեչուտ։ Սևանա լճի վրա հնարավոր ազդեցության գնահատման մեջ հաշվի չի առնվել աղտոտիչների հնարավոր այս հոսքը։

Նկար 2 Ստորերկրյա ջրերի հոսքերի մոդելավորման քարտեզ ըստ Լիդիանի՝ առանց հաշվի առնելու երկրաբանական խզվածքները, փոփոխված՝ վերգետնյա պոտենցիալ ուղիների կարմիր գծանշումով

Էնն Մաեստն կրկին անդրադառնում է ապարների թթվային դրենաժին, ինչի կապակցությամբ ինքը մանրակրկիտ ուսումնասիրություն է արել դեռևս 2017թ․։ Նա մեջբերում է փորձագետների եզրակացությունը, որ Լիդիանի պնդումները, թե տարածքի ապարներն ունեն թթվային դրենաժի նկատմամբ դիմադրողականություն, իրականում «անհեթեթություն» են (էջ 25)։ Ընդհանուր առմամբ, Լիդիանի խորհրդատու ընկերության կողմից (GRE 2017) թթվային դրենաժի գնահատումը իսկապես մոլորեցնող է, ինչպես եզրահանգում են ԹիԱրՍի փորձագետները։

Էնն Մաեստը համարում է, որ արդարացի են ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ-ի պնդումները, որ առկա ՇՄԱԳ/ԲՍԱԳ տվյալները բավարար չեն հանքարդյունահանումը սկսելու համար, անհրաժեշտ է իրականացնել երկրաբանական, հիդրոերկրաբանական (ներառյալ՝ երկրաբանական խզվածքներով աղտոտիչների շարժի, որը ԲՍԱԳ-ն անտեսել է), թափոնների բնութագրման և ջրերի մաքրման պատշաճ ուսումնասիրություններ։ Սրանց հիման վրա նոր կարելի է անել ջրերի որակի կանխատեսումներ և բացասական ազդեցության մեղմման միջոցառումների նախագծում։ Նման ուսումնասիրությունների և հետևաբար մեղմման միջոցառումների իրականացումն Ամուլսարի ծրագրի նախագծի նշանակալի փոփոխություններ է ենթադրում, ուստի պահանջվում է հավելյալ ազդեցության գնահատում միջավայրի վրա (ՇՄԱԳ): Ինչ վերաբերում է Լիդիանին, այն հանձնառություն է վերցնել իրականացնել առաջարկվող մեղմացման միջոցառումների մեծ մասը։ Սակայն ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի-ի հուշագրում առաջարկվող կետերը ընդամենը մոտեցումներ են, որոնց կատարման համար անհրաժեշտ է նախագծել հստակ ինժեներական ծրագրեր։ Իսկ ամենակարևոր միջոցառումներից մեկի՝ ջրերի ակտիվ մաքրման եղանակի կապակցությամբ Լիդիանն առաջարկում է բաց թողնել անհրաժեշտ բնութագրական ուսումնասիրությունները և ծրագիրը սկսելուց հետո, երբ ջրի որակը սկսի վատանալ, նոր իրականացնել այնպիսի մեղմացման միջոցառումներ, որոնք պրակտիկայում ամենաուժեղը չեն։ Նման մոտեցումը կհանգեցնի շատ ավելի ծանր ազդեցությունների միջավայրի և այդտեղ բնակվող համայնքների վրա։

Օգոստոսի 27, 2019թ․, Բոլդեր, Կոլորադոյի նահանգ, ԱՄՆ

Ամփոփումը՝ Հայկական բնապահպանական ճակատի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Իսկ հնարավոր չէ՞ սահմանել նորմատիվներ և հանքի շահագործման ընթացքում հաճախակի կատարող փորձաքննություններով պարզել թունավոր ջրերի արտազատում դեպի Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ կա, թե ոչ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031